Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆ 90 ԴՐԱՄ, ԳՆՈՒՄ ԵՍ 160 ԴՐԱՄՈՎ

Օգոստոս 25,2009 00:00

Մեր հեռուստաեթերում գովազդի խախտումներն ավելի շատ են, քան գովազդները

«Ես չգիտեմ՝ դուք ուր եք գնում, բայց ես հաջորդ կանգառում իջնում եմ». «Հայ լոտոյի» գովազդում մոտ 60-65-ամյա տատը այսպես է արձագանքում երիտասարդ տղայի էրոտիկ շարժումներին, երբ նա մետրոյի վագոնում «ձեռք է գցում» տատի ազդրերին ու մի լավ շոյում դրանք: Երիտասարդի շոյանքներից տատն իրեն այնքան լավ է զգում, որ, փաստորեն, ուզում է «կապել» տղային, օդային պաչիկներ է անում նրան: Այնինչ, հետո գովազդի սյուժեից պարզվում է, որ երիտասարդը, «Հայ լոտոյի» տոմսը ձեռքին, ընկել է երազների գիրկը, պատկերացրել, թե ինչպես է ավտո շահում ու դրա մեջ ոչ թե տատի, այլ փողոցից բռնած «ծտերի» հետ է «սիլի-բիլի» անում:

Ավանդական ընտանիքներում այս գովազդը դիտող հայ տատիկ-պապիկների համար հոլովակում նկարահանված իրենց հասակակիցը պարզապես «խայտառակում է մեր ռեսպուբլիկան», արատավորում է ընդունված բարոյականության նորմերը եւ խաթարում սերունդների ազգային ճիշտ մտածելակերպը: «Գովազդի մասին» օրենքի համաձայն, արգելվում է այն գովազդը, որտեղ վարկաբեկվում են բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը:

Ընդհանրապես, մեր հեռուստաեթերում «Գովազդի մասին» օրենքի խախտումներն ավելի շատ են, քան ցուցադրվող գովազդները: Մի գովազդային հոլովակ պարունակում է միանգամից 3-4 հոդվածի խախտում: Այդ մասին են վկայում գովազդի խախտումների մասին 1 ամիս տեւողությամբ հեռուստաեթերում կատարած մեր մոնիտորինգի արդյունքները:

«Գովազդի մասին» օրենքում ասվում է, որ գովազդը պետք է լինի հավաստի ու պատշաճ, չպետք է մոլորեցնի սպառողներին եւ ապակողմնորոշի՝ գովազդվող ապրանքի քանակի, որակի, առանձնահատկությունների, գնի եւ այլ տեղեկությունների հարցում: Արգելվում է գովազդում զետեղել ապրանքի պահանջարկի իրական չափերին չհամապատասխանող տեղեկատվություն: «Pampers sleep and play»-ի գովազդում ասվում է, որ այն կարող ենք գնել ընդամենը 90 դրամով, մինչդեռ իրականում 90 դրամ արժե «Pampers»-ի միայն առաջին համարը, որը նախատեսված է նորածինների համար, իսկ, օրինակ, 5-րդ համարն արժե 150-160 դրամ, այսինքն՝ գովազդում հստակ տեղեկություն չեն տալիս այդ մասին, ու սպառողը թյուրիմացության մեջ է ընկնում: Ընդհանրապես, մանկական բոլոր տակդիրների գովազդներում ասվում է, որ այն «լրիվ չոր կպահի ձեր բալիկի տուտուզիկը», սակայն բոլոր մայրիկներն էլ տակդիրը հանելիս տեսնում են, որ իրենց բալիկի տուտուզիկը խոնավ է, բավական է երեխան 1 բաժակ ջուր խմի՝ դրանք նաեւ սկսում են արտահոսել, բացի այդ, հատկապես գովազդվող հոտավետ տակդիրներն ալերգեն են ու ամեն երեխա չի կարող դրանք օգտագործել, ինչը գովազդում, բնականաբար, չի նշվում:

Անգամ ամենաէժան մազերի ներկերի գովազդում ցուցադրում են շլացուցիչ փայլող մազերով աղջկա, վստահեցնում են, որ այդ ներկը լրիվ փակում է սպիտակ մազերը, փայլը պահպանվում է մինչեւ հաջորդ ներկելը եւ այլն, սակայն ներկը գնելուց հետո սպառողը համոզվում է, որ գովազդում ցուցադրված շլացուցիչ փայլը ընդամենը ճիշտ տեղադրած լույսերի արդյունք է, ոչ թե իրականություն, այն ընդհանրապես չի ներկում սպիտակ մազերը, չորացնում ու վնասում է մազի որակը:

«Գովազդի մասին» օրենքով՝ գովազդը պետք է նշվի որպես այդպիսին, սակայն այսօր հեռուստաեթերում ցուցադրվող բոլոր հեռուստասերիալներում շեֆերը խմում են «Արամե» կոնյակ, կադրում կես րոպե ցուցադրում են շիշը, ու թեեւ բոլորն էլ հասկանում են, որ դա գովազդ է, այն չի նշվում որպես այդպիսին: «Հարեւաններ» հեռուստասերիալում բոլորը խմում են սուրճ «Գրանդ Քենդի», ամեն սերիայի 10 րոպեն հերոսներն իրար ասում են, թե ինչքան լավ սուրճ է այն, բայց հեռուստադիտողին խաբում են, թե նա սերիալ է դիտում, այլ ոչ թե գովազդ: «Կյանքի գինը» հեռուստասերիալում Բորիս Բարխուդարովն իր սիրելիին դիմում է՝ «իՏսՏՑՏպ րՏսվՓպ», հետո ցույց են տալիս, որ Բարխուդարովն ընդամենը սեղանին դրված նույն ապրանքանիշի ձեթի մասին է խոսում:

Գովազդային շուկայում բավականին հաջողված եւ սիրված է «Գրանդ Քենդիի» վերջին հոլովակը, երբ սրճարանում պաղպաղակ վայելող աղջնակը հեռախոսով մորը վստահեցնում է, որ ինքը հիվանդ պառկած է տանը: Սա նույնպես օրենքի խախտում է, քանի որ երեխաներին սովորեցնում է մայրիկներին ստել:

Այսօր հեռուստաեթերում բավականին շատ են ցուցադրում տարբեր բովանդակությամբ ու տարբեր հարցումներով «sms» ուղարկելու գովազդները: Որպես կանոն, այն տեղեկատվությունը, որը վերաբերում է «sms»-ի արժեքին, ցուցադրվում է այնքան մանր տառերով ու այնքան արագ է անցնում, որ խոշորացույցով անգամ չես կարող հասկանալ՝ որքան ես վճարելու այդ «sms»-ի դիմաց: Ըստ «Գովազդի մասին» օրենքի, Հայաստանում գովազդի լեզուն հայերենն է, բայց ցանկության դեպքում այն կարող է ուղեկցվել նաեւ այլ լեզուներով: Սակայն մեր եթերում ճիշտ հակառակն են անում, գովազդը ցուցադրում են ռուսերեն, էկրանի ներքեւում մանր տառերով ու վազող տողով անցնում է հայերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել