Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ

Օգոստոս 25,2009 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգոստոսի 21-ին ստորագրած որոշումը՝ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին, «Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է երեկ: Ըստ այդմ՝ այն այսօրվանից ուժի մեջ է: Սակայն ենթադրում ենք, որ այս կարգի վերաբերյալ խոսակցությունը դեռ նոր է սկսվում, եւ օգոստոսի 22-ի մեր քննադատական հրապարակումն այդ շարքում ընդամենը առաջինն էր:

ԱԺ արձագանքը

ԱԺ-ում խորը տարակուսանք են առաջացրել «Առավոտի» մեկնաբանությունները (22.08.2009թ.՝ «Լրագրողների համար դադարեցվում է ազատ ելումուտն ԱԺ» եւ Աննա Իսրայելյանի «ԱԺ դերը շարունակում է անշեղորե՜ն բարձրանալ») ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգի վերաբերյալ: Զարմանալի է, որ տիկին Իսրայելյանի պես խորաթափանց ու պրոֆեսիոնալ լրագրողը, իր հոդվածում չներկայացնելով որեւէ իրավագիտական մասնագիտական տեսակետ, հրապարակել է իր անմիջական արձագանքը՝ դրանով իսկ խախտելով «Առավոտի» կայքէջում հրապարակված Կանոնների 1 եւ 2 կետերը: Զարմանալի է նաեւ, որ տիկին Իսրայելյանն իր հոդվածում չհիմնավորված պնդումներ է կատարում ՀՀ օրենսդրության վերաբերյալ:

Անդրադառնանք վերոհիշյալ հրապարակումների դրույթներին ըստ էության՝ կենտրոնանալով իրավական ու կիրառական առանցքային հարցերի վրա.

Նոր կարգը (կետ 25) նախատեսում է հավատարմագրված լրագրողների համար հրապարակային միջոցառում չլինելու դեպքում եւս հնարավորություն այցելել ՀՀ ԱԺ որեւէ պատգամավորի կամ ՀՀ ԱԺ աշխատակազմ: Ի դեպ, այս կանոնը գործում է նաեւ չհավատարմագրված լրագրողների համար:

Հակառակ տիկին Իսրայելյանի պնդման՝ նախորդ տարիներին երբեք ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրումը չի սկսվել օգոստոսի 1-ից (2008թ.՝ օգոստոսի 15-ից, 2007թ.՝ օգոստոսի 20-ից, 2006թ.՝ օգոստոսի 15-ից):

Հավատարմագրման համար լրատվության միջոցին ներկայացվող պահանջները պարտադրված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի (Oրենք N ՀՕ-14-Ն, ուժի մեջ է մտել 08.02. 04թ.) 6-րդ հոդվածի 2-րդ կետով. «Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում սահմանվում են՝ 1) Լրատվության միջոցին ներկայացվող այն պահանջները (լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը եւ այլն), որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը»: Այլ կերպ ասած, օրենքը պարտավորեցնում է հավատարմագրման կարգում սահմանել որոշակի չափանիշներ, ինչը եւ արվել է:

Հարկ է նշել, որ հրապարակված նոր կարգով մարզային հեռուստաընկերությունների՝ Երեւանում թղթակցական կետ չունեցող հեռուստա- եւ ռադիոընկերությունների լրագրողներին չհավատարմագրելը նորույթ չէ. այն գործել է ցայսօր, դեռեւս 2003թ. հաստատված հավատարմագրման կարգին համաձայն:

Հավատարմագրումը դադարեցնելու հնարավորության մասին հրապարակված կարգի դրույթների մեջ եւս չկա որեւէ նորարարություն: Նույնաբովանդակ մեխանիզմներ են նախատեսված, օրինակ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» որոշմամբ (որոշում N 333-Ն, ուժի մեջ է մտել 17.04.2004թ.) եւ, մասնավորապես, վերջինի 13-րդ կետի «գ» ենթակետով: Նշված իրավական փաստաթղթերը մատչելի են եղել բոլոր լրագրողներին վերջին 5 տարիների ընթացքում:

Պետական մարմնի, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի աշխատակարգը հարգելու պահանջը եւս բխում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքից՝ դրա 6-րդ հոդվածի 6-րդ կետից, մասնավորապես՝ «Հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին եւ այդ մարմինների աշխատակարգի կանոններին համապատասխան»: Այստեղ եւս որեւէ նորություն չկա: Իսկ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 18-րդ կետի «դ» ենթակետն այդ դրույթի տրամաբանական շարունակությունն է:

ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման վերաբերյալ նոր կարգը մշակվել է մասնագիտական լուրջ եւ երկարատեւ քննարկումների ընթացքում՝ հիմք ընդունելով հարցի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաեւ եվրոպական երկրների (Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, նախկին Հարավսլավիայի, Մակեդոնիայի Հանրապետության եւ 20-ից ավելի այլ պետությունների) խորհրդարանների կողմից որդեգրված չափանիշները:

ՀՀ ԱԺ-ն իր պատրաստակամությունն է հայտնում տալ լրագրողների հավատարմագրման այս նոր կարգի շուրջ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, ինչպես նաեւ այն քննարկել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն

Արձագանք մի արձագանքին

Եվ այսպես, Ազգային ժողովն արձագանքել է «Առավոտի» օգոստոսի 22-ի համարում Աննա Իսրայելյանի հրապարակած՝ «ԱԺ դերը շարունակում է անշեղորե՜ն բարձրանալ» հոդվածին: Նախ, արձագանքի հեղինակները գրում են, թե Ա. Իսրայելյանը խախտել է «Առավոտի» Կանոնների 1 եւ 2 կետերը: Ըստ «Առավոտի» Կանոնների 1 կետի՝ «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները»:

Ես դասախոսություն չեմ կարդա լրատվական ժանրերի թեմայով, բայց պիտի նշեմ, որ խոսքը լուրի եւ ռեպորտաժի մեջ սեփական դատողություններն ու էմոցիաները չարտահայտելու մասին է: Ա. Իսրայելյանի գրածը մեկնաբանություն է, որում ցանկացած լրագրող կարող է արտահայտել իր տեսակետը կամ կարծիքը: Լրատվությունը մեկնաբանությունից հստակ տարանջատված է: Դե, իսկ սեփական կարծիք արտահայտելու իրավունքը, պարոնայք, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով է սահմանված, նաեւ՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Սա՝ ի գիտություն: Ինչ վերաբերում է «Առավոտի» Կանոնների 2 կետին, ապա Ձեր պատասխանի հրապարակումը «Առավոտում» դրա կատարման վառ ապացույց է: Հոդվածում լրագրողը գործել է պրոֆեսիոնալ կերպով՝ մեջբերել է Կարգի համապատասխան դրույթը եւ տվել իր մեկնաբանությունը: Իսկ այ, ԱԺ արձագանքի ոճը, ցավոք, խրատական-դաստիարակչական է, ինչը արդեն իսկ խորհելու տեղիք է տալիս. եթե այդպես եք արձագանքելու ԱԺ հասցեին հնչած բոլոր քննադատություններին, ապա, իրոք որ, լրագրողները մտահոգվելու տեղիք ունեն սահմանած հավատարմագրման կարգի առիթով:

Ըստ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝ պետական մարմինները սահմանում են լրագրողների հավատարմագրման կարգ, եւ ԱԺ սահմանած կարգը հիմնականում համապատասխանում է օրենքի պահանջներին, սակայն դրա որոշ դրույթներ իրոք մտահոգվելու տեղիք են տալիս: Մասնավորապես՝ հատկապես մտահոգիչ է Կարգի 18-ի «գ» կետը, ըստ որի՝ լրագրողը հավատարմագրումից զրկվում է, եթե «նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մաuին այնպիuի տեղեկություններ, որոնք չեն համապատաuխանում իրականությանը, ինչը հաuտատվել է դատարանի վճռով»: Մի կողմ դնենք այն, որ նման դրույթը հակասում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածին: Այսուհանդերձ, եթե կարգի հեղինակները ցույց տան Հայաստանում գեթ մի դատավորի, որը կհամարձակվի մերժել որեւէ լրագրողի հրապարակումը իրականությանը չհամապատասխանող ճանաչելու մասին ԱԺ հայցը՝ ես երկու ձեռքով կողմ կլինեմ այս դրույթին: Չկա Հայաստանում այդպիսի դատավոր: Ցավոք:

Խիստ անհանգստացնող է Կարգի 23 կետում հավատարմագրված լրագրողի համար սահմանված դրույթներից երկուսը. «23. Հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝

ա) մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.

բ) իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց եւ Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը»:

Ընդհանրապես, այլոց (եւ ոչ միայն պատգամավորների) իրավունքներն ու օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը բոլորի (եւ ոչ միայն լրագրողների) կողմից հարգելը կարգավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ օրենքներով, եւ Կարգում նման բան սահմանելը անիմաստ է: Մանավանդ, որ ցանկացած լրագրողի կողմից ցանկացած պատգամավորի մականունի նշումն արդեն կարող է դիտվել անհարգալից վերաբերմունք վերջինիս նկատմամբ, էլ չենք ասում, որ պատգամավորները սեփական արժանապատվության վիրավորանք են համարում անգամ աչքի վերեւում հոնքի առկայության կամ ճաղատ գլխին արհեստական մազ աճեցնելու հիշատակումը: Դե, իսկ այս կետի «բ» ենթակետի խախտում կարող է որակվել, ասենք, եթե լրագրողը միջանցքում մոտենա որեւէ պատգամավորի եւ հարց տա, իսկ վերջինս համարի, որ այդ հարցով լրագրողը խոչընդոտել է նրան՝ ճեմելով խոկալ բյուջեի նախագծի շուրջ եւ մտքում մշակել իր առաջարկները: Եվ քանի որ Կարգի 18-րդ կետով էլ ԱԺ-ն իրեն իրավունք է վերապահել հավատարմագրումից զրկել այն լրագրողին, ով «խախտել է օրենքների պահանջները կամ «Ազգային ժողովի վարչական շենքի եւ տարածքի պահպանության հրահանգի կամ ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոնների կամ սույն կարգի պահանջները» (ընդգծումը մերն է – Մ. Հ.), ապա պարզ է կդառնա, թե ինչ հետեւանք կարող է ունենալ նույն լրագրողի համար պատգամավորի աչքի վերեւում հոնքի, ճաղատ գլխին աճեցրած մազի հիշատակումը կամ նրա մտորումներին խոչընդոտելը:

Ընդդիմանալով այս Կարգի որոշ դրույթներին եւ քննադատելով դրանք, ես՝ իբրեւ «Առավոտի» ընթերցողների խմբագիր, պաշտպանում եմ ընթերցողների՝ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Առավոտի» ընթերցողների խմբագիր (օմբուդսման) Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ

Մեր արձագանքը

Համաձայն չենք ԱԺ պատասխանում արված պնդման հետ, թե հավատարմագրման նոր կարգում չկա որեւէ նորարարություն: Տեղի սղության պատճառով թվարկում ենք միայն երկուսը. նորարարություն է ե՛ւ այն, որ հավատարմագրված լրագրողներն այսուհետ պետք է կարգում չնախատեսված օրերին ԱԺ մտնելու համար դիմեն ժամանակավոր անցագրեր ստանալու համար, ե՛ւ այն, որ ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածած լրագրողից բացի՝ այլ լրագրողի հավատարմագրելու իրավունքից զրկվում է տվյալ ԶԼՄ-ն: Այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, որը վկայակոչված է ԱԺ պատասխանում:

Եվս մի նկատառում՝ ԱԺ-ն միայն այս կարգը հաստատելուց հետո է պատրաստակամություն հայտնել «այն քննարկել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների հետ»: Մինչդեռ դա կարելի էր անել վաղօրոք եւ ոչ՝ «ճաշից հետո՝ մանանեխ» սկզբունքով: Ու մասնավորապես կարելի էր ի վերջո տեղեկացնել, թե որո՞նք են «ԱԺ-ում սահմանված աշխատակարգի» այդ կանոնները, որոնք խախտելու դեպքում լրագրողներին սպառնում է հավատարմագրից զրկվելու հեռանկարը:

Նկատենք, որ ըստ իրավաբանների մեկնա բանությունների՝ ԱԺ նախագահի հրամանով հաստատված այս բոլոր սահմանափակումները հակասում են Սահմանադրության 83.5 հոդվածին, որի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը» եւ այլն:

Եվ վերջապես նշենք, որ մեր ձեռքի տակ է հավատարմագրման այս կարգի աշխատանքային տարբերակը: Ըստ այդմ՝ նախատեսվում էր, որ լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե «նա հրապարակել է ԱԺ-ի կամ աշխատակազմի գործունեության մասին ակնհայտ սուտ տեղեկություններ եւ տվյալ լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվել է ԱԺ աշխատակազմի պահանջով տպագրել տվյալ տեղեկատվության հերքում», կամ էլ խախտել է «Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների» պահանջները: Այնպես որ՝ կարելի է ասել, որ էլի լավ ենք պրծել: Գուցե՝ առայժմ:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել