Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձկներին չեն հաշվում

Օգոստոս 26,2009 00:00

ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի առկա ձկնապաշարների մասին տեղեկատվություն չունի:

Չնայած Սեւանա լճի ձկնապաշարների վերացման վտանգի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին ոլորտի պատասխանատուների հաճախակի հայտարարություններին, այդ ուղղությամբ ոչ միայն շոշափելի քայլեր չեն իրականացվում, այլեւ բնապահպանության նախարարությունն անգամ ստույգ տեղեկատվություն չունի Սեւանա լճի այս տարվա ձկնապաշարների մասին: Խնդիրն այն է, որ 80 տարուց ի վեր այդ ուսումնասիրությունները պետպատվերով իրականացնող կազմակերպությունը՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը այս տարի չի մասնակցել ՀՀ գնումների գործակալության կողմից անցկացվող մրցույթին, քանի որ դա ֆինանսական առումով պարզապես ձեռնտու չէ ինստիտուտին:

2005-ից ի վեր, երբ ՀՀ կառավարության կողմից ուսումնասիրությունների համար հաստատվեց նոր՝ մրցութային կարգ, ինստիտուտը կանգնեց լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ մի կողմից հատկացված միջոցները նվազեցին՝ 4 միլիոն դրամից հասցվելով 3,5 միլիոնի, մյուս կողմից՝ հանձնարարությունը մեծացավ՝ պահանջների մեջ ներառվեց նաեւ իշխանի պաշարների ուսումնասիրությունը: Վերջին 2 տարիներին ինստիտուտի կողմից ուսումնասիրություններն արվում էին «Սեւան ազգային պարկի» դիմումով՝ համաձայն նրա հետ կնքած պայմանագրի: Արդյունքում՝ ուսումնասիրության համար հատկացված 4 միլիոն դրամի 20%-ը, համաձայն կարգի, 1 տարով սառեցվում էր բանկում, իսկ գումարի մի մասն էլ բաժին էր հասնում «Սեւան ազգային պարկին»: Միչդեռ, ըստ ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի. «ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն այսօր հանդիսանում է միակ մասնագիտացված կազմակերպությունը՝ համալրված Սեւանա լճի ձկնապաշարների համակողմանի ուսումնասիրությունների իրականացման եւ սպառիչ տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով: Բացի այդ, մենք միակն ենք, որ ունենք երկարաժամկետ ուսումնասիրությունների արդյունքում հավաքագրված տեղեկատվական բանկ եւ կարող ենք համեմատականներ անցկացնել երկար տարիների կտրվածքով: Ուստի, նման մրցույթի անցկացումն ուղղակի անիմաստ էր, քանի որ, մեզանից բացի՝ ուրիշ մեկը չէր մասնակցելու»: Բ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենք բազմիցս դիմել են բնապահպանության նախարարություն՝ ներկայացնելով 3-5 տարվա ուսումնասիրությունների համալիր ծրագիր եւ առաջարկելով վերադառնալ պետպատվերի սկզբունքին: Սակայն նախարարությունում նրանց առաջարկը մերժվել է:

Արդյունքում՝ այս տարի ինստիտուտի կողմից ոչ մի ուսումնասիրություն չի իրականացվել, եւ բնապահպանության նախարարությունը լճի ներկա ձկնապաշարների մասին ստույգ տեղեկատվություն չունի:

Խնդրի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության պետ Աշոտ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Սեւանա լճի ձկնապաշարների ուսումնասիրության համար հայտարարված մրցույթն արդեն 2 անգամ չի կայացել: Ուստի՝ 2-րդ անգամ նախարարությունն իրավունք կունենա ընտրել գնման այլ ընթացակարգ: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը կամ զլանում է, կամ ի վիճակի չէ ապահովել «ՀՀ գնումների մասին» օրենքի պահանջները եւ որպես իրավական անձ ներկայացնել համապատասխան թղթաբանությունը: Միեւնույն ժամանակ, բնապահպանության նախարարության պաշտոնյան դժգոհեց առկա ընթացակարգից, քանի որ այն, ըստ էության, հնարավորություն չի տալիս արդյունավետ կերպով կազմակերպել ձկնապաշարների ուսումնասիրության գործընթացը. «Մի կողմից պետությունը գումար է հատկացնում՝ ցանկանալով ստանալ հավաստի տվյալներ, մյուս կողմից՝ այդ գումարը չի բավարարում արդյունավետ, հավաստի տվյալների հավաքագրման համար: Եվ արդյունքում ստացվում է, որ ինստիտուտի կողմից արված ուսումնասիրությունները որակապես չեն բավարարում մեր պահանջներին»:

Մինչդեռ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենը կարծում է, որ այս ամենի նպատակն այն է, որ բնապահպանության նախարարությունն այսուհետեւ ինքն իրականացնի ուսումնասիրությունները եւ ներկայացնի իր համար ձեռնտու տվյալներ. «Բնապահպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ այդ ուսումնասիրություններն այսուհետեւ իրականացնենք ոչ թե մենք, այլ «Սեւան ազգային պարկի» գիտական բաժինը, ինչը ճիշտ չէ ոչ միայն այն պատճառով, որ բացակայում է համապատասխան հագեցվածությունը թե սարքավորումներով, թե մասնագիտական կադրերով, այլեւ դա կհանգեցնի նրան, որ նախարարությունն ինչ ասի, այն էլ կգրվի եզրակացության մեջ: Իսկ նման կարեւորագույն խնդիրը պիտի ուսումնասիրվի անկախ, անշահախնդիր կազմակերպության կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել