Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀՈԳՈ՞Ւ ԵՆ ԹԱՂԵԼ

Օգոստոս 26,2009 00:00

Կենտրոնական գերեզմանատան 22-րդ ծառուղու 6-րդ հատվածում թաղվել է Վարյա Շահիրյանը, սակայն տարիներ անց այնտեղ տեղադրվել է Նարին Առաքելյանի անունով փոքրիկ շիրմաքարը:

Սովետաշենի գերեզմանոցի հողասահքի պատճառով Վ. Շահիրյանի որդին իր հարազատի դիակը ստիպված է եղել 2000 թվականին վերահուղարկավորել Կենտրոնական՝ (Թոխմախի) գերեզմանատանը:

Օրերս նա իր հարազատի՝ Վ. Շահիրյանի գերեզման հերթական այցի ժամանակ հանկարծ տեսել է, որ այդ նույն գերեզմանի վրա տեղադրվել է այլ հանգուցյալի շիրմաքար: Նրա խոսքերով. «Աչքերիս չհավատացի՝ գերեզմանի վրա տեղադրված շիրմաքարը տեսնելով: Այդ փոքրիկ սալաքարի վրա փորագրված էր հետեւյալ մակագրությունը՝ «Առաքելյան Նարին Մելքոնի, 1910-1992»: Ինչպես ասում են՝ արյունը տվեց գլխիս, ողջ մարմնով սկսեցի դողացնել: Հանգուցյալին ծանակող ավելի պիղծ, անբարո քայլ չէի հանդիպել ութսունամյա կյանքիս ընթացքում: Եվ կատարվածի համար մեղավոր եմ համարում գերեզմանատան ղեկավարությանը՝ պատշաճ կարգ ու կանոն, նաեւ անհրաժեշտ հսկողություն չհաստատելու, դրանով իսկ հոռի բարքերի դրսեւորումներին նպաստելու համար: Միջոցների սղության պատճառով, ցավոք, մինչեւ այժմ ինձ չէր հաջողվել իմ հարազատի գերեզմանին շիրմաքար տեղադրել, բայց 4 կողմից բետոնապատել էի տարածքը, խնամք տարել այն տեսքի բերելու համար եւ այցերով հարգանք ու հիշատակի տուրք եմ մատուցել իմ հարազատին: Չգիտեմ էլ՝ Նարին Առաքելյանին այստեղ հուղարկավորե՞լ են, թե՞ ոչ, չէ՞ որ 2000 թվականից այդ տարածքն ինձ է հատկացվել: Բայց սա վատ արարք է ու շատ է վիրավորում ինձ: Ինչպե՞ս կարող է 2000 թվականին հատկացված գերեզմանատեղիում 1992-ին հուղարկավորում կատարվել: Հիմա դժվարանում եմ գտնել ինձ համար անծանոթ, հետեւաբար եւ առեղծվածային Նարին Առաքելյանի հարազատներին, ինչպես ասում են՝ նրանց մի քանի կծու խոսք ասելու համար»:

Որդու ներկայացմամբ, Երեւանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման պետական փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի մայիսի 3-ի որոշմամբ է Կենտրոնական գերեզմանատան 22-րդ ծառուղու 6-րդ հատվածում նրան հատկացվել 2,5 մX 3 մ տարածք՝ իր հարազատին վերահուղարկավորելու համար: Նրան իր անվամբ տրվել է փաստը հաստատող թիվ 63747 պաշտոնական վկայականը: Հենց այդ է պատճառը, որ հանգուցյալի որդին համոզված է, թե Նարին Առաքելյանի հարազատներն այդտեղ հուղարկավորում կատարելու իրավունք չէին կարող ունենալ:

Որդին նաեւ հավատացած է, որ այս մասին բարձրաձայնելուց հետո Երեւանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման պետական ՓԲԸ-ի ղեկավարությունը լրջորեն կհետաքրքրվի այս գործով, կպարզի հուղարկավորում իրո՞ք իրականացվել է, թե՞ դա հանցավոր նախափորձ է «հետագա ստոր նպատակների» իրագործման համար. «Չէ՞ որ գերեզմանատունը սրբավայր է, որտեղ իրենց անդրշիրիմյան կյանքն են շարունակում մեր հարազատներն ու մերձավորները եւ այնտեղ թույլ տրված յուրաքանչյուր ոտնձգություն պետք է տագնապի ու դատապարտման հուժկու ալիք բարձրացնի»:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թաղման բյուրոյի տնօրեն Արտաշես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, թե շատ հնարավոր է, որ հանգուցյալի որդին իր հարազատի գերեզմանի տեղը շփոթած լինի: Երբ մենք ասացինք, որ քաղաքացին կոնկրետ տեղ է նշել՝ ցույց տալով գերեզմանի վկայականը, նա խոստացավ զբաղվել այդ հարցով եւ առաջիկայում տալ պարզաբանումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել