Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 հազարից ավելի առաջին կուրսեցի՝ 2009-ին

Օգոստոս 26,2009 00:00

Չնայած որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղերին, բուհերում հիմնականում 1-ին կուրսեցիների պակաս չի լինի:

Մի քանի օրից կսկսվեն դասերը հանրապետության կրթօջախներում՝ դպրոցներում, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Թերեւս ամենաշատը նոր ուսումնական տարուն սպասում են 1-ին դասարանցիներն ու 1-ին կուրսեցիները:

«Առավոտը» երեկ փորձեց ճշտել, թե քանի՞ ուսանող է ընդունվել մեր պետական բուհեր: Քանի որ օգոստոսի 25-ի (!) դրությամբ Հանրապետական ընդունող հանձնաժողովը դեռ չուներ հստակ տվյալներ, թե քանի դիմորդ է այս տարի ընդունվել պետական բուհեր (ընդունող հանձնաժողովի նախագահ Սասուն Մելիքյանն ասաց, որ հանձնաժողովի հաշվիչ կենտրոնը դեռեւս իրենց չի տրամադրել վերջնական թվերը), մենք որոշեցինք ինքներս հետաքրքրվել կոնկրետ բուհերից: Ստացված արդյունքները սիրահոժար տրամադրում ենք Հաշվիչ կենտրոնին, հուսալով, որ սովորական էլեկտրոնային հաշվիչ կամ թուղթ ու մատիտ ունեն եւ կարող են այդ թվերն իրար գումարել ու վերջնական արդյունքը գոնե մինչեւ սեպտեմբերի 1-ը հրապարակել: Չմոռանանք նկատել, որ 2008 թվականին, երբ քննություններն ավարտվել էին շատ ավելի ուշ՝ օգոստոսի 4-ին (այս տարի՝ հուլիսի 26-ին), արդեն օգոստոսի 12-ին ԿԳ նախարարն ու նույն Հաշվիչ կենտրոնի անփոփոխ տնօրեն Ռուբիկ Թոփչյանն ասուլիս էին հրավիրել եւ հայտնել շատ մանրամասն տվյալներ՝ քանիսն է դիմել, քանիսն են ընդունվել, քանիսը՝ անվճար, քանիսը՝ վճարովի, քանիսն՝ առանց տարկետման իրավունքի եւ այլն…(տես՝ «Առավոտ», 13.08.2008թ., «Քննական միջին միավորների ու ադրբեջանցի հակերների մասին»):

Երեւանի պետական համալսարանին հատկացված 2466 (այդ թվում՝ անվճար, վճարովի եւ առանց տարկետման իրավունքի տեղեր) տեղի համար բուհն այս տարի ունեցել էր 4506 դիմորդ: Սակայն ԵՊՀ-ի ուսանող լինելու հպարտությունը զգալ կվիճակվի նրանցից միայն 2948-ին: Բուհին հատկացվել է նախատեսվածից գրեթե 500-ով ավելի տեղ, բնականաբար՝ առանց տարկետման իրավունքի (ԱՏ) տեղերի հաշվին: Այսքանով հանդերձ, հետաքրքիր է, որ 7 մասնագիտությունների գծով ԵՊՀ-ում անգամ թափուր տեղեր են եղել: Օրինակ, մեխանիկա մասնագիտությունից 9 տեղ թափուր է մնացել, միջուկային ֆիզիկա մասնագիտությունից՝ 9 տեղ, քիմիայից՝ 19 տեղ, կենսաֆիզիկայից՝ 9 տեղ, կենսաինֆորմատիկայից՝ 7 տեղ, ջրօդերեւութաբանությունից՝ 9 տեղ, հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակումից՝ 8 տեղ: Տվյալները տրամադրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ըստ բուհի ուսումնական մասի վարչության պետ Արմեն Կարախանյանի՝ 916 նախնական հայտի համար դիմել էր 2348 դիմորդ, արդյունքում բուհ է ընդունվել 1391-ը՝ նախատեսվածից մոտ 400-ով ավելի: Թափուր տեղեր այս բուհում չկան:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն ասաց, որ ՀՊՃՀ-ն ունեցել է 1464 տեղ, 1731 դիմորդ: ԱՏ-ի հաշվին տեղերն ավելացել են եւ ընդունվել է 1525 դիմորդ: Թափուր տեղեր չունեն:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատասխանատու քարտուղար Կոլյա Բաբայանը տեղեկացրեց, որ ունեցել են 325 հայտագրված տեղի համար 530 դիմորդ: Որեւէ թափուր տեղ չունեն, ընդունվել է 325-ը:

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախատեսված 120 հոգուց դեռ 70 հոգի էլ ավելի են ընդունել՝ ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի հետ միասին:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից տեղեկացանք, որ այս տարի 1184 տեղի համար դիմել է 1985 դիմորդ եւ ընդունվել է 1806 դիմորդ: Փաստորեն, նախատեսվածից մոտ 600 դիմորդ ավելի է ընդունվել: Սակայն ՀՊՄՀ-ում կան մասնագիտություններ, որոնք թափուր տեղեր ունեն՝ մաթեմատիկայից թափուր է մնացել 5 տեղ, ինֆորմատիկայից՝ 4, քիմիայից՝ 3, կենսաբանությունից՝ 10, աշխարհագրությունից՝ 2, բնապահպանությունից՝ 13, գերմաներենից՝ 11, ֆրանսերենից՝ 10, բնագիտությունից՝ 4, մանկավարժություն եւ մեթոդիկա եւ ռուսաց լեզու մասնագիտությունից՝ 12 տեղ:

Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում եղել է 756 հայտ, բայց դիմել է 546-ը, ընդունվել է 526-ը: Բուհի ընդունող հանձնաժողովի նախագահ Եղիազար Վարդանյանն ասաց, որ թափուր տեղեր եղել են միայն առանց տարկետման իրավունքի տեղերում:

Տեղի սղության պատճառով մյուս բուհերի տվյալները կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել