Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օգոստոս 26,2009 00:00

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, օգոստոսի 25-ին, ժամը 00.04-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 07 LS 969 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 12 SS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ»-ի վարորդը՝ 25-ամյա Արթուր Հովհաննիսյանը տեղում մահացել է: Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչներ՝ 38-ամյա Դավիթ եւ 22-ամյա Վալյա Ստեփանյանները:

Իսկ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի բնակիչներ՝ 17-ամյա Շահեն Մանուկյանը, 20-ամյա Արտյոմ Արոյանը եւ 3-ամյա Արսեն Ամիրշատյանը, Շիրակի մարզի Բագրավան համայնքի բնակիչ՝ 23-ամյա Ջիվան Գասպարյանը, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ՝ 36-ամյա Կարինե Գրիգորյանը եւ 14-ամյա Գեւորգ Ստեփանյանը: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ երեկ հրադադարի խախտման հետեւանքով, ժ.12.40-ին Վայքում կրտսեր սերժանտ Ռոման Արզումանյանը ոտքից վիրավորվել է: Ժամկետային զինծառայողը ներկայումս գտնվում է հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Նիկոլ Ավետիսյանին՝ Վրաստանի ցամաքային պետական սահմանն ապօրինաբար հատելու համար: «Արմինֆոն» վկայակոչելով «Բլաք սի պրես» գործակալությանը, տեղեկացնում է, որ Ն. Ավետիսյանը հանձնվել է հայկական կողմին հայ-վրացական սահմանում՝ ձերբակալության վայրում: Հովակիմյանը հայտարարել էր, թե պատահաբար է հատել պետական սահմանը:

Հ/Կ-ՆԵՐԻՆ ՄԻ ՔԻՉ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

2008թ. Հայաստանի բնակչության շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություններով, որոնք անցկացվել էին IFES եւ ՀՌԿԿ կազմակերպությունների աջակցությամբ, 1500 հարցվողների շրջանում՝ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, տրվել էր հետեւյալ հարցը. հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող ի՞նչ հասարակական կազմակերպություն գիտեք:

6.7%-ը նշել էր IFES կազմակերպությունը, 8.2%-ը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, 25.3%-ը՝ Երեւանի մամուլի ակումբը, 29,5%-ը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, 1,8%-ը՝ «Ասպարեզ», 0,9%-ը՝ «Աքիլլես», 6%-ը՝ Սպառողների իրավունքների պաշտպանություն հ/կ-ն:

Հարցվածների 32.5%-ը պատասխանել է, որ եթե դառնա կոռուպցիայի զոհ, կդիմի հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Ուշադրության արժանի է այն, որ հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունների շարքում նշվել են լրագրողական իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող Գյումրիի «Ասպարեզ», ԵՄԱ, ԻԱ կազմակերպությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել