Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆԸ՝ «ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ»

Օգոստոս 25,2009 00:00

Կամ ինչպես «Ոսկե ծիրանն» այցելեց Արցախ

\"\"
«Ոսկե ծիրանի» փոխտնօրեն Արա Խանջյանն ու տնօրեն Հարություն Խաչատրյանը (աջից)՝ Ստեփանակերտի Սպայի տան բակում:

\"\"

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ծիրանը»՝ անիվների վրա» ծրագիրը այս տարի երկրորդ անգամ Ջավախքում հյուրընկալվելուց հետո, երրորդ անգամ էլ Արցախ այցելեց՝ օգոստոսի 19-23-ը: Արցախյան «Ոսկե ծիրանը» բացվեց Ստեփանակերտի Սպայի տանը՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնով»: Նշենք, որ Ստեփանակերտը ուրիշ կինոդահլիճ չունի, իսկ նախկին «Ռոսիան», ներկայիս Սպայի տունը, այժմ վաճառված է, չնայած ստեփանակերտցիները համոզված են, որ սեփականատերը հաստատության պրոֆիլը չի փոխի ու իրենց չի զրկի ֆիլմեր դիտելու հաճույքից:

Ծրագրի բացմանը ներկա Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղբալյանն ասաց, որ «Ոսկե ծիրանը» տեղի հանդիսատեսին հնարավորություն է տալիս անմասն չմնալ կարեւոր մշակութային իրադարձություններից. «Եթե ուզում եք, որ հայկական երկրորդ պետությունը նաեւ մշակութային զարթոնք ապրի, նման ակցիաները պիտի շարունակական լինեն եւ դառնան կենսակերպ»: Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն էլ հավելեց, որ «Ոսկե ծիրանը»՝ անիվների վրա» ոչ միայն Շուշի կայցելի, այլեւ մարզերով մեկ՝ նպատակ ունենալով մարդկանց վերադարձնել կինո գնալու կուլտուրան: Անդրադառնալով «Նռան գույնին», Ա. Խանջյանը հայտնեց, որ այս տարի ֆիլմի թողարկման 40 եւ Փարաջանովի ծննդյան 85-ամյակն է:

«Ոսկե ծիրանի» ֆիլմերը ցուցադրվեցին Շուշիում՝ «Նարեկացի» արվեստի միության դահլիճում: Ի թիվս այլ ֆիլմերի, ներկայացվեց Հարություն Խաչատրյանի «Սահմանը», ընդ որում՝ ստեփանակերտյան պրեմիերային ներկա էր նաեւ ռեժիսորը: Ի դեպ, հանդիսատեսը Շուշիում ավելի ակտիվ էր, քան Ստեփանակերտում, չնայած «ծիրանցիները» դժգոհ չեն արդյունքներից:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հ. Խաչատրյանին դուր է եկել տեղի հանդիսատեսը, ասում է՝ լավ հայացքներ ու աչքեր տեսա, այնպիսիք, որոնց քիչ կհանդիպես նույնիսկ Երեւանում:

Նա կարծում է, որ կինոն կարեւոր գործիք է, սակայն այսօր մեր կողմից չի օգտագործվում, մինչդեռ այլ երկրներ ու ազգեր ավելի խելացի են գտնվել: «Ոսկե ծիրանը» իրականում ոչ թե փառատոն է, այլ ծրագիր՝ ռազմավարական ասեմ, թե մշակութային կամ ազգային, որի նպատակն է կինոլեզուն դարձնել միջոց՝ օտարներին մեր մասին խոսելու, մեր պատմությունը դուրս տանելու: «Ոսկե ծիրանը» Երեւանում մի պրոցես է, Երեւանից դուրս՝ լրիվ այլ… Տարիներ առաջ, երբ աշխատում էի արտգործնախարարությունում, հայեցակարգ մշակեցի, թե ի՞նչ պիտի անել, ի՞նչը պետական քաղաքականություն դարձնել, ի՞նչը թողնել մասնավորի վրա: Այն ժամանակ, սակայն, ծաղրի առարկա դարձա, հիմա ամեն ինչ փոխվել է»,- ասում է փառատոնի տնօրենը: Նա համոզված է, որ մի կինոփառատոնը կարող է Եվրոպային Հայաստանի մասին ավելի շատ տեղեկություն տալ, քան մի քանի արտգործնախարարություն միասին: Նաեւ փաստում է, որ, ի տարբերություն Երեւանի, որը անհարմար վայր է փառատոն անցկացնելու համար, որովհետեւ «լիքը հետաքրքրությունների բախումներ կան», մարզերում մարդիկ ավելի ազատ ու անկախ են եւ ունակ հոգեւոր կինոն ընկալելու: Պարոն Խաչատրյանը համեմատելով ջավախյան եւ արցախյան հանդիսատեսին, երկուսի մասին էլ ջերմ արտահայտվելուց հետո նշեց, որ ջավախեցիներին բնորոշ է լեռնային հումորը, չհավանած ֆիլմը կարող են ծաղրել, իսկ Արցախում կամ չեն հավանում, կամ հավանում ավելին, քան պետք է:

«Ոսկե ծիրանը»՝ անիվների վրա» փառատոնի կազմակերպիչ, փառատոնի տնօրենի օգնական Վարդան Հակոբյանից հարցրինք՝ ի՞նչ սկզբունքով են Արցախ կամ մարզեր տարվող ֆիլմերն ընտրվում: Նա ասաց, որ դրանք կամ փառատոնի լավագույն ֆիլմերն են, կամ այնպիսիք, որոնք հնարավոր չէ այլ տեղ դիտել, ինչպիսին, օրինակ, Փարաջանովի «Նռան գույնն է»: Նրա խոսքով, նաեւ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մարզերում հիմնականում ընտանիքներով ու երեխաների հետ են գալիս ֆիլմեր նայելու, հետեւաբար դրանք պետք է զերծ լինեն «բաց» տեսարաններից:

Շուշեցիներից պարզեցինք, որ տեղի «Երեւան» կինոթատրոնը, որը թանկարժեք տեխնիկա ունի, ինչ-ինչ պատճառներով անուշադրության է մատնված, ու իրենք ավելի սերտ են կապված «Նարեկացի» մշակութային միության հետ: Չնայած վերջինիս կինոդահլիճը ավելի փոքր է, բայց մարդիկ նախընտրում են այցելել ավելի խնամված ու միշտ իրենց սպասող այդ կենտրոն: Նշենք նաեւ, որ Արցախում ցուցադրվեցին նաեւ համշենահայ ռեժիսոր Օ. Ալփերի «Աշունը», Ս. Ղարաբաղցյանի սցենարով ստեղծված «Թորոս Ռոսլինի հետքերով» ու «XX դարի վանդալները», ինչպես նաեւ Կարեն Հովհաննիսյանի «Ուրվականը» ֆիլմերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել