Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեւ, երկիր

Օգոստոս 26,2009 00:00

Ապարանցի երգահանն ու բանահավաքը վառ է պահում հայերենն ու հայկականը

Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում է բնակվում երգասաց, երգահան, բանահավաք Ժորա Գրիգորյանը։ Արդեն 40 տարի իր լուսավոր նախնիներից լսած բառ ու բանը, երգի ելեւէջները մշակում, հղկում ու մատուցում է տարբեր բեմերից։ Հաղթող է ճանաչվել ազգագրական երգի բազմաթիվ փառատոներում։ Ունի բազմաթիվ պատվոգրեր, մրցանակներ։

«Մշակույթի հետ առնչվող յուրաքանչյուր մարդ սնվում է այն հողից, որից ծնունդ է առել, այն մարդկանցից, որոնք արարել են այդ հողը, եւ հենց այդ հողի ու մարդու մասին պետք է երգեր հյուսի։ Նրանց մեջ կորուսյալ երկրի կարոտն է։ Այն փոխանցվել է սերնդեսերունդ եւ ամբողջ կյանքիս նպատակն է եղել այն պահել, պահպանել եւ անաղարտ փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասում է Ժորա Գրիգորյանը։

Պատանեկության տարիներին ուսանել է մայրաքաղաքի երաժշտական հաստատություններից մեկում: Հետո՝ բանակ: Սակայն զորացրվելուց հետո մեկընդմիշտ կապվել է ծննդավայրի հետ։ Հիմնել ու ղեկավարել է ազգագրական «Կանթեղ» համույթը։ Հայրենի գյուղի արվեստի դպրոցում ազգագրական երգի ու պարի համույթն է ղեկավարել։ Շուրջ 300 երգ ու խաղիկ է փրկել ու պահպանել Ժորա Գրիգորյանը։ Տարբեր բեմերից հնչել ու մեծ ժողովրդականություն է վայելում նրա հանրահայտ «Բոբիկ ջուր մի էրա», «Յարս խորոտիկ է», «Իմալ էնիմ», «Ապարան» եւ շատ ու շատ այլ հայտնի երգեր։

Մայիս ամիսն էր, տասնութ թվական,

Հայոց ազգի համար ժամ օրհասական,

Էսադ փաշեն տվեց այսպես

հրաման,

Կոտորել Ապարան, անցնել Երեւան։

Ինչպես հեղինակն է ներկայացնում, այս երգի գաղափարն իր մեջ առաջացել է դեռեւս 1975 թվականին։ Երգն առաջին անգամ հնչել է 1998 թվականին՝ Ապարանի հերոսամարտի 80-ամյակի հոբելյանական միջոցառումների ժամանակ։ Երգը սեղմ պատմություն է, որը յուրովի ներկայացնում է Ապարանի հերոսամարտը՝ ներդաշնակ բառուբանով, խրոխտ երաժշտությամբ։

Երգասացը այժմ էլ սիրով համագործակցում է «Ակունք», «Մարաթուկ» ազգագրական համույթների, անհատ կատարողների հետ։ Իսկ «Բարեւ, երկի՜ր» երգը, որ լայնորեն եւ անմիջապես ընդունվեց իր բնական պարզությամբ, կատարման ձեւով, սկսվում է Ժորայի «բարեւով»։

Մայրաքաղաքից հեռու, ապրելով իր ծննդավայրի հոգս ու ցավերով, արարելով հայրենի հողի վրա, հայ հասարակ ու ազնվագույն շինականը երգի իր աշխարհն ունի։ Երգ, որն արդեն միայն իրենը չէ, երգ, առանց որի՝ շատ բան կպակասեր, մանավանդ այս օրերին, երբ էժանագին, օտարածին բառն ու երաժշտությունն առանց արգելքի թափանցում են շուկա, երբեմն էլ ցավալիորեն պարուրում են ազգայինը, աղավաղում ու ցավ պատճառում այն մարդկանց, ովքեր տարիների քրտնաջան աշխատանքով պահպանել ու հղկել են հենց հայերենն ու հայկականը, ինչը հողի զարկերակի հետ լցվում է արյան մեջ եւ ասում՝ «Բարեւ, երկի՜ր»: Ինչպես Ժորան է ասում իր պապերի ձայնով, որի արձագանքը դեռ հնչում է Մշո դաշտում ու պիտի հնչի Արագած գյուղում։ Հիմա եւ միշտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել