Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ երկիրը պիտի անուն չունենա
Այս տարվա մարտին կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ քաղաքական ուժերը կարծես խոսքները մեկ արած քննադատեցին լրատվամիջոցներին: Այդ ժամանակ լրագրողներից հավասարաչափ դժգոհ էին եւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», եւ իշխանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այս երկու ուժերի ներկայացուցիչները գրեթե նույն բառապաշարով ԶԼՄ-ների հասցեին կոշտ բաներ ասացին: «Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց. «Ես չգիտեի, որ հայոց գրերը երբեւիցե կօգտագործվեին այդ ձեւով» եւ իր վրդովմունքը հայտնեց, իր կարծիքով, հայկական մամուլում առկա «ոչնչացնող» ոճի առիթով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց. «Ոչ թե պետք է պարզել՝ մեր մամուլը ազատ է, թե ոչ, այլ պետք է պարզել՝ արդյոք մամո՞ւլ է»: Նաեւ հավելեց. «Մեր մամուլն այսօր ինչով ասես զբաղվում է՝ բացի հրապարակախոսությունից, բացի լրատվությունից, որեւէ թերթում մենք չունենք լրատվություն, մենք ունենք տվյալ աշխատողի կամ գործչի մեկնաբանություններ, ցանկացած լուր մեկնվում է լուրը գրողի կողմից, այսինքն՝ չունենք արձանագրային լրագրություն»: Վերջին շրջանի զարգացումներում՝ եւ ԱԺ լրագրողների ելումուտը սահմանափակող նոր կարգի, եւ ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի, եւ ՀՀ քրեական օրենսգրքում զրպարտության մասին հոդվածի խստացումների հարցում ակնհայտորեն շահագրգռված են շատերը:
«Առավոտը» երեկ հեռախոսազրույց ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ եւ վերջինիս հիշեցնելով նրա՝ նախկինում հնչեցրած կոշտ գնահատականները ԶԼՄ-ների եւ լրագրողների հասցեին՝ ուզեց պարզել՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, եւ որքանո՞վ է խառը այս բոլոր խստացումների մեջ անձամբ իր մատը: «Եթե խոսքը օրենքին է վերաբերում, ընդհանրապես մասնակցություն չունեմ, եւ չեմ կարծում, որ խստացումներով լրագրողական դաշտն ավելի արդյունավետ կլինի, ես կողմնակից եմ, որ նպաստենք այդ դաշտն ավելի մեծ ձեւավորում ունենա, եթե խոսքը վերաբերում է ԱԺ-ում կարգի փոփոխությանը, ապա ԱԺ-ն իր կանոնակարգին համապատասխան փոփոխություններ է կատարում: Մեր խմբակցությունը եւս իր մասնակցությունն ունի, եւ մենք եւս առաջարկներ ենք արել: Թույլատրվել է մասսայական միջոցառման ժամանակ, որը նիստն է, հանձնաժողովի նիստն է, բոլորն ազատ մուտք ունենան՝ ըստ մամուլի մասին օրենքի: Իսկ ինչ վերաբերում է ամեն օր գալուն, դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղ լրագրողի համար: Սակայն որեւէ այլ ինստիտուտում լրագրողների այդքան ազատ մուտք չկա»:
Մենք նկատեցինք, որ մինչ այժմ խորհրդարանը հենց դրականորեն տարբերվում էր այլ ինստիտուտներից իր ելումուտի ազատությամբ եւ համեմատաբար ավելի ազատական էր, սակայն հիմա խորհրդարանը դառնալու է հերթական «փակ տարածքը»: Գալուստ Սահակյանը համամիտ չէր եւ ասաց. «Ի՞նչ, կարծում եք, երբ նիստեր չկան, լրագրողները պիտի ճեմե՞ն Ազգային ժողովի միջանցքներում (ռեպլիկի կարգով նկատեցինք, որ ոչ թե ճեմում են, այլ՝ աշխատում, ինֆորմացիա են հայթայթում- Մ. Ե.), եթե պատգամավորի հետ հարցազրույց են ուզում, ապա պատգամավորը կարող է հրավիրել եւ իր փոխհարաբերությունները լրագրողի հետ, մինչեւ հիմա ինչպես եղել է, այնպես էլ կշարունակի: Իսկ հումորով ասեմ՝ չի կարելի երկիրը դարձնել, ենթադրենք, ոստիկանական երկիր, չի կարելի դարձնել լրագրողական երկիր, երկիրը պիտի անուն չունենա, երկիրը պիտի լինի ժողովրդավարական երկիր»: Հարցրեցինք՝ արդյոք այս կարգի փոփոխություններո՞վ է հաստատվում ժողովրդավարությունը, պարոն Սահակյանը հարցով պատասխանեց. «Լրագրողնե՞րը պիտի հաստատեն ժողովրդավարությունը»: ՀՀԿ փոխնախագահը այլ հարց եւս տվեց. «Եթե նիստեր չկան, հանձնաժողովի նիստեր չկան, պատգամավորը իր քննարկումներն ունի, լրագրողը գալիս է Ազգային ժողով՝ ի՞նչ անի»:
Վերջում խնդրեցինք կանխատեսել, թե ինչպես կդասավորվեն լրագրող-պատգամավոր, լրագրող-քաղաքական գործիչ հարաբերությունները այս փոփոխություններից հետո. «Որեւէ ոչ դրական, ոչ բացասական առումով փոփոխություններ չեն լինի, ցանկացած լրագրող կարող է նորից պատգամավորի հետ առնչվել՝ անկախ նրանից, թե պատգամավորը խորհրդարանո՞ւմ է, թե՞ խորհրդարանից դուրս»: Մեր համառ հարցմանը՝ այդ դեպքում, այնուամենայնիվ, ինչո՞ւ է փոխվում հավատարմագրման կարգը, պարոն Սահակյանի պատասխանը սա էր. «Լավ, որ ուզում եք, կարելի է նաեւ առաջարկել, որ պատգամավորները Ազգային ժողով չգան, միայն լրագրողները գան»: