Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անամոթաբար խլել են տունս»

Օգոստոս 25,2009 00:00

ՀՀ նախագահին ուղղված հերթական նամակը տեղ չի հասել

«Առավոտ» այցելած Ռուդոլֆ Սաֆրազբեկյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր 15.07.2009թ. դիմումի, հայտնում եմ, որ քաղաքացիական իրավահարաբերություններից ծագող վեճերի լուծումը դուրս է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավասությունների շրջանակներից եւ կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Մենք ժամանակին անդրադարձել ենք, թե ինչպես է «Ուդի» մականունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի նկատմամբ 17 անգամ քրեական գործ «սարքվել», նրանից խլվել հայրական տունն ու ունեցվածքը, եւ այդ ամենի արդյունքում այսօր 50 եւ ավելի տարիներ ազատազրկման վայրերում անցկացրած Ռ. Սաֆրազբեկյանը հայտնվել է Նորքի ծերանոցում: Դիմելով տարբեր ատյաններ, նա ստացել է «սպառիչ» պատասխաններ, որով խորհուրդ են տալիս՝ «Եթե խախտվել են ձեր իրավունքները, ապա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող եք դիմել դատարան»: 83-ամյա ծերունին զարմացած ասում է. «Այսքան փաստեր ու փաստաթղթեր ներկայացնելուց հետո էլ գրում են՝ «եթե…»: Չէ՞ որ ես խոսում եմ փաստերով, ներկայացնում փաստաթղթեր: Երկրորդ տարին է բողոքում եմ, իսկ ինձ պատասխանում են, որ իմ իրացված տան փոխարեն ընտանիքս ստացել է փոխհատուցում: Ես այդ ժամանակ ընտանիք չեմ ունեցել, նույնիսկ չեմ ճանաչում այն կնոջը, որն իմ բնակարանով ապահովվել է: Այն դեպքում, երբ ես ընտանիք չեմ ունեցել, իմ տան տերը եղել եմ միայն ես եւ այդ մասին օրինական փաստաթուղթ եմ ներկայացրել: Անամոթաբար խլել են տունս, ծնողներիցս ժառանգած ունեցվածքս ու ինձ թողել փողոցում»:

Ռ. Սաֆրազբեկյանը դիմել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն եւ հույս ուներ, որ փաստերի առկայությամբ կհարուցվի քրեական գործ, այնինչ նախագահի վերահսկողականից կատարվածը որակել են «քաղաքացիական իրավահարաբերություններից ծագող վեճ»: Իսկ նրանց, ովքեր խորհուրդ են տալիս դիմել դատարան, Ռ. Սաֆրազբեկյանը հարցնում է. «Ի՞նչ միջոցներով դիմեմ դատարան: Ստանում եմ 8 հազար դրամ թոշակ, որը սպառվեց ընդամենը երկու տեղեկանք ձեռք բերելու համար»:

Հիշեցնենք, որ Ռ. Սաֆրազբեկյանը դիմել էր մի շարք պատկան մարմինների, բայց միեւնույն է, նրա բողոքը ՀՀ նախագահին ու գլխավոր դատախազին չի հասնում, քրեական գործ չի հարուցվում, ու նա հռետորական հարց է տալիս. «Ուզում եմ իմանալ, ե՞ս եմ թույլ, թե՞ երկրի ղեկավարը, որ այդքան հեշտ ու հանգիստ թալանում են մարդուն՝ չվախենալով արդարադատությունից»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31