Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Օգոստոս 25,2009 00:00

\"\"Սոցիալական պայմանները ծնողներին ստիպում են շատ երեխաներ չունենալ

2008 թվականի առաջին կիսամյակում Սյունիքում ծնվել է 848 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 12-ով քիչ: 2009 թվականի հունվար-հունիս ամիսներին ամենաշատ ծնունդները գրանցվել են Գորիսի տարածաշրջանում՝ 311: Կապանում այս ընթացքում ծնվել է 286 երեխա: Սիսիանում տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը հասնում է 166-ի, 77 երեխա էլ ծնվել է Մեղրու տարածաշրջանում: Թեեւ ամենաշատ ծնունդները ընթացիկ տարում գրանցվել են Գորիսի տարածաշրջանում, բայց, ինչպես հավաստիացնում են Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, այս տարի տվյալ տարածաշրջանում ծնունդների նվազում է արձանագրվել, ինչը չի կարելի ասել մնացած 3 տարածաշրջանների մասին, քանի որ Կապանում, Սիսիանում եւ Մեղրիում ծնունդների թիվը 2008 թվականի համեմատությամբ աճել է: 2 մահվան դեպք է գրանցվել 0-1 տարեկան երեխաների շրջանում:

Այսօր շատ ընտանիքներ սոցիալական պայմաններից ելնելով են քիչ երեխաներ ունենում: Կապանցի Աստղիկը, ով արդեն 6 տարուց ավելի ամուսնացած է, միայն մի զավակ ունի: Մեր այն հարցին, թե չե՞ն ցանկանում երկրորդ երեխան ունենալ, պատասխանեց. «Ավելի լավ է մի երեխա ունենալ, բայց լավ պահել: Թե չէ, ընտանիքներ գիտեմ՝ 3-4 երեխա են ունենում, բայց չեն կարողանում ծայրը-ծայրին հասցնել: Ես դեմ չեմ շատ զավակներ ունենալուն, ճիշտ հասկացեք, բայց դրա համար էլ պայմաններ են պետք, որ դու ինքդ վատ չզգաս: Պատկերացրեք էն ծնողի վիճակը, երբ երեխան մի բան է ուզում, իսկ ինքը իր երեխային դա պարգեւելու հնարավորությունը չունի: Մենք էլ էինք 3 երեխա ու շատ բաներ ես իմ մանկությունում չեմ ունեցել, որովհետեւ ծնողներս ի վիճակի չէին դրանք ինձ տալ, իմ աչքը մնում էր իմ ընկերուհիների ու հարեւանների հագուստների վրա: Ես դա իմ մաշկի վրա զգալով եմ այսօր բավարարվել մի զավակով»: Ապա ավելացնում, որ «տա Աստված՝ մի օր մենք այնպիսի լավ պայմաններում ապրենք, որ ունենանք այնքան երեխաներ, որքան մենք ենք ցանկանում ունենալ եւ վերջապես մեր բալիկներին պարգեւենք քույրիկներ ու եղբայրներ»:

Տիկին Անահիտն էլ իր դստեր ցանկությամբ է ունեցել երկրորդ զավակին: 5-ամյա Անին շատ էր հարցնում մորը, թե ինչո՞ւ իրենց խմբի Մարին եղբայր ունի, իսկ ինքը՝ ոչ: «Հիմա արդեն 2 զավակ ունեմ, կարծում եմ, մեր պայմաններում 2 երեխա ունենալը նորմալ է: 3-րդ երեխա ունենալու մասին չենք մտածում, տանը միայն ամուսինս է աշխատում, հազիվ միայն 2 բալիկների կարողանանք պահել»,- ասում է զրուցակիցս:

Եթե հասարակ պայմաններում ապրող ընտանիքները կարիքից դրդված են բավարարվում 1 կամ 2 երեխա ունենալով, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ շատ հարուստ ընտանիքներում նույնպես երեխաների թիվը չի անցնում երկուսից, չէ՞ որ նրանք ունեն բոլոր այն անհրաժեշտ պայմանները, որոնք չունեին այս 2 ընտանիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել