Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Օգոստոս 26,2009 00:00

\"\"Խախտվե՞լ է խորհրդակցական սենյակի գաղտնիության սկզբունքը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Իջեւանի նստավայր) օգոստոսի 12-ին, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, ավարտվեց եւ կրկին վերսկսվեց Իջեւանի համալսարանի ռեկտորի տեղակալ Արտակ Ճաղարյանի եւ Սամվել Չափուխչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Մինչ այդ ունկնդրվել են պաշտպանական եւ մեղադրական ճառերը, ամբաստանյալները հանդես են եկել վերջին խոսքով: Մեղադրող Վրեժ Առաքելյանը միջնորդել էր Արտակ Ճաղարյանին 14 տարվա ազատազրկում, իսկ Սամվել Չափուխչյանին՝ ցմահ ազատազրկում: Սակայն քիչ անց դատավորը դուրս է եկել խորհրդակցական սենյակից ու կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով Արտակ Ճաղարյանը եւ Սամվել Չափուխչյանը մեղադրվում էին ՀՀ քրօրի 104 հոդ. 2-րդ մասի 5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրանք 2008թ. նոյեմբերի 24-ին, ժամը 08-30-ի սահմաններում, տարադրամ փոխանակելու նպատակով, հեռախոսազանգով տնից դուրս են հրավիրել տարադրամի առքուվաճառքով զբաղվող Իջեւանի Ազատամարտիկների փողոցի 6/26 բնակարանի բնակիչ Վալերի Աղինյանին: Ըստ մեղադրական եզրակացության. «Իջեւանի շուկայամերձ տարածքից Աղինյանին նստեցնելով Ա. Ճաղարյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 13 ՏԼ 665 պետհամարանիշի ավտոմեքենան, զրույցի ժամանակ պարտք խնդրելու պատրվակով վիճաբանել են նրա հետ, որի ընթացքում Իջեւանի «Մարմար» կոչվող ռեստորանին հարակից՝ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում սուր կտրող-ծակող գործիքով, շահադիտական դրդումներով, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ. Աղինյանի մարմնի տարբեր մասերին, ապօրինաբար կյանքից զրկել նրան եւ հափշտակել վերջինիս մոտ եղած 17 724 000 դրամին համարժեք տարադրամային միջոցները, որից 1 420 000 ՀՀ դրամը եւ 78.300 ՌԴ ռուբլին հայտնաբերվել եւ առգրավվել է»։

Օգոստոսի 21-ի դատական քննության ընթացքում Արտակ Ճաղարյանին մեղադրողը հարցրել է, թե իր բաճկոնի վրա Աղինյանի արյան կաթիլներն ինչպես կարող էին լինել: Ճաղարյանը պատասխանել է, որ Աղինյանը թեքվել է դեպի ինքը:

Մեղադրողը հանդես է եկել նոր միջնորդությամբ՝ ցմահ ազատազրկման դատապարտել երկու ամբաստանյալներին. «Նկատի ունենալով, որ ավազակությունը ինքնին չի կարող համարվել սպանության միջոց, ուստի Ա. Ճաղարյանի եւ Ա. Չափուխչյանի արարքը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ»:

Օգոստոսի 28-ին պաշտպանական կողմը հանդես կգա նոր պաշտպանական ճառերով:

Հավանաբար, անդրադարձ կլինի նաեւ դատարանի կայացրած որոշմանը՝ դատաքննությունը վերսկսելուն: Դատարանն առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360 հոդվածով, ըստ որի՝ «նախատեսված հարցերը լուծելիս, մասնավորապես՝ ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված արարքը կատարելու փաստի ստուգման եւ այդ կապակցությամբ ապացույցների համադրման արդյունքում դատարանն անհրաժեշտ համարեց դատաքննությունը վերսկսել ու այդ հարցի լուծման համար լրացնել դատաքննությունը», սակայն իրավական հարթության վրա դնելով հարցը, ակնհայտ է, որ գործ ունենք խորհրդակցական սենյակի գաղտնիության սկզբունքը խախտվելու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել