Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Օգոստոս 25,2009 00:00

Վտանգված է հայցադիմումների շարժը

«Եթե ԱՄՆ Կոնգրեսը եւ նախագահը դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ այն չի ընդունվել ամերիկյան հասարակական, գիտական շրջանակներում»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ, Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի՝ Ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության փոխհատուցում կատարելու մասին օրենքի մերժումը ամերիկյան քաղաքականության նոր դրսեւորում չէ. «Այս որոշումը բեկանել է 2000 թ. դատարանի ընդունած որոշումը, որը հնարավորություն էր տվել նման հայցերով հանդես գալ դատարանում եւ փորձում է փակել հետագայում նման հայցերով դատարան դիմելու ճանապարհը»:

Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, վերջին շրջանում Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մեջ ի հայտ են եկել որոշակի երեւույթներ, որոնք բացասական են անդրադառնում մեր երկրի կողմից ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված ջանքերին: «Մասնավորապես՝ նկատի ունեմ վերջերս Մեթյու Բրայզայի անպատասխանատու հայտարարությունները, որոնք ոչ թե անփորձության արդյունք են, այլ՝ որոշակի քաղաքական նախապատվությունների»,- ասաց թուրքագետը: Նրա կարծիքով, շատ հավանական է, որ առաջիկայում ԱՄՆ-ի հայկական համայնքն իր գործունեությունը կուղղի առաջին հերթին Կոնգրեսում նոր որոշում ընդունելու ուղղությամբ: Այդ առումով թուրքագետը հնարավորություններ է տեսնում: Ռ. Սաֆրաստյանը չի բացառում նաեւ, որ ամերիկահայերը դատարանի ընդունած որոշումը կբողոքարկեն. «Սա, իմ գնահատմամբ, մեր պայքարի ցավալի դրվագներից է, բայց պարտություն չէ»:

Երեկ թուրքագետը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացրեց, որ որոշումն ընդունած 3 դատավորներից մեկը, ընդ որում՝ նախագահողը, դեմ է եղել որոշման ընդունմանը: Դատարանի որոշմանը, թուրքագետի մեկնաբանմամբ, նպաստել են ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական կազմակերպությունները, մասնավորապես՝ վերջին տարիներին ձեւավորված ԱՄՆ-ի թուրքական ֆորումի գործողությունները: Հանդիպման վերջում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա կարծիք հայտնեց, որ այն կախված չէ ՀՀ նախագահի՝ Թուրքիա մեկնելու հավանականությունից. «Այս տարվա ապրիլին Թուրքիայի «ճանապարհային քարտեզի» ստորագրումը վկայեց, որ Թուրքիան ամեն ինչ անում է հայերի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, իհարկե, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից»: Ռ. Սաֆրաստյանը հնարավոր չի համարում այս տարի հայ-թուրքական սահմանի բացումը, իսկ դրա հնարավորությունն էլ տեսնում է հայերի կողմից որոշակի զիջումների դեպքում միայն՝ Ցեղասպանության ճանաչման կամ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել