Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Օգոստոս 26,2009 00:00

\"\"Տասնյակ դիմորդներ հայտնվեցին այդ իրավիճակում՝ ավարտական ատեստատը բուհերի ընդունող հանձնաժողովներին ժամանակին չներկայացնելու պատճառով:

Երբ արդեն ավարտին էին մոտենում բուհական ընդունելության քննությունները, հայաստանյան համարյա բոլոր ԶԼՄ-ներով, ԿԳ նախարարության edu.am կայքով տարածվել էր հետեւյալ հայտարարությունը. «Հանրապետական ընդունող հանձնաժողովը 2009 թ. դիմորդներին հիշեցնում է, որ դպրոցի ավարտական վկայականը՝ ատեստատը, բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետն ավարտվում է հուլիսի 23-ին: Քննություններից անգամ դրական միավորներ հավաքած դիմորդները դուրս կմնան ընդունելության մրցույթից, եթե մինչեւ հուլիսի 23-ը ատեստատը չներկայացնեն համապատասխան բուհերի ընդունող հանձնաժողովներ»: Չնայած նախազգուշացումներին, ցավոք, գտնվեցին մարդիկ, որոնք փաստի առաջ կանգնեցին օգոստոսի 1-ին, երբ արդեն փակցված էին ցուցակները: Մի քանի տասնյակ դիմորդներ, չնայած ստացել էին դրական միավորներ, որոնք անցողիկ էին, նույնիսկ կբավականացնեին անվճար համակարգով բուհ ընդունվելու համար, մրցույթից դուրս էին մնացել: Նրանց անունները չէին հայտնվել ցուցակներում, քանի որ նրանք համապատասխան ժամկետներում չէին ներկայացրել ավարտական ատեստատները:

Ատեստատ չներկայացնելու «զոհ» դարձած դիմորդների շարքում է Մարտունի քաղաքի բնակիչ Սեւադա Սաֆարյանը, որը Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի շրջանավարտ է: «Առավոտի» հետ զրույցում Ս. Սաֆարյանն ասաց. «Երբ օգոստոսի 1-ին եկա Երեւան, որպեսզի ցուցակները տեսնեմ, զարմացա՝ չգտնելով իմ անունը, քանի որ հավաքել էի 43 միավոր, ինչը կբավականացներ Տնտեսագիտական համալսարանի «մաթեմատիկական մեթոդներ» բաժին անվճար ընդունվելու համար: Հենց այդ ժամանակ էլ իմացա, որ մրցույթից դուրս եմ մնացել միայն այն պատճառով, որ չեմ ներկայացրել ատեստատս: Այնուհետեւ ԿԳ նախարարի եւ վարչապետի անունով նամակ գրեցի, որպեսզի հարցին լուծում տան: Վարչապետին, ինձնից բացի, 4 հոգի էլ էր նամակ գրել նույն հարցով: Նախարարից մերժում ստացա, այն հիմքով, որ ատեստատը ներկայացնելու ժամկետն անցել է եւ, հետեւաբար, ոչինչ անել չեն կարող: Իսկ վարչապետն արդեն մերժել է մյուս 4 դիմորդներին, ուստի համոզված եմ, որ իմ նամակին էլ է մերժումով պատասխանել»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք պիտի բողոքի՞, թե՝ մյուս տարի եւս փորձի բուհ ընդունվել: Սեւադան պատասխանեց. «Կարող եմ ընդունվել հեռակա համակարգով, գնալ բանակ, հետո գալ շարունակել: Բայց մեկ այլ տարբերակ էլ կա. Եվրոպական համալսարանից հրավիրում են վճարովի համակարգում սովորելու»: «Առավոտի» այն հարցին, թե, իր կարծիքով, այս պատմության մեջ ի վերջո ո՞վ է մեղավոր. ինքը՝ դիմո՞րդը, դպրո՞ցը, նախարարությո՞ւնը, թե՞ մեկ այլ օղակ, Սեւադան պատասխանեց. «Ես քննությունները հանձնել ու գնացել եմ Մարտունի: Իսկ այնտեղ ոչ թերթ են կարդում, ոչ ռադիո լսում, ոչ էլ հեռուստատեսությանն են այնքան ուշադրությամբ հետեւում: Իսկ ճեմարանից էլ ոչ ոք ոչինչ չէր ասել ատեստատ ներկայացնելու ժամկետների մասին, չնայած շուրջ մեկ ամիս առաջ մենք ատեստատները ստացել էինք: Նույնիսկ խոսակցություններ կային, որ մեր տնօրենը փոխտնօրենին նկատողություն է արել, թե երեխաներին ինչո՞ւ չես զգուշացրել ատեստատների հանձնման մասին»:

Ինչպես արդեն նշեցինք, Սեւադան նման «փորձանքի» հանդիպած միակ դիմորդը չէ: «Առավոտը» Հանրապետական ընդունող հանձնաժողովից փորձեց պարզել, թե այդպիսի իրավիճակում քանի՞ դիմորդ է հայտնվել: Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, հայտարարություններին եւ ատեստատ հանձնելու ժամկետի երկարացմանը, 90 դիմորդ ժամանակին չէր ներկայացրել ատեստատները: Բայց նրանց շարքում կային այնպիսիները, որոնք դիմել են միանգամից մի քանի բուհ, ուստի, օրինակ, եթե Սլավոնական կամ Ֆրանսիական համալսարանում էին քննություն հանձնում, հնարավոր է այդ պատճառով էլ ատեստատը ներկայացրել են միայն մեկ բուհի ընդունող հանձնաժողովին: Բայց Հանրապետական ընդունող հանձնաժողովը 10 անձից դիմում է ստացել այն բովանդակությամբ, որ տվյալ անձինք հավաքել են դրական միավորներ, բայց տեղեկացված չլինելու պատճառով ժամանակին չեն ներկայացրել ատեստատները: Ավելին, հանձնաժողովին դիմել էր նաեւ մեկ դիմորդ, որը բավականին բարձր միավորներով հանձնել էր միասնական քննությունները, բայց կրկին ինֆորմացիայի պակասի պատճառով հայտ չէր ներկայացրել բուհին: Ուստի այդ անձնավորությունն էլ է դուրս մնացել մրցույթից, բայց նա կարող է մյուս տարի հայտ ներկայացնել որեւէ բուհի, քանի որ իր միասնական քննությունների միավորները ուժի մեջ կլինեն նաեւ մյուս տարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել