Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը կամաց-կամաց հրաժարվում է»

Օգոստոս 26,2009 00:00

Վստահեցնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը

Երեկ Հայ ազգային կոնգրեսի վերնախավը Գյումրիի կառույցի նոր ղեկավար նշանակեց համաներված քաղբանտարկյալ, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին: Մինչ այդ կառույցը, լավ թե վատ, ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քեռու որդին՝ Մարտին Ղարիբյանը: Ներկայացնելով այս «կարեւոր առաքելությունը»՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Գյումրիում մամուլի ասուլիս տվեց՝ հերթական անգամ անխնա մերկացնելով «ապաշնորհ ու հանցագործ» իշխանություններին: Իշխանական թեւից հնչող այն քննադատություններին, թե Կոնգրեսը սպառվում է ու փորձում է ակտիվանալ մարզեր այցելելով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա որեւէ տրամաբանություն չունի, եւ մի պարզ պատճառով. իշխանությունները բոլոր հանրահավաքներից առաջ փակում են բոլոր ճանապարհները, եւ ինչքան էլ մարզերը էսօր ակտիվանան, դա որեւէ բեկում հանրահավաքային շարժման մեջ չի կարող մտցնել, որովհետեւ դեռեւս իշխանությունները կարողանում են փակել ճանապարհները, որ տանում են Երեւան, այսինքն՝ դա զուտ հանրահավաքների ակտիվության առումով ոչինչ չի տա: Բացարձակ դա չի նպատակը, մեր նպատակը հետեւյալն է. մենք նախեւառաջ հասկանում ենք, որ Հայաստանը դա միայն Երեւան չէ, եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները, ոչ երեւանցիք, ունեն հավասար ձայն քաղաքական համակարգում եւ հավասար իրավունքներ, մենք երբեք չպիտի սահմանափակվենք ներքաղաքական գործունեությամբ միայն Երեւանում»:

Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի խնդրի, մարտիմեկյան հանձնաժողովի մասին՝ գյումրեցիների համար մեկ անգամ եւս կրկնելով իր կարծիքը: Նա Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովը անվանեց ոչ թե մարտի մեկի դեպքերի բացահայտման, այլ «պարտակման ու կոծկման» հանձնաժողով, իսկ հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» ու սահմանի բացման հարցում Սերժ Սարգսյանին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ նա դաժանաբար խաբված է, քանի որ «չստանալով ոչինչ, ուրացավ ցեղասպանությունը»:

Ղարաբաղի լուծման հարցում էլ ժողովրդին նախազգուշացրեց, որ «ոչ լեգիտիմ, կոռումպացված, թուլացված» իշխանությունները հակված են անհարկի զիջումների, եւ սա միմիայն անում են միջազգային հանրության աջակցությունն ապահովելու, սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով, ուստիեւ պետք է դեմն առնել ու թույլ չտալ: Եվ քանի որ բանախոսը հաճախակի էր խոսում իշխանափոխության հասնելու մասին, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այդ ինչպե՞ս, մի՞թե իշխանությունները պատրաստ են ինքնակամ հրաժարական տալու:

«Իշխանությունը արդեն կամաց-կամաց հրաժարվում է, ասեմ ինչու, որովհետեւ բոլոր բնագավառներում աստիճանաբար ցույց է տալիս իր լիակատար անգործունակությունը, իր անկարողությունը, ոչ կոմպետենտությունը, ձախողումը, ձախողումների մի կրիտիկական պահ է գալիս, երբ այլեւս ոչ հանրության համար, անգամ իշխանություններին սատարող կառույցների համար հասկանալի է դառնում, որ նման իրավիճակի շարունակումը ուղղակի կործանարար է երկրի համար, այդ գիտակցման պահը այնքան էլ հեռու չէ մեզանից, դա լինելու է, եւ դա բերելու է իշխանության փոփոխության, բայց ասում եմ՝ իշխանափոխությունը ինքնանպատակ չէ եւ չի կարող լինել, հիմնական պայքարը սկսվելու է իշխանափոխությունից հետո, որովհետեւ նպատակը երբեք չի կարող լինել այս իշխանություններին հեռացնելը եւ մեր գալը իշխանության: Նպատակը կարող է լինել արդարության հաստատումը Հայաստանում, ժողովրդավարության, սահմանադրական կարգի հաստատումը. այստեղ մենք դեռ ապացուցելու բան ունենք»,- եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել