Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Օգոստոս 25,2009 00:00

Արդեն մի քանի օր խանութներում նկատվող գնաճը վաճառողները պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ:

Դոլարի փոխարժեքը օգոստոսի սկզբին 360-361 դրամ էր, մինչեւ ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ը, փոխարժեքը դարձել էր մոտ 365 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Սակայն ուրբաթ օրը դոլարը կտրուկ թանկացավ՝ կազմելով 375.80 դրամ: Սա՝ Կենտրոնական բանկի տվյալներով, իսկ փոխանակման կետերում դոլարը ուրբաթ օրվանից սկսած վաճառվում է ավելի թանկ՝ 380-382 դրամով:

Դոլարի փոխարժեքի նման փոփոխության հետ գրեթե զուգահեռ՝ ուրբաթ երեկոյան արդեն շուկայում բարձրացան շաքարավազի, կարագի, ձեթի գները: Օրինակ, եթե նախկինում մեծածախ վաճառքի կետերում շաքարավազի 1 կգ-ը վաճառվում էր 260 դրամով, հիմա արդեն այն արժե 280-300 դրամ: Վաճառողները զարմացած սպառողներին բացատրում էին, որ դոլարը թանկացել է, եւ այդպես էլ պետք է լինի: Բնականաբար, ներկրվող ապրանքների գինը դոլարի փոխարժեքի հետ կապված փոխվում է, քանի որ տնտեսվարողներն արտաքին շուկայում այդ ապրանքները գնում են դոլարով: Սակայն Հայաստանում այդ փոփոխությունը կատարվում է կայծակնային արագությամբ, վաճառքի կետերն ասես «չենջ» լինեն. դոլարը 1 դրամ թանկացավ՝ նույն պահին բարձրացնում են նաեւ ներկրված բոլոր ապրանքների գները, մինչդեռ շուկայում դեռ վաճառում են ապրանքի հին խմբաքանակը, որը ձեռք են բերել անհամեմատ էժան գներով:

«Փեթակ» տոնավաճառում շաքարավազի վաճառքի մեծածախ կետեր կան: Շաբաթ օրը «Փեթակում» ոչ մի կիլոգրամ շաքարավազ չկար. վաճառականները տեղեկացրին, որ ինչ դոլարի կուրսը բարձրացել է, մատակարարներն ամբողջ խմբաքանակը հավաքել են: Վաճառականներից մեկի խոսքերով. «ասում են՝ շաքարավազն ավելի է թանկանալու, դրա համար էլ մատակարարը հավաքել է, որ միայն իր խանութներում ծախի՝ իր ուզած գնով»:

Հայտնի է, որ Հայաստանում շաքարավազի շուկան մենաշնորհային է, եւ միակ ներկրողը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, որը մայրաքաղաքում բազմաթիվ խանութներ ունի՝ «Երեւան Սիթի», «Լուս աստղ», «Կայսեր» եւ այլն: «Փեթակի» վաճառականները վստահեցնում էին, որ եթե դոլարի փոխարժեքը երկար ժամանակ այսպես բարձր մնա, հավանաբար, մայրաքաղաքում, բացի վերը նշված խանութներից, շաքարավազ ընդհանրապես չի լինի, այսինքն՝ մատակարարը կվաճառի իր շաքարավազն իր ուզած գներով՝ շուկայում ստեղծելով արհեստական դեֆիցիտ: Սա առաջին դեպքը չէ, երբ շաքարավազի շուկայում դոլարի կուրսի փոփոխության հետ կապված՝ այս նույն պատմությունը կրկնվում է: Չնայած վաճառականների խոսքերին, որ մատակարարն է ուզում գերշահույթներ ստանալ՝ սպառողների գրպանի հաշվին, չի բացառվում, որ, այսպես ասած՝ «ձկան գլուխը» թաղված է հենց վաճառողների շրջանում եւ որ շաքարավազը շուկայից հավաքել են հենց իրենք, սպասելով, որ այն թանկանա, հետո թանկ գներով վաճառեն:

Նշենք, որ այս օրերին միջազգային շուկայում շաքարավազի գները բարձրացել են, այնպես որ, դժվար է հստակ ասել՝ Հայաստանում ուրբաթ օրվանից շաքարավազի թանկացումը հենց դոլարի փոխարժեքի՞ բարձրացման հետեւանք էր, թե՞ արդեն միջազգային շուկայում գների ազդեցության:

Շաքարավազի շուկայում վերջին օրերին արձանագրված թանկացումների հետ կապված՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից «Առավոտին» պարզաբանեցին. «Շուկայի զարգացումները մեր ուշադրության կենտրոնում են պահվում եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:

Ինչ վերաբերում է «Փեթակ» տոնավաճառում շաքարավազի վաճառքի մեծածախ կետերից ապրանքի ամբողջ խմբաքանակը հավաքելուն, հանձնաժողովից պարզաբանեցին, որ նման տվյալ իրենց տրամադրության տակ չկա. «Եթե որեւէ վաճառքի կետի աշխատող մեզ դիմի, որ իրենից իսկապես ապօրինաբար հավաքել են մատակարարված շաքարավազը, մենք այդ գործին ընթացք կտանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել