Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակության համախմբման առանցքը

Օգոստոս 25,2009 00:00

Երեկ Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որ ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին, մեր երկրի անկախության հիմնադիր փաստաթուղթն է։ Դրանով սկիզբ դրվեց իր ազատության գրավականը՝ անկախ պետականությունը կորցրած հայ ժողովրդի հազարամյա երազանքի իրականացմանը։ Հռչակագիրն ընդունեց կոմունիստական ամբողջատիրության դեմ հաղթանակ տարած ժողովրդավարական ուժերի խորհրդարանը՝ վստահ արձանագրելով լիակատար անկախության հասնելու իր վճռականությունն ու հաստատակամությունը։ Դեռ Խորհրդային Միության գոյության պայմաններում այն ըստ էության ընդունվեց ընդհանուր համաձայնությամբ՝ դառնալով անկախության գաղափարի շուրջ հասարակության համախմբման առանցքը։

Անկախության հռչակագիրը կարեւորագույն քաղաքական փաստաթուղթ է։ Դրանով, ըստ էության, ամբողջությամբ մերժվում են ինչպես երրորդ մի ուժի ապավինելու, այնպես էլ կեղծ-հայրենասիրության ու առավելապաշտության վրա հենված հայ ավանդական քաղաքական մտքի ժամանակավրեպ ու վնասակար պատկերացումները եւ առաջին անգամ պետականորեն որդեգրվում սեփական ուժերի վրա հենվելու իրատես քաղաքականության սկզբունքը։ Ինքը՝ փաստաթուղթը, հենց այդ սկզբունքի առաջին մարմնավորումն է։ Նկատի ունենալով Խորհրդային Միության դեռեւս գոյության փաստը՝ այն ոչ թե լիակատար անկախություն հռչակեց, այլ Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը՝ մնալով գործող օրենքների տառին հավատարիմ։ Դրանով ապահովվում էր վերջնական անկախության հասնելու ճանապարհի անվտանգությունը։ Մյուս կողմից՝ Հռչակագիրն իր մեջ ներառավ պետականության հիմնադրույթներ, որոնցով առաջնորդվող ու դրանք կյանքի կոչող երկիրը ոչնչով չէր զիջելու որեւէ անկախ պետության։ Դրանով էլ ապահովվեց անհրաժեշտ պետական շինարարությունը ու ներքաղական կյանքում լիակատար անկախության անցնելու համար ապահով հիմքերի ստեղծումը։ (…)

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին մեր պետականության հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ։ Համաժողովրդական մեր շարժումը պայքարելու է՝ վերադառնալու համար հայկական պետականության ակունքներում դրված հիմնարար փաստաթղթերի դրույթներին, ինչի հակոտնյան, այլասերումն ու ոչնչացումն է Հայաստանում հաստատված պետականամերժ ու ազգակործան ռեժիմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել