ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը երեկ ասուլիսում արձագանքելով news.am-ի թղթակցի դիտարկմանը, թե թերթերի խմբագիրները՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, իրավունքների սահմանափակում են գնահատում լրագրողների համար ԱԺ սահմանած հավատարմագրման նոր կարգը՝ մեջբերեց Պուտինին. «ԾցւՌ ՏՑՊպսՖվՏ, ՍՏՑսպՑօ ՏՑՊպսՖվՏ», ու հավելեց. «Կան փաստեր, եւ կան շահարկումներ: Փաստն այն է, որ կա աշխատանքային նոր կարգ, որը պետք է գործի: Եվ կան շահարկումներ այն մասին, թե ինչպես կարող է այդ կարգը խոչընդոտել լրագրողների աշխատանքին: Ես ունեմ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հստակ հանձնարարությունը, որպեսզի հետեւեմ՝ ամբողջ աշխատակազմի հետ միասին, որ լրագրողների աշխատանքին որեւէ խոչընդոտ չստեղծվի»:
Սահմանված նոր կարգի համաձայն՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն նիստերի, ճեպազրույցների եւ այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ԱԺ նախագահի խոսնակն ընդունեց, որ այս առումով տեղի է ունեցել ԱԺ-ում հաստատված ավանդույթի փոփոխություն, սակայն պնդեց, թե ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: «Եթե դուք դիմում եք պատգամավորին՝ հարցազրույց անցկացնելու համար, եւ պատգամավորը ձեզ հրավիրում է՝ ձեզ համար որեւէ խոչընդոտ չի ստեղծվելու,- խոստացավ Նաիրի Պետրոսյանը:- Խոսքն այն մասին է, որ լրագրողները չպետք է ամբողջ ժամանակ անցնեն Ազգային ժողովի միջանցքներով: Եվ ես կարծում եմ՝ դա նորմալ է: Համենայնդեպս՝ եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարաններում սահմանափակում է մտցվում լրագրողների համար՝ ընդհուպ մինչեւ մամուլի կենտրոնի սենյակ»: Իսկ նոր կարգի այն դրույթի կապակցությամբ էլ, թե հավատարմագրվել կարող են 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող թերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի թղթակիցները՝ պրն Պետրոսյանը նշեց, «Ամեն պատի թերթ իրավունք չունի հավատարմագրվել»: «ՀԺ»-ի ռեպլիկը՝ «Իսկ ամեն քրեական հեղինակություն իրավունք ունի՞ դառնալ ԱԺ պատգամավոր»՝ մնաց անպատասխան: