Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղատեսության եկան, ճանապարհը «չտեսան»

Օգոստոս 26,2009 00:00

Տեղաբնակների տարածքի հաշվին

Երեւանի Անտառային փողոցի թիվ 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանը: Վերջինիս ու նրա հարեւանների իրավունքները խախտվել են մեկ գրչի հարվածով. քաղաքապետի 2003թ. մարտի 4-ի 400 Ա որոշմամբ՝ ոչ տեղաբնակ Արայիկ Ստեփանյանին է տրամադրվում 1500 քմ մակերեսով հողամաս: Որոշման համար հիմք է հանդիսացել Երեւանի Կենտրոն թաղային համայնքի կողմից 2003թ. հունվարի 14-ի տրված թիվ 23/35-110/440 կեղծ տեղեկանքը:

Նշված 1500 քմ տարածքի մեջ ներառվում են Ռազմիկ Հարությունյանի կողմից օգտագործվող 250 քմ հողամասը՝ 30 տարվա ծառերով, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման ճանապարհը: Այգին տիրապետել, մշակել է Ռ. Հարությունյանը, իսկ այդ փաստը հաստատված է քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի 10.10.2006թ. գրությամբ, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007թ. մայիսի 31-ի որոշմամբ, հարեւանների եւ Կենտրոն համայնքի թաղապետարանի թիվ 18 լիազոր-ներկայացուցչի հայտարարագրով: Նույնիսկ Արայիկ Ստեփանյանն է քննիչ Գ. Մելիքյանին խոստովանել, որ այդ այգում տնկված ծառերից ինքը տեղյակ չէ եւ գիտի, որ այգին մշակել, ցանկապատել է Ռ. Հարությունյանը: Իսկ Ա. Ստեփանյանը Արտակ Սիսակյանին եւ մյուս հարեւաններին զրկել է ընդհանուր օգտագործման ճանապարհից: Որ ճանապարհը եղել է եւ կա, հաստատվում է նաեւ Արայիկ Ստեփանյանի հողատարածքի սահմանները որոշող 2003թ. տրված գլխավոր հատակագծով:

Մարտի 25-ի թիվ 400-Ա որոշման համար հիմք է հանդիսացել Կենտրոն թաղապետարանի տեղեկանքը, որում ասվում է, թե Ա. Ստեփանյանը Անտառային փողոցի 126 տան կից 1500 քմ հողատարածքը օգտագործում է բարեխղճորեն եւ անընդմեջ՝ 10 եւ ավելի տարիներ: Սակայն այդ տարածքն անմարդաբնակ, ամայի է: Ա. Ստեփանյանն այդ տարածքում երբեւէ չի բնակվել, այդտեղ տուն էլ չկա, բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ չի օգտագործել եւ, ամենակարեւորը՝ ոչ մի հարեւան նրան չի ճանաչում:

Ռ. Հարությունյանը դիմել է Կենտրոնի ոստիկանություն: Ավագ հետաքննիչ Գ. Մելիքյանը 2008թ. մայիսի 6-ի որոշմամբ մերժում է քրեական գործ հարուցել, պատճառաբանելով, որ թաղապետարանի արխիվում որեւէ հիմք չի հայտնաբերել տեղեկանքի կեղծ լինելու մասով:

«Առավոտին» Ռ. Հարությունյանը զարմացած հարցնում է. «Թաղապետարանի արխիվում պետք է գրեի՞ն, որ կեղծ տեղեկանք են տվել, որպեսզի քննիչն էլ հայտնաբերեր: Աբսուրդ է՝ կեղծ տեղեկանքը հիմքեր չի ունենում, հիմքեր լինում են օրինականի համար, իսկ եթե հիմքեր չկան, ինքնին նշանակում է, որ կեղծ է»: Այդ որոշման դեմ Ռ. Հարությունյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին: Վերջինս գործն ուղարկել է Երեւան քաղաքի դատախազին, նա էլ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազություն: Դատախազ Ա. Գալստյանը տվել է նույն պատասխանը, ինչ հետաքննիչ Գ. Մելիքյանը՝ կեղծ լինելու մասով հիմքեր չկան թաղապետարանի արխիվում: Ռ. Հարությունյանը խնդրի առնչությամբ դիմել է դատարան: 2008թ. դատարանը բավարարել է Ռ. Հարությունյանի հայցը: Սկսվում է նախաքննություն, քննիչ Ավագյանը հարցաքննում է բոլոր հարեւաններին, բայց քննության արդյունքները ամփոփում է քննիչ Կ. Ա. Ներսիսյանը: Կատարվել է միակողմանի քննություն:

Ռազմիկ Հարությունյանը դիմում է ՀՀ նախագահին. «Ակնհայտ է, որ գործի վարույթը կարճելու պատճառ պետք է փնտրել ոչ թե տեղեկանքի կեղծ լինելու, ինչ-որ երեւակայական հիմքերի բացակայության մեջ, այլ պաշտոնատար անձանց շահագրգռվածության կամ այլ պատճառների մեջ, որտեղ դատախազ Ա. Գալստյանն իր պատասխաններով հաստատում է դա»:

Ի դեպ, Արտակ Սիսակյանի եւ այլոց՝ ընդհանուր ճանապարհից օգտվելու իրավունքը վերականգնելու նպատակով դիմել են վարչական դատարան: Հայցը մերժվել է: Դիմել են վճռաբեկ դատարան: Այնտեղից 4 դատավոր եկել է տեղատեսության: Դրանից մոտ մեկ ամիս անց ստացել են վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը: Որոշման մեջ ոչ մի բառ տեղատեսության մասին չկա, իսկ հայցի առարկա ճանապարհի մասին՝ առավել եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել