Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը լրատվամիջոցներին հայտարարել է, թե ՖԻԴԵ-ի փոխնախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին հնարավոր է, որ ստանձնի Ադրբեջանի ազգային հավաքականի ավագի դերը: Որ այդ պաշտոնին ամենայն հավանականությամբ հավակնելու էր արտասահմանցի մասնագետ, հայտնի էր դեռ վաղուց: Մամեդովն այդ մասին արտահայտվել էր ավելի վաղ: Եվ, ինչպես երեւում է, ֆեդերացիան արդեն կողմնորոշվել է: Համենայնդեպս, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի խոսքերով, Ազմայփարաշվիլին առայժմ այդ տեղի միակ հավակնորդն է: Ըստ ադրբեջանական «Extratime.az»-ի, բանակցությունների համար ՖԻԴԵ-ի վրացի փոխնախագահը սեպտեմբերի 2-3-ին ժամանելու է Բաքու եւ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում հենց ինքն էլ առաջիկա Եվրոպայի առաջնությունում կգլխավորի Ադրբեջանի ընտրանին: