Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ

Օգոստոս 25,2009 00:00

Չկա ճիշտն ու սխալը տարբերելու չափանիշ

Էս արդեն քանի՜ տարի է, ինչ հայ բոլոր-բոլոր ծնողները դժգոհ են թե՛ հայերենի դասագրքերից, թե՛ մնացած դասագրքերի հայերեն լեզվից, թե՛ հայոց լեզվի ու գրականության քննություններից, լինեն սրանք ավարտական, թե ընդունելության։ Հայ ծնողները, լրիվ իրավացի, ուզում են, որ հայերենի մեր «մասնագետները» լավ դասագիրք գրեն ու ճիշտ ու արդար քննություն կազմակերպեն ու անցկացնեն։ Բայց մեր այս ծնողներն ու աշակերտները, ու ողջ հայ ժողովուրդն առհասարակ, մի բան չգիտեն։ Չգիտեն, որ հայերենի մեր մասնագետները, այսինքն՝ մեր լեզվաբաններն ու գրականության «մասնագետները» բացարձակ ի վիճակի չեն էդ բանն անելու։

Էսօրվա հայ «լեզվաբանները», եթե նույնիսկ շատ ուզենան, ի վիճակի չեն հայերեն լեզվին ու գրականությանը վերաբերող որեւէ գիտական ու արդար քննություն կազմակերպել։ Ի վիճակի չեն, որովհետեւ լեզվին (ուրեմն, նաեւ գրականությանը) վերաբերող իրենց ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական ու օբյեկտիվ չափանիշ չունեն։ Այսինքն՝ իրենք է՛լ չգիտեն, թե ինչ են ասում ու անում։ Արդեն երեք տարի է, ինչ հարցնում եմ մեր «լեզվաբաններին», որ ասեն, թե էդ չափանիշը ո՞րն է, ու իրենք լռում են։ Եթե լռում են, ուրեմն, ոչ մի չափանիշ էլ չունեն։ Եթե ունեն՝ թող ասեն։

Մեծանուն լեզվաբան Մանուկ Աբեղյանը, 1936 թվին անառարկելի ապացուցել է, որ հայերենի էսօրվա քերականությունը, այսինքն՝ հետաբեղյանական «քերականությունները», սխալ են ու հակագիտական։ Ուրեմն, արդեն 65 տարի է, ինչ հայտնի է, որ հայերն ունեն երկու քերականություն (ուրեմն՝ նաեւ երկու լեզվաբանություն), ու էս երկու քերականությունը լրի՛վ են իրար հակառակ, իրար լրի՛վ են հակասում, իրար ուղղակի ջնջում են, սպանո՛ւմ են։

Թե որ ակադեմիկոս Մ. Աբեղյանը մի հրաշքով կենդանանար, ու մի ուրիշ հրաշքով էլ մեր էսօրվա «լեզվաբաններից» հայոց լեզվի ու գրականության քննություն ընդուներ, սրանց բոլորին էլ «2» կնշանակեր (եթե ոչ՝ ավելի ցածր)։

Ու մեր հայ լեզվաբաններն ընտրել են հենց էս սխալ, անհեթեթ, անտրամաբանական ու հակագիտական քերականությունն ու 65 տարի է, ինչ սա՛ են սովորում ու սովորեցնում, «ուսումնասիրում ու հետազոտում»։

Էս սխալ քերականությունը հորինվեց 1934 թվին։ Հորինողը Արարատ Ղարիբյանն էր։ Ու երբ բողոքում ես էս վիճակից ու էս անհեթեթ քերականությունից, մերոնք մեղքը բարդում են կրկնուսույցների վրա ու ասում, որ իբր «մեր մանուկները խորը չեն սովորում դպրոցական դասընթացի քերականությունն ու գրականությունը, որ կրկնուսույցներն ստիպում են, որ մեր երեխեքը միայն անգիր անեն էդ դասընթացը»։

Բայց անհեթեթ ու անտրամաբանական շարադրանքն ինչքան էլ «խորը» սովորես, արդյունքը միայն վնասը կլինի, իսկ մեր այսօրվա դպրոցը ոչի՜նչ-ոչինչ չի սովորեցնում, ու որ սա բոլորս էլ շատ լավ գիտենք, ինչ էլ որ պաշտոնյա բանասերները կամ նախարարություններն ասեն։

Գիտական ու ճշմարիտ քերականությունը Մանուկ Աբեղյանինն էր, ինչը շարադրված է, օրինակ՝ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսության» մեջ ու գործում էր 1906 թվից մինչեւ 1934-ը։

1936 թվին ստեղծված գիտական շփոթը վերացնելու համար Աբեղյանը գրեց «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց իր փայլուն աշխատությունն ու դա երեք օր շարունակ կարդաց մեր էն օրերի հայ բոլոր նշանավոր լեզվաբանների ու մտավորականների առաջ։ Աբեղյանին ոչ միայն ոչ մեկը չառարկեց, այլեւ էս եռօրյա ելույթն ընդունվեց որոտալի ծափահարությունով։ Աբեղյանը իր էս ելույթով պաշտպանեց իր քերականությունը, հայոց լեզվի իր տեսությունը, ու քանի որ էս ելույթին (հիմնավորված, գիտական մեթոդով) առարկող չի եղել թե՛ էն օրերին, թե՛ դրանից հետո՝ մինչեւ էսօր, մեր էսօրվա բոլոր լեզվաբանները, ուզեն, թե չուզեն, պիտի ընդունեն, որ Աբեղյանի քերականությունը ճիշտ է, իսկ ղարիբյանական բոլոր-բոլոր քերականությունները, ուրեմն՝ նաեւ մեր էսօրվա դպրոցական ու համալսարանական քերականությունները, սխալ են, անհեթեթ, հակագիտական ու անտրամաբանական ու անպայման վնասակար։

Աբեղյանի 1936 թվի էս փայլուն ու անառարկելի զեկույցից հետո, ինչքան էլ էսօր տարօրինակ թվա, հաղթեցին Աբեղյանի հակառակորդները՝ Ա. Ղարիբյանը, Գ. Սեւակն ու սրանց համախոհները։ Հաղթանակը կատարյալ էր ու բացարձակ։ Ու չնայած Աբեղյանի համառ պնդումներին՝ Աբեղյանի էս գործը չհրատարակեցին ու ժողովրդից թաքուն պահեցին՝ մինչեւ 1985 թիվը, այսինքն՝ 49 տարի։

Էսօրվա մեր հայ քերականությունը, ուրեմն՝ նաեւ լեզվաբանությունը, լեզվին վերաբերող իր ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական, օբյեկտիվ, մարդուց անկախ չափանիշ չունի։ (Թերեւս բացառություն արվի ստուգաբանությանը, լեզվի պատմությանը, աղբյուրագիտությանն ու սրանց պես բնագավառներին, բայց՝ թերեւս): Եթե կա էդ չափանիշը, թող մեր «լեզվաբաններն» ասեն։ Չկա։ Էս ողբերգական հայտարարության ամենափայլուն ապացույցը հենց մեր երկու քերականության գոյությունն է՝ Աբեղյանի քերականության ու ղարիբյանական քերականության գոյությունը։

Բա մեր լեզվաբանները ո՞նց են որոշում, թե ինչը համարեն ճիշտ, ինչը՝ սխալ։ Քվեարկելով։ Հանգուցյալ ակադեմիկոս Գեւորգ Բեգլարի Ջահուկյանն ինձ մի անգամ ասաց, թե հայոց լեզվի ընդունելության մեր հանձնաժողովները, ամեն քննությունից առաջ, քվեարկելով են որոշում, թե ուղղագրական կամ կետադրական որ մի կանոնը համարեն ճիշտ։ Ու մեր լեզվաբաններից ոմանք շատ լավ գիտեն թե՛ էս փաստը, թե՛ իմ էս ողջ շարադրանքի ներկայացրած մնացած փաստերը, բայց ծպտուն չեն հանում, որովհետեւ մտածում են, որ էսօրվա լեզվաբանության վիճակն էնքան է աղավաղ ու մղձավանջային, որ հնարավոր չի, որ ինչ-որ բան արվի։

Սա լավ գիտեն նաեւ է՛ն դժբախտ ծնողները, ովքեր երբեւէ բողոքարկել են հայոց լեզվի քննության արդյունքները, որովհետեւ շատ է պատահում, որ հանձնաժողովի անդամները նրանց ասեն. «Մենք որոշել ենք, որ սա սխալ է, իսկ թե գրքերում ինչ է գրված կամ դուք ինչ փաստարկներ եք բերում՝ կարեւոր չէ։ Մենք ճիշտ ենք, որովհետեւ մենք ենք այսպես ասում։ Իսկ դուք բոլորդ էլ զրպարտում եք մեզ, կամ էլ տգետ եք, կամ էլ՝ զառանցում եք, կամ էլ՝ ձեր արածներն ու ասածներն ընդամենը շոու են»։ (Հաճախ էլ, իրենց ասածները «ապացուցելու» համար մեր «լեզվաբանները» վկա են կանչում հեղինակություններին, ասում են «սա ճիշտ է, որովհետեւ Աճառյանն է այսպես ասել, Ջահուկյանն է այսպես ասել» եւ այլն։ Սա նույնն է, ինչ Արիստոտելին կամ Անանիա Շիրակացուն վկայակոչելով՝ ուզածիդ պես ծռմռես էսօրվա ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը եւ այլն)։ Պատկերացնո՞ւմ եք, որ ֆիզիկայի հանձնաժողովն էլ քվեարկեր ու որոշեր, որ, օրինակ՝ Նյուտոնի օրենքները մի երկու շաբաթով ճիշտ չեն, իսկ մաթեմատիկոսներն էլ որոշեին, որ Պյութագորասի թեորեմն է մեկ-երկու ամսով սխալ։

Մեր էսօրվա «լեզվաբանները», նույնիսկ քվեարկությամբ, ի վիճակի չեն որոշելու, թե հայերենը քանի՞ հոլովաձեւ ունի՝ հի՞նգ, թե՝ յոթ։ Ասում են, թե սովետի օրերին մեր «լեզվաբանները» դիմել են Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, որ սա՛ որոշի՝ հոլովները հի՞նգն են, թե՞ յոթը։ Կենտկոմն էլ իբր ասել է. «Վեցի վրա բարիշեք, պրծնի էթա»: Էս փաստը կամ անեկդոտը ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ։

Մեր էսօրվա «լեզվաբանները» բայը գոյականից տարբերելու ոչ մի միջոց չունեն։ Բայի հասկացությունը լեզվաբանության մեջ արմատական է, հիմնական է, կենտրոնական է։ Հենց բայի հասկացության վրա է հիմնված լեզվի ողջ տեսությունը։ Ու եթե բայը սխալ սահմանվի (իսկ Աբեղյանն ասում է, որ իրոք էլ սխալ է), ուրեմն սխալ ու հակագիտական է քերականական ողջ տեսությունը։

Մեր լեզվաբանները, 1936 թվից սկսած, մանավանդ 1985-ից հետո (երբ հրատարակվեց Աբեղյանի ասածս գիրքը), ղարիբյանական քերականության անհեթեթ սահմանումները շտկելու, կարկատելու հուսահատ փորձեր են անում, բայց սխալը չի վերանում։ Ու մեր էսօրվա լեզվաբանության որ մի սահմանումին ձեռ տվեցիր (օրինակ՝ գոյականի, նախադասության, ստորոգելու, ստորոգյալի եւ այլն), պարզվում է, որ հակասական է, չի բավարարում տրամաբանության տարրական պահանջներին։

Սրա համար էլ էսօրվա մեր լեզվաբանությունը սքոլաստիկա է, առանց որեւէ չափազանցության։ Սրա համար է, որ մեր բոլոր աշակերտները, ուսանողները, ուսուցիչները, գրողներն ու լրագրողները ու նույնիսկ հենց իրենք՝ լեզվաբանները, բոլորն էլ զզվում են էս քերականությունից, ուղղակի ատում են էս քերականությունը… Զզվում են սրանից ու ատում են սա, որովհետեւ անհնար է, որ էս քերականությունը տրամաբանությամբ հասկանաս։ Սա պիտի միայն անգիր անես, քննությունդ հանձնես ու մոռանաս, որովհետեւ էլ ուրիշ ոչ մի բանի պետք չէ, անօգուտ է, անպտուղ է ու վնասակար, որովհետեւ սպանում է մեր մանուկների, պատանիների ու ջահելների մտածողությունը։

Լեզվին վերաբերող մեր էսօրվա բոլոր վեճերը, լինեն դրանք ուղղագրության ռեֆորմի մասին, թե՝ գրական լեզվով խոսելու կամ չխոսելու մասին, կամ էլ՝ հայոց լեզվի քննական հարցերի անհեթեթ բովանդակության մասին, հոլովաձեւերի թվի մասին, լեզուն մաքրելու ու լեզվի տեսչության խեղկատակային գործունեության մասին, թարգմանության ու մանավանդ թատրոնի ու կինոյի լեզվի թարգմանության մասին, ու իհարկե՝ էսօրվա մեր գրականության վիճակի ու ապագայի մասին, մեր դասագրքերի սարսափելի լեզվի մասին եւ այլն, եւ այլն, անպտուղ են ու անհեթեթ, ու որեւէ ձեւով չեն լուծվի։ Չեն լուծվի, որովհետեւ մեր էսօրվա «լեզվաբաններն» ու «գրականագետները» ճիշտ ու սխալը ջոկելու գիտական ոչ մի չափանիշ չունեն։ Բոլոր էս վեճերը անհիմն կարծիքներն են միայն, իսկ կարծիքը երբեք էլ գիտություն չի եղել ու չի էլ լինի։ Կարծիքը շատ-շատ՝ դառնա դոգմա կամ կրոն։

Մանուկ Աբեղյանը 1936 թվի իր երեք օրանոց ելույթի մեջ ապացուցեց նաեւ, որ Ա. Ղարիբյանն ու Գ. Սեւակը «նենգափոխում» են իր, այսինքն՝ Աբեղյանի գրվածքները։ Աբեղյանի ասած նենգափոխելու էս «ավանդույթը» շարունակվում է մինչեւ հիմա էլ, բայց խորամանկ ձեւով։ Մեր «լեզվաբանները» Աբեղյանին հիշատակում են իրենց աշխատություններում ու դիսերտացիաներում, բայց երբեք, երբեք չեն ասում, թե Աբեղյանն իրականում ինչ է ասում, չեն ասում, որ Աբեղյանն իրենց քերականությունը համարում էր տգիտություն, իսկ իրենց արածը՝ «կոկոզաբանություն», ու որ Աբեղյանն ասում էր նաեւ, որ «կոկոզաբանությունը գիտության թշնամին է»։ Լրիվ հակառակը։

Մեր «լեզվաբաններն» էսօր մեծագույն երկերեսանիությամբ փառաբանում են Աբեղյանին, որ մարդիկ մտածեն, թե հենց իրե՛նք են Աբեղյանի գործի շարունակողը։ Այո, էսօրվա մեր լեզվաբանները հենց իրենք են ասում, որ Աբեղյանը լրի՛վ է ճիշտ, բայց քանի որ ճշմարտությունը կործանարար է իրենց համարյա բոլորի համարյա բոլոր գործերի համար ու նաեւ իրենց տիտղոսների ու կոչումների համար, չեն ասում, որ Աբեղյանի քերականությունը բացարձակ ու լրիվ է ժխտում էսօրվա քերականությունը։

Ահա էդ երկերեսանիության մի քանի ապացույց՝ Մանուկ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» գրքի (1965, «Միտք») առաջաբանից, ինչը գրել է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը. «…քերականագիտական իր աշխատություններով (թվարկված են – Մ.Հ.) Աբեղյանը նոր էջեր է բացել հայ լեզվաբանական մտքի պատմության մեջ։… հմուտ հետազոտմամբ՝ նա գիտականորեն լուսաբանել… է լեզվական օրինաչափություններն ու առանձնահատկությունները՝ ստեղծելով ներքնապես ամրակուռ մի համակարգ»։ «Աբեղյանի «Աշխարհաբարի շարահյուսությունը» եւ «Հայոց լեզվի տեսությունը»… տալիս են հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ պատկերը եւ կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն: Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաեւ վիճելի, ինչպես նաեւ հնացած որոշ կետեր, բայց դրանք ամենեւին չեն նսեմացնում նրա գիտական ու ճանաչողական բարձր արժեքը։ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» եղել է եւ մնում է իբրեւ հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն ձեռնարկ ու ուղեցույց»։ «Մ. Աբեղյանի «Աշխարհաբարի քերականությունը» ժամանակին (1912 – Մ. Հ.) բարձր է գնահատել աշխարհահռչակ գիտնական Անտուան Մեյեն, նշելով, որ սա «անտարակույս լավագույնն է, որ երբեւէ գրվել է հայերենի վերաբերյալ։ Սա իսկական գիտական աշխատություն է: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից հայերենով, պետք է անպայման ուսումնասիրեն այս գիրքը»։

Մեր լեզվաբաններից ոչ մեկը չի ասում, որ Մանուկ Աբեղյանն անառարկելի ապացուցել է, որ, օրինակ՝ հայերենի անորոշ դերբայը բայ չի, ոչ մի տեսակ բայ չի ու բայական ո՛չ մի պաշտոն (ֆունկցիա, կիրառություն) չունի։ Աբեղյանն ապացուցել է, որ հայերենի անորոշ դերբայը միայն ու միայն գոյական է, որովհետեւ ունի գոյականի բոլոր հատկությունները, ու չունի բայի համար պարտադիր դեմքի ու ժամանակի գաղափարները։ Այնինչ՝ մեր լեզվաբանները, լրիվ հակառակ սրան, պնդում են, թե հայերենի անորոշ դերբայն անդեմ բայ է։ Այնինչ, հայերենի համար անդեմ բայը նույնն է, ինչ «կաթնասուն սարդը» կենսաբանության համար։ Ու մեր «լեզվաբաններն» էսօր մի ուրիշ շատ խորամանկ բան էլ են անում։ Մեր «լեզվաբանները», լռելով Մ. Աբեղյանի ջախջախիչ քննադատության մասին, իրենց լեզվաբանությունը շարադրում են իբր «նորագույն, ժամանակակից մեթոդներով՝ կաղապարների ու կառուցվածքային (ստրուկտուրալ) միավորների մակարդակով»։ Բա՜։ Որ ճշմարտության հետքերը ժողովրդից լրիվ թաքցնեն։

Բայց էսօրվա քերականությունների հակասությունները մնում են, որովհետեւ մեր «լեզվաբանները» երբեք կարգին ու հստակ չեն ասում, թե հայերեն լեզվի մեջ ինչ է ստորոգյալն ու բայը։ Էս «քերականական» նորագույն շարադրանքների բառային աղմուկն ու սքոլաստիկան ուղղակի ահավոր է ու դժոխային։ Ու էս «քերականությունները» ոչ մի բանի պետք չեն, բացի դիսերտացիա պաշտպանելն ու մեր էրեխեքին «երկու» նշանակելը, ու մեկ էլ՝ մեր մանուկների միտքն ու տրամաբանելու ունակություններն սպանելը։

Ու էս «կաղապարային ստրուկտուրալ տեսությունները» հորինվում են նորից ու նորից Մ. Աբեղյանի գործերը ծռմռելով ու աղավաղելով՝ մինչեւ մղձավանջի աստիճան։ Մեր «լեզվաբանները», էս ողբերգական ու խայտառակ խնդիրը թողած, հայրենասերի կեցվածք ընդունելով, անընդհատ պայքարում են օտար բառերի դեմ (ինչը հակագիտական ու անհեթեթ է, որովհետեւ չկա, չի եղել ու չի էլ լինի մաքուր լեզու), բայց երբեք չեն պայքարում օտար քերականության դեմ, չնայած քերականական օտարաբանությունների թիվը մեր հայերեն գրվածքների մեջ հասնում է ոչ թե միլիարդների, այլ՝ տրիլիոնների:

Կամ էլ, քափ ու քրտինք մտած, վիճում են միայն ու միայն ուղղագրական ռեֆորմի մասին, ու միշտ էլ մակերեսային ու մեծ մասամբ էլ՝ փաստերն աղավաղելով։ Սա էլ անում են, որ ցույց տան, թե իրոք մի «կարեւոր ու ազգանվեր» գործ են անում՝ որ դառնան թեկնածու, դոկտոր, դոցենտ, պրոֆեսոր ու ակադեմիկոս։

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել