Իսկ Իվանչուկը՝ Ջերմուկում
Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունը, որին մասնակցեցին աշխարհի լավագույն գրոսմայստերներից 14-ը:
Խաղացված 13 տուրերում վաստակելով 8,5 միավոր՝ Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկը հայաստանյան մրցաշարում գրավեց առաջին տեղը եւ արժանացավ հաղթողի համար սահմանված 30 հազար եվրո դրամական մրցանակին:
Իվանչուկից 0,5 միավոր պակաս վաստակեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Լեւոն Արոնյանը եւ Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը: Նրանք լրացուցիչ գործակիցներով մրցաշարային ամփոփիչ աղյուսակում նույն հերթականությամբ էլ հանգրվանեցին 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում՝ ստանալով 21- հազարական եվրո:
Լեւոն Արոնյանը, որի համար սա երրորդ մասնակցությունն էր ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկությանը (նա նախորդ երկուսում՝ Սոչիում եւ Նալչիկում, հաղթել է), վաստակած ընդհանուր միավորների հանրագումարը հասցնելով 500-ի, անկախ «Grand Prix»-ի վերջին փուլում գրանցվելիք արդյունքից, իր համար ապահովեց ամբողջ մրցաշարի հաղթողի կոչումը եւ հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճեց:
Այդ բացառիկ հաջողության համար Հայաստանի շախմատի ֆեդերացիան գրոսմայստեր Լեւոն Արոնյանին Երեւանի կենտրոնում 135 քմ մակերեսով բնակարան նվիրեց: Ավաղ, Ջերմուկում իր ամբողջ կարողությունները դրսեւորել չկարողացավ մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Նա ամբողջ մրցաշարում չտարավ ոչ մի հաղթանակ, 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի, 3-ում պարտվեց եւ պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում:
Ջերմուկում ավարտված «Grand Prix»-ի մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 8,5 միավոր
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 8,0
3. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 8,0
4. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան) 7,5
5. Պետեր Լեկո (Հունգարիա) 7,5
6. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան) 7,5
7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) 7,0
8. Պավել Էլյանով (Ուկրաինա) 6,5
9. Էտյեն Բակրո (Ֆրանսիա) 6,0
10. Գատա Կամսկի (ԱՄՆ) 6,0
11. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 5,0
12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 5,0
13. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) 4,5
14. Իվան Չեպարինով (Բուլղարիա) 4,0
Լեւոն Արոնյանը շարունակելու է հանդես գալ շախմատային խոշորագույն մրցաշարերում, որոնք նաեւ հավակնորդների մրցաշարի նախապատրաստական փուլեր կլինեն: Դրանցից առաջինը, որքան տեղյակ ենք, սեպտեմբերի 2-13-ը Բիլբաոյում մեկնարկող «Grand Slam Chess Masters, Bilbao- 2009»-ն է: Իսկ թե հավակնորդների մրցաշարը ե՞րբ եւ որտե՞ղ է կազմակերպվելու, առայժմ հայտնի չէ: Որոշումը մոտակա ժամանակներում կայացնելու է ՖԻԴԵ-ն: