Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համբերե՛ք, մի օր աշխատավարձ կստանաք

Օգոստոս 25,2009 00:00

\"\"Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» քիմիական գործարանի աշխատողները երեկ ընկերության դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ չստացած աշխատավարձերի համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ բանվորներից մեկն ասել է. «Մենք ուզում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, որ ամեն ամիս աշխատավարձը պիտի ստանանք, կատարվի: Բայց այսօրվա դրությամբ մենք 6 ամիս աշխատավարձ չենք ստացել»: «Վարչապետը սկզբից խոստացավ, որ մեզ փող են հատկացնելու ռուսական 500 միլիոնից: Սաղ Հայաստանով մեկ իմացան, որ քիմզավոդին դրանից փող են տալու: Հենց փողը ստացան, արդեն եկավ ստեղ ու ասավ՝ ոչ, չեմ տալու»,- դժգոհել է մեկ ուրիշ բանվոր: Վերջին անգամ աշխատավարձ ստացել են անցած ուրբաթ՝ այն էլ, ինչպես աշխատողներն են ասում, տրվել է իրենց բողոքը կանխելու համար. «Ուրբաթ օրը երեւի իմացել են, որ նման բան ենք կազմակերպում, մարտ ամսվա աշխատավարձն են տվել»:

Քիմպրոմցիները բողոքում են չստացած աշխատավարձերի, խանութում ունեցած պարտքացուցակների, գոյատեւելու միջոցներից զուրկ լինելու համար: Բանվորներից Պարույր Հարությունյանն էլ լրագրողին պատմել է իր եւ գործընկերների ազատման մասին. «Հունիսի 31-ին ազատել են աշխատանքից՝ առանց իմ իմանալու»:

Ընկերության տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը ցույցի ժամանակ Վանաձորում չի եղել: Ըստ նրա օգնական Արթուր Ստեփանյանի՝ գնացել է Երեւան՝ բանկերից վարկ վերցնելու: Ա. Ստեփանյանը բանվորներին հորդորել է համբերել. «Ես էլ ձեզ նման հինգ ամիս աշխատավարձ չեմ ստացել»: Նշենք, որ գործարանը անցած տարեվերջից դադարեցրեց կարբիդի արտադրությունը՝ միջազգային շուկայում գների կտրուկ անկման պատճառով: Ընկերության պարտքն իր աշխատողներին՝ անցնում է 100 միլիոն դրամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել