Հանգստյան օրերին Տավուշի մարզում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ ամերիկյան կառավարության եւ կազմակերպությունների միջոցներով իրականացված եւ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար: Ըստ Տավուշի մարզպետարանի, դեսպան Յովանովիչը շատ է հավանել մարզկենտրոն Իջեւանը եւ նկատել, որ քաղաքը գեղեցիկ է: Տավուշի մարզում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով ստեղծվել է Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն, նորոգվել է Իջեւանի զբաղվածության կենտրոնը, Իջեւանի քաղաքային զբոսայգում էլ վերանորոգման աշխատանքներ են կատարվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրով:
Մարզի Այգեհովիտ գյուղում Տավուշի գյուղատնտեսության աջակցության կենտրոնը 4 հեկտար փորձարարական այգի է տնկել, իսկ խաղողի եւ պտղատու ծառերի տնկիները ձեռք են բերվել ԱՄՆ գյուղդեպարտամենտի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի «Ջրից դեպի շուկա» ծրագրի աջակցությամբ: Այժմ նորոգվում է ոռոգման կաթիլային համակարգը: Դեսպանը Տավուշից հեռացել է տպավորված եւ խոստացել էլի գալ Տավուշ: