Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմել են ոչ միայն ՀՀ նախագահին

Օգոստոս 26,2009 00:00

Երեկ մի խումբ երիտասարդներ ու երիտասարդ արվեստագետներ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիմել են նաեւ միջազգային կառույցներին:

«Էքսպերտների» միավորումն իր վրդովմունքն է արտահայտում Մարիամ Սուխուդյանին սուտ մատնության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու փաստի առթիվ: «Մենք մեր աջակցությունն եք հայտնում Մարիամին ու պահանջում ենք բոլոր բարոյական մարդկանցից իրենց վերաբերմունքն արտահայտել մանկապղծության այս դեպքի կապակցությամբ»,- երեկ հայտարարել է միավորումը:

Մի խումբ երիտասարդ արվեստագետներ նամակ են հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՄԱԿ-ի իրավունքների պաշտպանին, Եվրախորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչներին՝ կոչ անելով պաշտպանել ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին։ Նամակում մասնավորապես ասված է. «Մենք՝ ՀՀ մի խումբ արվեստագետներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում երկրում տիրող բարձիթողի ու անօրեն վիճակի մասին, որտեղ քրեական գործեր են հարուցվում անմեղ մարդկանց նկատմամբ: Հերթական զոհը ՀՀ քաղաքացի, «S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն է, որի նկատմամբ հարուցված մեղադրանքը համարում ենք անհիմն: Մենք մտահոգված ենք մեր երկրի քաղաքացիների ճակատագրով եւ հայտարարում ենք, որ այսօր վտանգված է յուրաքանչյուրիս անվտանգությունը: Անօգնական երեխաներին սատարելու եւ նրանց բողոքի ձայնը բարձրացնելու համար Մարիամ Սուխուդյանն այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վաղը նույն աթոռին կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, ով կհամարձակվի բարձրաձայնել ճշմարտությունը: Մենք՝ ներքո ստորագրողներս, պահանջում ենք վերոհիշյալ գործի աչալուրջ հետաքննություն: Իրենց պատիժը պետք է ստանան իրական մեղավորները»:

Երեկ նաեւ մի խումբ երիտասարդներ են նամակով դիմել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով դադարեցնել հետապնդումը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ: Ըստ նրանց, իրավապահների նման կեցվածքը լուրջ սպառնալիք է ոչ միայն արդարադատությանը, այլեւ առհասարակ ՀՀ-ում խոսքի ազատությանը, քաղաքացիական եւ իրավապաշտպանական շարժումներին. «Հայտարարում ենք նաեւ բոլոր նրանց, ովքեր Մարիամ Սուխուդյանի հետապնդումով նպատակ ունեն կասեցնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական եւ իրավապաշտպանական գործունեությունը, որ այս ամենը հանգեցնելու է մի նոր, առավել հզոր շարժման՝ հանուն բոլոր մարիամների եւ հանուն արդար Հայաստանի»:

Ի դեպ, երեկ այս գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունն է հաղորդագրություն տարածել, որում մասնավորապես ասված է, թե հարուցված քր. գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, լրիվությունն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանձնարարել է գործի վարույթն իրականացնող քննիչին քննության առարկա դարձնել դիտարկվող քր. գործին վերաբերող մամուլի հրապարակումները: «ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն է համարվում ինչպես անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարումը, այնպես էլ նման արարքի մեջ անձին հանիրավի մեղադրելը, սուտ մատնություն կատարելը: Դատախազությունը հետամուտ է քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկմանը»:

Հիշեցնենք, որ սուտ մատնության համար մեղադրվող Մարիամ Սուխուդյանը «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել