Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ

Օգոստոս 26,2009 00:00

Ի՞նչ է նշանակում՝ «մենք փայլուն ազգ ենք»

Սկիզբը՝ նախորդ համարում

Մամուլում իմ էդ հոդվածին («Չորրորդ իշխանություն», 18.04 եւ 21.04.2006) ոչ մի պատասխան չեղավ, չնայած հոդվածի ասելիքը արտակարգ սկանդալային էր թե՛ հայագիտության, թե՛ մեր կրթական-գիտական համակարգի մի գգալի մասի համար։ Սկանդալային էր հոդվածի հենց վերնագիրն («Հայագիտության ամենաողբերգական եւ ամենախայտառակ էջը») ու մանավանդ դրանից հետո գրած իմ հայտարարությունը, թե «մեծանուն լեզվաբան Մանուկ Աբեղյանը 1936 թվին ապացուցել է, որ հայերենի էսօրվա քերականությունը սխալ է ու հակագիտական։ Էս սխալ ու հակագիտական քերականությունը հայերը սովորում են ամենաքիչը 70 տարի»։

Ըստ էության, իմ էս հոդվածն էնքան էլ ինքնուրույն չէր, է՛ն իմաստով, որ ես ընդամենն ասում էի. «Աբեղյանի ասածներին ի՞նչ եք ասում։ Դուք Աբեղյանին գովում ու երկինք եք հասցնում, բա Աբեղյանի քերականությունն ինչո՞ւ եք դեն շպրտել։ Պատասխա՛ն տվեք»։ Իմ էս հոդվածում ես չէի կարեւորը, ի՛մ ասածները չէին կարեւորը, այլ Աբեղյանինը։

Աբեղյանն ուրիշ շատ ու շատ բան էլ է ասել։ Ահա մի քանի օրինակ.

1. Աբեղյանն ասում է, թե հայերեն նախադասության գլխավոր անդամը բայն է, իսկ մնացած բոլոր բառերը (չհաշված կապերն ու ձայնարկությունները) միայն ու միայն բային (կամ իրար) են լրացնում։ Ղարիբյանականներն ասում են, թե նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են։

2. Աբեղյանն ասում է, թե հայերենում անդեմ նախադասություն չկա, ղարիբյանականներն ասամ են, թե կա։

3. Աբեղյանն ասում է, թե բայն ու ստորոգյալը նույն բանը չեն, ղարիբյանականներն ասում են, թե նույնն են։

4. Աբեղյանն ասում է՝ եթե բայ չկա, ուրեմն նախադասություն էլ չկա, սրանք ասում են, որ կա ու հլը եզրակացնում են, թե իբր հնարավոր է, որ հայերենի բոլոր բառերն ու բառակապակցություններն էլ լինեն նախադասության (տես, օրինակ, Հրանտ Պետրոսյան, «Հայերենագիտական բառարան», Երեւան, «Հայաստան», 1987, կամ ՀՍՍՀ ԳԱ, Պետրոսյան Հ. Զ, Գալստյան Ս. Ա., Ղարագյոզյան Թ. Ա., «Լեզվաբանական բառարան», Երեւան, «ՀՍՍՀ ԳԱ», 1975թ. սրանցից տես՝ բայ, նախադասություն, ստորոգում, անորոշ դերբայ եւ այլ հոդվածները)։

Աբեղյանն իր էս ասածները ու հլը հազար ու մի ուրիշ բան էլ հետը, հիմնավորում է գիտական մեթոդով ու տրամաբանությամբ։ Ղարիբյանականները (իրար ցիտելով) միայն մերկապարանոց հայտարարություններ են անում ու անտրամաբանական, անհեթեթ բաներ են ասում:

Գիտեի, որ հոդվածիս չեն պատասխանի, ու սրա համար էլ դիմեցի Երեւանի պետհամալսարանի ռեկտորին, որ հոդվածս համալսարանի գիտական խորհրդում քննարկի։ Չէի դիմել բանասիրական ֆակուլտետին, որովհետեւ դառը փորձս ասում էր, որ ինձ չեն լսի, կարհամարհեն։ Պետհամալսարանի մեծարգո պրն ռեկտորն էլ հոդվածիս պատճենն ուղարկել էր բանասիրական ֆակուլտետ, որ ֆակուլտետը քննարկի ու պատասխան տա իրեն։ Ես միամիտ էի, որովհետեւ կարծում էի, թե հոդվածս կդրվի գիտխորհրդի քննությանը, քանզի հոդվածիս շոշափած հարցերն արտառոց էին, ու հոդվածիցս հետեւում էր, որ համալսարանի բանասերները 65 տարի գիտության տեղը տգիտություն են սովորեցնում։

Ինձ թվում էր, թե համալսարանի գիտխորհուրդն ամեն ինչ կթողնի ու իսկույն կհավաքվի, որ էս չտեսնված-չլսված խայտառակությունը քննարկի։ Բայց համալսարանի պարոն ռեկտորն էլ էր միամիտ, որովհետեւ հոդվածս գիտխորհրդում քննարկելու փոխարեն՝ ուղարկել էր բանասերներին։ Բայց ախր եթե գայլերից բողոքելու դիմումն ուղարկես գայլերին, պարզ չի՞, որ գայլերը կասեն, որ էդ բոլորը «չարամիտ զրպարտություն է, տգիտություն ու զառանցանք է»։

Չորս պատասխան ստացվեց։ Լեզվաբանության չորս դոկտոր-պրոֆեսոր, իրենց օլիմպիական բարձունքներից մի քանի խզբզոցով պատասխանել էին Երեւանի պետական համալսարանի ռեկտորին, հետն էլ կշտամբելով ու խրատելով իրենց ղեկավարին։ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի էս չորս դոկտոր-պրոֆեսորի «պատասխանները» փայլուն ապացույցներ են, որ «Չորրորդ իշխանության» համարներում տպածս հոդվածի իմ գլխավոր ասելիքը ճշմարտությունն է։ Ես ասել էի, որ էսօրվա մեր լեզվաբաններն իրենց ասածների ճիշտ ու սխալը գիտական չափանիշներով, գիտական մեթոդով ու գիտական փաստարկներով չեն որոշում, այլ միայն ու միայն մերկապարանոց հայտարարություններով ու քվեարկելով. էդ չորս դոկտոր-պրոֆեսորի ասածները, մեղմ ասած, մերկապարանոց հայտարարություն էին:

Դոկտոր-պրոֆեսոր Լեւոն Եզեկյանը ռեկտորին գրել էր ընդամենը երկու նախադասություն (մեկը՝ փակագծերի մեջ), վատ ձեռագրով ու փնթի։

Բայց էս փակագծերի միջի նախադասության մեջ երկու ավելորդ հարցական նշան կար։ Պարոն Եզեկյանն էլ բազմիցս եղել է հայոց լեզվի ընդունելության քննական հանձնաժողովի նախագահ ու անդամ, ու էս կարգի սխալների համար մեր խեղճ ու կրակ երեխաների բալերն իջեցրել է։ Հիմա, լեզվաբանության դոկտոր, պրոֆեսոր պրն Եզեկյանի էս երկու նախադասությունանոց «գրավորի» գնահատականից քանի՞ բալ հանենք։ Քանի՞ բալ հանենք լեզվաբանության դոկտոր, պրոֆեսոր Լիա Հովսեփյանի «գրավորի» գնահատականից, որովհետեւ նրա «գրավորի» երկրորդ նախադասության կրկնվող ժխտականը շեշտ ու ստորակետ է պահանջում, բայց մեծարգո տիկինը դրանք չէր դրել։

Ոճական «գոհարների» մասին չեմ ասում, որովհետեւ սրանց ոճը միայն մի բանի համար է պետք. որ նայես դրանց ու իմանաս, թե ինչպես չպիտի գրես։

Նապոլեոն Բոնապարտի արտաքին գործերի մինիստր Թալեյրանը մի առիթով ասել է, թե՝ տվեք ինձ մի գրավոր նախադասություն, ու ես գրողին էդ նախադասության համար գիլյոտինի ուղարկեմ։ Պրն Եզեկյանն ու նաեւ մնացած երեք դոկտոր-պրոֆեսորը մեկից ավելի նախադասություն գրելու անգգուշությունն էին ունեցել։ Բա որ մի թելադրություն կամ, Աստված չանի, շարադրությո՞ւն գրեին։

Էս չորս դոկտոր-պրոֆեսորից երկուսն ասում են, թե իմ գրածները «զառանցանք» են։ Բայց ես իմ գրածները համարյա լրիվ քաղել էի Մ. Աբեղյանի գրքերից ու ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի գրած առաջաբանից։ (Ուրեմն, Աբեղյանն ու էդ ամբիոնն են զառանցողները (ըստ էս պրոֆեսորների)։

Սրանք բոլորն էլ ասում են, թե իմ գրածները «տգիտություն են»։ Ուրեմն, նույն դատողությամբ, ըստ էս պրոֆեսորների, Աբեղյանն ու ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնն են տգետները։ Բայց թող ընթերցողն ինքը որոշի, թե, ճիշտն ասած՝ ո՛վ է զառանցում, ո՛վ է տգետը ու ո՛վ է չարամիտ զրպարտողը։

Ես գրել էի, թե մեր լեզվաբանները ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական չափանիշ չունեն։ Պրոֆեսոր Ղազարյանը ի՛նձ է մեղադրում, թե «Չի կարելի այդպիսի կտրուկ հայտարարություններ անել՝ առանց հասկանալու ճիշտն ու սխալը»։ Բայց ախր ես ասել էի, որ եթե մեր լեզվաբանները գիտեն ճիշտ ու սխալը որոշելու չափանիշը, թող ասեն։ Բա պրոֆեսոր Ղազարյանը ինչո՞ւ չի ասում, թե ճիշտ ու սխալը ո՞նց են հասկանում։ Թող ասի։ Չի ասում, որովհետեւ չգիտի։ Չի ասում, որովհետեւ էսօրվա մեր լեզվաբանությունը ճիշտ ու սխալը ջոկելու չափանիշ իրոք չունի։ Եթե ԵՊՀ-ի էս չորս պրոֆեսորից գոնե մեկը մեր էսօրվա լեզվաբանության ասածների ճիշտ ու սխալը որոշելու գիտական չափանիշն ասեր, ես ոչ է՛դ հոդվածը կգրեի, ոչ էլ սա՛, ձենս սուսուփուս կկտրեի ու տեղս կնստեի, եթե էդ չափանիշն իրոք ճշմարիտ ու գիտական լիներ։

Մեր մտավորականները, մեր ժողովրդի մեծ մասի պես, շատ են բողոքում, թե մեր կառավարությունր չի թողնում, որ մարդավարի ապրենք։ Ես էլ եմ կարծում, որ բողոքը մեծ մասամբ իրավացի է։ 30-ական թվերին կոմունիստները, ճշմարիտ լեզվաբանության հետ, արգելեցին կիբեռնետիկան, գենետիկան ու հարաբերականության ընդհանուր տեսությունը (էս վերջինը՝ շատ կարճատեւ), բայց հետո ուղղեցին էս վիճակը։ Էսօր մարդիկ հրաժարվել են նույնիսկ մարքսիզմ-լենինիզմից, որովհետեւ անառարկելի ապացուցվել է, որ սրանք սխալ են, վնասակար ու հակագիտական: Բայց ասեք, խնդրեմ, թե մեր մտավորականությանը, մեր գիտնականներին, մեր ակադեմիային ու գիտության ու կրթության նախարարությանը, մեր Լեզվի տեսչությանն ու Լեզվաբանության ու գրականության ինստիտուտներին, մեր համալսարաններին ու լեզվաբաններին ո՞վ է արգելում ու խանգարում, որ 30-ական թվերի իրենց նախորդների սխալներն ու մեղքերը չկրկնեն ու մեր լեզվաբանության էս մղձավանջային վիճակը շտկեն։

Իսկ պատճառը հետեւյալն է: Մեր լեզվաբանության ու գրականության էսօրվա միակ ու մեծագույն թշնամիները հենց մեր էսօրվա «լեզվաբաններն» են: Ու նաեւ՝ մեր մտավորականների մեծագույն մասի անտարբերությունը, ստրկամտությունն ու քաղաքացիական վախկոտությունը։ Մեր էսօրվա սուտ լեզվաբանությունը մեր «լեզվաբանների» հացի միակ աղբյուրն է, իսկ սրանց մեջ հեղինակություն ունեն միայն է՛ն դոկտոր-պրոֆեսորներն ու դոցենտները, ովքեր ինչ-ինչ առնչություն ունեն ավարտական, ընդունելության, կիսամյակային ու ուրիշ քննություններին։ Ու էսօրվա լեզվաբանությունը ինչքան խրթին լինի, քննությունների պղտոր ջրերում ձուկ բռնելն էնքան հեշտ կլինի։ Ու սրա համար էլ չեն ուզում, որ պղտոր ջրերի էս կայուն, հաստատված ու լավ յուղած մեխանիզմը փոխվի:

Մի բան էլ կա։ Եթե մեր էսօրվա լեզվաբաններն ընդունեն, որ Աբեղյանը ճիշտ է, սրանից կհետեւի, որ իրենց համարյա բոլորի «գիտական» ողջ գործունեությունը սխալ է, այսինքն, կհետեւի, որ սրանք իրենց գիտական կյանքի մեծ մասն իզուր են ապրել։ Ես հասկանում եմ, որ սա ծանր բան է, որ սա է՛լ է ողբերգություն։ Բայց (մեծագույն մասամբ) հենց սա է՛լ չի թողնում, որ մեր լեզվաբանները հրաժարվեն իրենց սուտ ու սխալ ու հաճախ էլ՝ զառանցական տեսություններից։

Մեր էսօրվա լեզվաբանությունը մեկուսի է: Մի 70–100 տարի առաջ էսպես չէր։ Հայ լեզվաբանության հիմնադիր կենտրոնները Եվրոպայում էին, Սբ. Ղազար կղզում, Գերմանիայում ու Ֆրանսիայում, եւն։ Հայ լեզվաբանության ասպարեզում հիմնարար գործեր են արել Մխիթարյան հայրերը, գերմանացի Պոլ դը Լագարդը, բայց առաջին հերթին՝ գերմանացի Հայնրիխ Հյուբշմանն ու ֆրանսիացի Անտուան Մեյեն ու ուրիշ շատ-շատերը (մեծ մասը՝ ոչ հայ), ովքեր հնդեվրոպագիտության հույժ հեղինակավոր ներկայացուցիչներն էին։ Ու հայ լեզվաբանությունն էլ հնդեվրոպագիտության ամենակարեւոր ճյուղերից մեկն էր։

Եվրոպացի հայագետները ցիտում էին հայ գիտնականներին ու ուշադիր հետեւում էին, օրինակ, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Հր. Աճառյանի ու Մ. Աբեղյանի հրապարակած գործերին։ Սրանք էլ, ինչքան հնարավոր էր, հետեւում էին հնդեվրոպագիտության ու լեզվաբանության նորություններին (եվրոպական մեկ-երկու լեզու ջրի պես իմանալով), որ հետ չմնան համաշխարհային գիտությունից։

Առհասարակ, որեւէ ժողովրդի գիտությունը համաշխարհային գիտության մի մասն է, ու երբեւէ չի զարգանա, եթե դադարի դրա մասը լինելուց։ Հիմա՝ մեր հայկական ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաբանությունը, քիմիան ու մաթեմատիկան (եւն) էսօր է՛լ են համաշխարհային գիտության մի մասը, ու մեր էս ասպարեզի գիտնականներն իրենց գործերի մեծագույն մասը հրապարակում են միջազգային շատ լուրջ գիտական ամսագրերում։ Ու եթե սխալ բան հրապարակեն, աշխարհով մեկ խայտառակ կլինեն։ Ուրեմն, մեր ողջ բնագիտությունն ու մաթեմատիկան հսկող ունի՛, ու էդ հսկիչը համաշխարհային գիտությունն է։

Իսկ մեր էսօրվա լեզվաբանությունը (ու երեւի հասարակագիտության մեծ մասը) զուրկ է էս կարգի հսկողությունից։ (Արտասահմանի հայագիտական կենտրոնների մեծ մասի ղեկավարներն իրենց կրթությունն էսօր, ի վերջո, Հայաստանում են ստանում ու, ուզած-չուզած, դառնում են ղարիբյանական)։

Էսօր արդեն Հյուբշման ու Մեյե չկա դրսում, ով շահագրգիռ լինի հայերենով: Սրա համար էլ մեր «լեզվաբանները», մնալով առանց որեւէ գիտական հսկողության, դարձել են մեկուսի ու մեր լեզվաբանությունն էլ դարձրել են Ավգյան ախոռների պես մի բան։

Ի վերջո, մեր էս «համաշխարհային փայլուն ազգը» պիտի մի կարգին քերականություն ու լեզվաբանություն ունենա՞, թե՞ չէ։ Հետո՞ ինչ, որ էս ողբերգական վիճակը շատ է խորացել, ու որ սա շտկելու համար պիտի ընդունենք, որ «էնքան էլ մի փայլուն ազգ չենք»։ Թող հաղթի ճշմարտությունն ու արդարությունը, սա՛ է կարեւորը։ Ու կարեւոր չի, որ արդեն 65 տարի է, ինչ լեզվաբանական էս վիթխարի ու մղձավանջային մոլորությունը դարձել է համազգային, ու որ սա շտկել-ուղղելը հիմա չափազանց դժվար կլինի։ Չշտկե՞նք։ Ու եթե հայ ազգը պիտի 21-րդ դարում գիտական լեզվաբանություն ու նաեւ խելքր գլխին գրականություն չունենա, Մաշտոցն էլ ինչո՞ւ էր 5-րդ դարում չարչարվում ու հայերենի այբուբեն ստեղծում։ Որ դեմագոգիան գրավոր էլ անե՞նք։ Եթե մենք մեր «տան» ներքին գործերը շտկելու ու կարգավորելու շնորհքն ու կարողությունը չունենք, դրսի թշնամիներից բողոքելու բարոյական ի՞նչ իրավունք ունենք։ Եթե իմ էս ասածները ճիշտ են, ու բոլորս էլ լռում ենք ու համբերում մեր էս վիճակը, էլ ո՞նց ենք «փայլուն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել