Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամրագոտին անհրաժեշտություն է

Օգոստոս 25,2009 00:00

\"\"Դրանց վտանգավորության մասին խոսակցությունները անհիմն են եւ չապացուցված

«Ինչո՞ւ Հայաստանում միայն վերջերս կարեւորվեց ամրագոտիների գործածումը»,- օրական 30-40 վարորդ է զանգում «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպություն ու այս հարցն ուղղում հ/կ-ին:

Հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, վարորդների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ նախապես տեղյակ չեն եղել. «Նրանք զարմացած են, թե ինչո՞ւ այդ գործընթացը այդքան արագ սկսվեց»:

Վարորդները պատճառաբանում են, որ իրենց մեքենաների ամրագոտիները գողացել են կամ արտադրությամբ ի սկզբանե չեն ունեցել, իսկ դրանք ձեռք բերելն էլ դժվար է: Է. Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Ամրագոտիների գործածությունը խիստ կարեւոր ու անհրաժեշտ է, միայն պետք էր վարորդներին գոնե 10 օր առաջ նախազգուշացնել, որ նրանք անակնկալի չգային»: Նրա համոզմամբ, եթե ամրագոտիները կիրառվեին նախորդ տարիներին եւս, ապա միայն նախորդ տարի ճանապարհային երթեւեկությունից մահացության դեպքերի թիվը կկրճատվեր 70%-ով: Է. Հովհաննիսյանին զարմացնում է վարորդների շրջանում ամրագոտիների գործածության անհիմն դժգոհությունները. «Եթե ողջ աշխարհում այն կիրառելի է ու համարվում է անվտանգությունը ապահովող լավագույն ձեւ, ինչո՞ւ Հայաստանում այն այդքան վատ ընդունեցին»:

Մեր հարցին, թե կարծիք կա, որ ամրագոտի կապած վարորդը եթե լավ տեղեկացված չլինի՝ ինչպես կապել գոտին, հնարավոր է, որ առողջական խնդիր ունենա. մասնավորապես՝ հնարավոր է, որ կտրուկ արգելակելու ժամանակ ամրագոտին դիպչի քներակին ու ընթացող վարորդին քնեցնի, ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Միջազգային պրակտիկայում երբեւէ չի արձանագրվել այդպիսի ուսումնասիրություն կամ փաստարկ, իսկ եթե Հայաստանում կա հիմնավոր այդպիսի փաստարկ, թող ներկայացնեն»: «Աքիլլեսի» նախագահը հղում կատարելով միջազգային փորձագետների ուսումնասիրություններին, ասաց, որ ամրագոտիների գործածությունը վտանգավոր կարող է համարվել միայն վթարների ժամանակ կողային վնասվածքներ ստանալու դեպքում: «Վտանգը կրկնապատկվում է հատկապես վարորդի կողքին նստած ուղեւորի համար, երբ վերջինիս ծանրությունն էլ է նրա վրա թեքվում: Այդքանով հանդերձ, ամրագոտիների կիրառությունը համարվում է անհրաժեշտ ու չափազանց օգտակար»,- Առավոտի հետ զրույցում ասաց Է. Հովհաննիսյանը: Նա նաեւ կարեւորեց մեքենաներում բարձիկների առկայությունը, մեկնաբանելով դրանց դրական ու բացասական կողմերը. «Երբ ուղեւորները ամրակապված են, այդ դեպքում բարձիկների առկայությունը շատ արդյունավետ է, իսկ երբ չկան ամրագոտիներ, ապա բարձիկները խիստ վտանգավոր կարող են լինել. վարորդին այս ու այն կողմ են քաշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել