Բրիտանական The Daily Mail-ը օրերս սկսել է տպագրել դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի՝ հանրությանը անծանոթ վեպը, որը 30 տարի շարունակ բանտված է եղել նրա՝ քաղաքից դուրս գտնվող տան վերնահարկում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», այս վեպի գլխավոր հերոսներն են հանրահայտ դետեկտիվ Էրկյուլ Պուարոն եւ Ադոլֆ Հիտլերը: Ձեռագրերը գտել է Ագաթա Քրիստիի ստեղծագործություններով զբաղվող գրականագետ Ջոն Կարենը: Վեպի վերնագիրն է՝ «Ցերբերի զարդերը»: Քրիստին այն գրել է անցյալ դարի 30-ականներին, սակայն հրատարակիչները չեն ցանկացել տպագրել: Պատճառը վեպի քաղաքական ուղղվածությունն է եղել: Վեպի հերոսը Հիտլերին հիշեցնող, հազվագյուտ դիկտատոր Ավգուս Հերցլայնն է: