Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐԿ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՎԵՐԱԴԱՐՁՆՈՂՆԵՐԸ՝ ՔԻՉ

Օգոստոս 26,2009 00:00

\"\"«Հայաստանում այս տարեվերջին բանկային ոլորտում կորուստներ չեն արձանագրվի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բանկերի միության» նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Նրա խոսքով, մեր բանկային համակարգում չվերադարձված վարկերի քանակը տատանվում է 5-6%-ի սահմաններում, մինչդեռ անցյալ տարի այն չի անցել 1%-ի սահմանը. «Մեր բանկային համակարգն այնպիսին է, որ չվերադարձելիությունը շատ փոքր էր, այս տարի արդեն 5-6%-ը բավականին մեծ թիվ է»: Է. Սողոմոնյանի կարծիքով, մեր բանկերը կայուն դիրքերում են՝ շնորհիվ ռիսկերի ճիշտ գնահատման: Մեջբերելով Ռուսաստանի բանկային ոլորտում առաջացած խնդիրները, նա նշեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, երկրորդ փուլ էլ լինի՝ Հայաստանի բանկային համակարգը չի խարխլվի»: Իսկ այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են կառավարությունը եւ ԿԲ-ն արտերկրից ներգրավված միջոցները ուղղում բանկային սեկտոր, Է. Սողոմոնյանը պատասխանեց, որ դրանք հակաճգնաժամային միջոցառումներ են, որոնք վկայում են վերջիններիս վարած ճիշտ քաղաքականության մասին. «Նրանք լրացուցիչ ռեսուրսներ տրամադրեցին, որ բանկերը ավելի լիկվիդային լինեն եւ ազատ կերպով կարողանան տնտեսությունը վարկավորել»: Խոսելով նորաստեղծ հիփոթեքային ընկերության գործունեության մասին, Է. Սողոմոնյանն ասաց, որ «շատ շուտով հիփոթեքային շուկան կկարգավորվի, այդ գործում նաեւ բանկային համակարգն է շահագրգռված: Վարկերի տրամադրման գործում եւս կառավարությունը զգուշավոր է: Վարկ պահանջողները շատ են, բայց չվերադարձնողներն էլ թվով չեն զիջում»:

Է. Սողոմոնյանը հավաստիացեց, որ իրենց գերխնդիրն է բանկային համակարգում ապահովել մաքուր դաշտ՝ հատկապես բանկային ծառայությունների ոլորտում: Այդ առումով, իրենց միությունը հանդես է եկել օրենսդրական բարեփոխումների ծրագրով՝ ԱԱՀ-ի կարգավորման, բանկային ծառայությունների մատուցման, շարժական գույքի գրավադրման եւ այլ ոլորտներում: «Բանկերի միության» նախագահը լավատեսորեն կարծիք հայտնեց, որ «չնայած այս տարվա տնտեսական անկմանը, հաջորդ տարի տնտեսական աճ է ակնկալվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել