Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՑԱՎԱԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ»

Օգոստոս 26,2009 00:00

\"\"Կարծում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը

Այս տարեսկզբին, երբ կառավարությունը հանձն առավ իրականացնելու հակաճգնաժամային ծրագիրը, մասնավորապես՝ աջակցելու ՓՄՁ-ներին, գրեթե բոլոր պետական պաշտոնյաները ողջունեցին վարչապետի նախաձեռնությունը, իսկ փոքր ու միջին գործարարները հույսով լցվեցին, որ հայրենի պետությունը թույլ չի տա իրենց բիզնեսը կործանվի:

Տարվա մեծ մասն անցել է, ու կառավարության հակաճգնաժամային ծրագրից այսօր դժգոհում են թե պետական պաշտոնյաները եւ թե շարքային գործարարները: Մի շարք տնտեսագետներ ու պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ կառավարությունն ընդհանրապես նման ծրագիր չունի՝ կամ էլ այդ ծրագիրը սխալ հունով է ընթանում:

Օրերս կառավարության հակաճգնաժամային ծրագիրը 2 նիշով էր գնահատել նաեւ ՀՅԴ խմբակցության անդամ եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

«Առավոտի» հետ զրույցում իր կողմից տրված անբավարար գնահատականը պատգամավորն այսպես մեկնաբանեց. «կառավարության ներկայիս գործողությունները չեն համապատասխանում տարեսկզբին խոստացած հակաճգնաժամային քայլերին»: Ըստ Ա. Մինասյանի, վարչապետը մատնանշել էր ճգնաժամի հետեւանքներն ու դրա դեմ գործողությունները՝ սպառողական ծախսերը խրախուսելու ուղղությամբ, սակայն այս ընթացքում որեւէ նման բան չի արվել. օրինակ, այն փաստարկը, որ իբր աշխատավարձեր է բարձրացվել, այդ բարձրացումը նախատեսված էր մինչեւ ճգնաժամը: «Այն, որ նվազագույն աշխատավարձը դարձել է 30 հազար դրամ, դա որեւէ առնչություն չունի սպառողական ծախսերը խրախուսելու քաղաքականության հետ: Այդ ծախսերը խրախուսելը՝ վճարունակ պահանջարկ ձեւավորելու հետ է պայմանավորված: Այսինքն՝ պետք է կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը այս տարվա կտրվածքով բարձրացվեր: Սա չի արվել, ինչն էլ խոչընդոտում է ճգնաժամը հաղթահարելուն ուղղած մնացած բոլոր գործողությունների իրականացմանը»,- նշեց Ա. Մինասյանը: Նրա հավաստմամբ, ճգնաժամային փուլում կառավարությունը պետք է էժան վարկային միջոցներ ներդնի, ինչը չի կատարվում. «Վարկային քաղաքականությունը, որն ուղղված է աջակցելու ՓՄՁ-ներին, ուղղված է ոչ թե կոնկրետ ոլորտներին, այլ՝ կոնկրետ ընտրված սուբյեկտին: ՓՄՁ-ին աջակցելու ընտրության չափանիշները ոչ միայն հեղհեղուկ են ու ոչ օբյեկտիվ, այլեւ չեն կարողանում նպաստել արդարության հաստատմանը տնտեսական քաղաքականության գործում»:

Մեր այն հարցին, թե իր կարծիքով ո՞րն է այդ անարդարությունը շտկելու ճանապարհը, Ա. Մինասյանն ասաց. «Նախ պետք է հայտարարվի, թե ինչ չափորոշիչներով են ընտրում ձեռնարկությունը: Վարկավորումը պետք է ուղղվի, ասենք, գյուղատնտեսությանը, իսկ ներկայումս խրախուսվում է մենաշնորհների ամրապնդումը»: Ըստ Ա. Մինասյանի. «Այսօր առեւտրային բանկերը մեծ հաճույքով վարկավորում են մենաշնորհային ձեռնարկությունները, որովհետեւ նրանց գումարների եւ տոկոսների մարումն ավելի հեշտ է, քան սովորական ՓՄՁ-ներինը: Տոկոսադրույքների իջեցման առումով, պետք է հարկաբյուջետային եւ դրամավարկայինը քաղաքականությունը իրար հետ համակարգված զուգորդվեն: Եթե պետական պարտատոմսերի տոկոսադրույքը, օրինակ՝ 10%-ից ցածր չէ, չի կարող առեւտրային բանկը դրանից ցածր վարկավորում անել, որովհետեւ պետական պարտատոմսերում նա կարող է տեղաբաշխել այդ միջոցները եւ առանց ռիսկի ստանալ եկամուտ: Իսկ տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը կառավարությունը պետք է իրականացնի պետական պարտատոմսերի համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս բանկերին ակտիվ տեղաբաշխման ելքեր փնտրել նաեւ մասնավոր սեկտորում. վարկեր տալ ավելի ցածր տոկոսադրույքով: Որպեսզի առեւտրային բանկերը կարողանան մասնավոր ձեռնարկություններին վարկեր տալ, պետք է նորմատիվների՝ ռիսկերի հաշվարկը վերանայել, որպեսզի բանկը հատուկ մասնակցություն ունենա ձեռնարկությունում»:

Ըստ Ա. Մինասյանի, մեր կառավարությունը «մի շատ կարեւոր քայլ էլ պետք է կատարի տնտեսության առողջացման համար՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է փոխարինվի հակամենաշնորհային համակարգով, որը պետք է զբաղվի ոչ թե հետեւանքով, այլ կանխի մենաշնորհի ձեւավորումը»: Մեր այն դիտարկմանը, թե դրա համար նախ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա, պարոն Մինասյանն ասաց. «Ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Մեր այն հիշեցմանը, թե վարչապետը վստահեցրել է, որ հակաճգնաժամային ծրագրի էֆեկտը տարեվերջին կերեւա, դեռ պետք է սպասել, ԱԺ պատգամավորն ասաց. «Տարվա վերջի 2 ամիսներին անկումը մի քիչ կնվազի, բայց ես չեմ կարծում, որ անկման նվազումը մեծ է լինելու, հակառակը՝ տնտեսության անկումը ցավալի է լինելու: Ես ուզում եմ, որ սխալված լինեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել