Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՏՈՒՅՏ ՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԹԱՂԵՐՈՒՄ»

Օգոստոս 25,2009 00:00

Գերմանական ճշտապահությունից հայկական անկարգապահություն՝ մեկ քայլ է

Գերմանական ճշտապահություն. այս բառակապակցությունը երբեմն չափազանցություն է թվում, սակայն մեկամսյա ուղեւորությունս դեպի Գերմանիա՝ ցույց տվեց, որ գերմանական իրողությունը չափազանցությունների կարիք չունի: Հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը Համբուրգ քաղաքում կայացավ Լրագրության միջազգային ինստիտուտի Inwent ծրագրի հերթական ամառային դպրոցը՝ «Մամուլի ազատություն եւ էթիկա», որին աշխարհի 21 երկրների 23 լրագրողների թվում մասնակցում էր նաեւ «Առավոտի» ներկայացուցիչը: Լրագրողական հմտությունների կատարելագործումը համեմվեց գերմանական մշակույթի, կենցաղի ու հոգեբանության ծանոթության հետ: Ու արդյունքում պարզվեց, որ հայկական անկարգապահությունն ու գերմանական ճշտապահությունը կարող են մրցել, ու պայքարը հաստատ կլինի համառ: Քաղաքի ու բնակիչների հոգեբանության արտացոլումը թերեւս հասարակական տրանսպորտն է: Եթե Երեւանում փողոցի ցանկացած հատվածում կարող ես երթուղային կանգնեցնել, ապա Համբուրգում (թարգմանաբար՝ դարպաս դեպի աշխարհ) կամ Բեռլինում, եթե անգամ արդեն ավտոբուսի դռների մոտ ես եւ ուզում ես ներս մտնել, երբ կանգառ անելու ժամանակը լրանում է՝ վարորդը չի զիջում, այլ դուռը փակում է ուղիղ քո երեսին՝ ցույց տալով երթուղայինի ճակատին փակցված ժամացույցը: Համբուրգում գտնվելիս երեւանյան փողոցների աղմուկին էի կարոտում: Եվրոպայի ամենաշատ կամուրջներ ունեցող այս քաղաքում մարդիկ միմյանց հետ, բառիս բուն իմաստով, շշուկով են խոսում, ամենուրեք դասական երաժշտություն է հնչում՝ կենդանի կատարմամբ:

Գերմանական մի ֆենոմեն էլ վստահությունն է. քանի որ ավտոբուսների, մետրոյի ու գնացքների տոմսերի գինը սկսում է 2 եվրոյից, քաղաքացիները նախընտրում են մեկամսյա քարտեր գնել: Ու եթե ավտոբուս մտնես եւ տոմսը ցույց չտաս, վարորդը երբեք քեզ չի պարտադրի՝ հաստատ համոզված լինելով, որ չես խաբում: Բայց եթե հանկարծ «բռնացրին», հեշտ չես պրծնի՝ ամենաքիչը 100 եվրո տուգանք: Եթե լրագրող ես ու լրագրողական տոմսդ քեզ հետ է, որ երկրի ներկայացուցիչ էլ լինես, թանգարաններ, թատրոններ, կինոներ՝ ազատ մուտք ունես: Գերմանացիները աշխարհում հայտնի են իրենց ոչ զգացմունքային խառնվածքով, բայց երբ խոսակցությունը վերաբերում է «Համբուրգն է ավելի լավ քաղաք, թե Բեռլինը» թեմային, կրքերը բորբոքվում են: Բեռլինցիները Համբուրգում ապրողներին են ոչ մարդամոտ համարում, նրանք՝ հակառակը: Համբուրգը ավելի մշակութային է եւ գողտրիկ, քան Բեռլինը, որը պարզապես մեծ մեգապոլիս է. միայն «Մերսեդես Բենցի» եւ «Ֆոլքսվագենի» հսկայական կենտրոնները մի ամբողջ թաղամաս են զբաղեցնում: Սակայն եվրոպական արիստոկրատիայի շունչը կարելի է զգալ հենց Բեռլինում: Դա բխում էր մարդկանց պահվածքից, քաղաքի կարգուկանոնից եւ մաքրությունից: Գերմանիայում թուրքերն էլ իշխանություն ունեն. կերակրի, առեւտրի համեմատաբար էժան կետերը հիմնականում նրանց տնօրինության տակ են: Մի գերմանացու հետ երբ խոսում էինք, թե գերմանացիներն ինչպես են ընդունում այլազգիներին, զրուցակիցս ասաց. «Մենք բաց ենք, թող գան եւ լավ ապրեն մեր երկրում: Բայց որ փորձեն մեզնից ավելի լավ ապրել՝ հաստատ չեն մարսի: Սա տիպիկ գերմանական մտածողություն է»:

Ուղեւորությանս 4 օր էլ անցավ երազանքների քաղաք Փարիզում: Չնայած սիրո քաղաքում չկար գերմանական մաքրությունն ու կարգուկանոնը, սակայն այն այնքան մշակութային էր ու զգացմունքային, որ մի քանի շաբաթվա գերմանական սառնությունից հետո զգացի, որ ապրում եմ:

\"\"
Գերմանիայի Դաշնային Հանրապետության պառլամենտը՝ Բունդեսթագը նաեւ թանգարան է:

\"\"
Համբուրգի Ռաթհաուսում կամ քաղաքապետարանի բակում կարելի է հանդիպել ցանկացած ազգի ներկայացուցչի:

\"\"
Նկարում՝ սեւ պատկերները խորհրդանշում են հրեաներին, կարմիրները՝ գերմանացիներին. սա գերմանական «ներողությունն» է հրեաներին՝ փակցված Համբուրգի համալսարանում:

\"\"
Նյուենգամի համակենտրոնացման ճամբար-թանգարանի պատերին՝ այդտեղ տանջամահ եղածների անուններն են:

\"\"
Փարիզը՝ Էյֆելի բարձունքից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել