Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԽԱԽՏՎԱԾ

Օգոստոս 26,2009 00:00

\"\"

Այնպես՝ ինչպես խախտված էր մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ իրավունքի խախտման փաստի ճանաչումը: Խախտումը վերացնելու հիմքեր կստեղծի՞ ՍԴ-ն:

Արդեն հաղորդվել է, որ «Մելտեքս» ընկերության կազմում գործող «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը օգոստոսի 19-ին դիմել են Հայաստանի Սահմանադրական դատարան՝ խնդրելով Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 20428-րդ հոդվածի 1-ին ենթակետի դրույթը:

Համառոտ ներկայացնենք այս բավական ծավալուն դիմումը: Այստեղ հիշեցված է, որ «Ա1+»-ն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր Հայաստանի դատարաններ ու մասնավորապես՝ 2004-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերով պալատ. «Ներպետական դատարանները չեն արձանագրել վարչական մարմնի կողմից Ընկերության իրավունքների խախտում»: 2008-ի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ «Ա1+»-ի դեպքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ արտահայտվելու ազատություն. «Դիմումատու ընկերության տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատության միջամտությունները, մասնավորապես՝ հեռարձակման արտոնագիր տրամադրելու 7 մերժումները, չեն բավարարել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջը»: Դրանից հետո «Ա1+»-ը 2008թ. դեկտեմբերին դիմեց ՀՀ վճռաբեկ դատարան՝ իրենց 2004-ին կայացրած որոշումները նոր հանգամանքով վերանայելու, «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով ու նաեւ, որ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու նպատակով պարտավորեցվի ՀՌԱՀ-ին հայտարարել մրցույթներ կապուղիների համար: Սակայն Վճռաբեկ դատարանը 2009-ի փետրվարին մերժեց «Ա1+»-ի բողոքները եւ օրինական ուժի մեջ թողեց ՀՌԱՀ վարչական ակտերում իրավունքի խախտում չբացահայտած դատական ակտերը: Վճռաբեկ դատարանն իր որոշումը պատճառաբանեց այսպես, որ թեեւ ՄԻԵԴ-ը կարող է պահանջել գործի նոր քննության անցկացում, բայց «նման միջոցների կիրառումը պարտադիր է դառնում միայն այն դեպքերում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունն անմիջականորեն նախատեսվում է Եվրոպական դատարանի վճռով: Սույն գործի վերաբերյալ կայացված Եվրոպական դատարանի վճռով, բացի փոխհատուցման գումարի վճարման պարտավորությունից, արձանագրվել է միայն ՀՌԱՀ-ի չպատճառաբանված որոշումների անթույլատրելիությունը»: Վճռաբեկ դատարանը գտել է, որ բացակայում է պատճառահետեւանքային կապը Եվրոպական դատարանի որոշման եւ «Ա1+»-ի ներկայացրած պահանջների միջեւ:

Վճռաբեկ դատարանը նաեւ կիրառել է «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 20428-րդ հոդվածի մի դրույթը, որի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավաuու է «նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը՝ առանց բավարարման»: Ըստ «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ու Արայիկ Ղազարյանի՝ այդ դրույթը հակասում է Սահմանադրության 18 (յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու միջազգային մարմիններին) եւ 19-րդ հոդվածներին (յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, «անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»): Դիմումի հեղինակները նշում են. «Սահմանադրության 18 հոդվածի նպատակն իրավունքների խախտումների մասին անձի պնդումների դատական քննության եւ այդպիսի խախտումների հետեւանքները վերացնելու իրավունքի երաշխավորումն է: Այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ»: Եվ հարցադրում են անում՝ «Արդյոք ուժի մեջ թողնված դատական ակտի գույությամբ պետությունն ապահովո՞ւմ է անձի իրավունքի խախտման փաստի ճանաչումը եւ խախտված իրավունքների վերականգնումը»:

Դարձյալ հիշեցնելով, որ «Ա1+»-ը ներկայացրել էր իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջ՝ ՍԴ-ին ուղղված այդ դիմումում ասվում է, որ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը «իմաստազրկվում է, քանզի Ընկերության իրավունքը շարունակում է խախտված մնալ, այնպես՝ ինչպես խախտված էր մինչեւ իր այդ իրավունքով ՄԻԵԴ դիմելը եւ դրա կողմից իր իրավունքի խախտման փաստի ճանաչումը»:

«Ա1+»-ի ներկայացուցիչները նաեւ նշում են, թե ՄԻԵԴ ու ՍԴ դիմելու իրավունքները «կլինեն տեսական կամ երեւակայական (թվացյալ, իլյուզիոն), եթե այդ դատարանների կայացրած դատական ակտերից հետո չդադարեցվեն իրավունքի խախտման զոհի իրավունքների խախտումը (ընդհանուր միջոցներն ուղղված են ապագային, ուստի շոշափելի չեն) ու չվերացվեն այդ խախտման հետեւանքներն այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչեւ խախտումը գոյություն ունեցած վիճակը»: Իրավունքի խախտման փաստը չճանաչելը եւ ոչ իրավաչափ ակտերն ուժի մեջ թողնելը չեն կարող բավարարել Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածների պահանջներին: «Դատարան դիմելու իրավունքն՝ առանց դատական որոշումներն ի կատար ածելու պետության հետամուտ լինելու պարտավորության, դառնում է անիրատեսական»,- նշել են Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը:

Նրանք նաեւ մեջբերել են ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000-ի հունվարին ընդունված «ՄԻԵԴ որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման ու վարույթի նորոգման մասին» հանձնարարականը, որով ԵԽ անդամ պետություններին կոչ է արվում. «Վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը՝ նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես, երբ տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետեւանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ եւ չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ու դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային»: Ակնհայտ է, որ այս դրույթները լիովին կիրառելի են «Ա1+»-ի գործով: Նրա ներկայացուցիչները նաեւ հիշեցրել են ԵԽ Նախարարների կոմիտեի՝ ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու նպատակով ընդունած Կանոնակարգը, ըստ որի՝ վճռի կատարումը վերահսկելիս «Նախարարների կոմիտեն պետք է քննության առնի, թե արդյոք կիրառվե՞լ են անհատական բնույթի միջոցառումներ խախտումը դադարեցնելու նպատակով, ինչպես նաեւ, որ տուժողը դրվի հնարավորինս նույն իրավիճակում, ինչ գտնվել էր մինչեւ Կոնվենցիայի խախտման պահը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել