Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԹՆԱՑԵՔ, ՇՈՒՐՋՆԵՐԴ ՆԱՅԵՔ

Օգոստոս 25,2009 00:00

\"\"Կոչ է անում Սամվել Գեւորգյանը՝ «պատմության ու սերունդների աչքերին ուղիղ նայելու համար»

«Այստեղ հավաքված մարդիկ այն կորիզն են, ովքեր շուրջ երկու տարի հաշվի չառնելով բռնություններ, ծեծուջարդ, սպառնալիքներ, անձրեւ-կարկուտ, ցուրտ ու շոգ՝ չլքեցին Կոնգրեսն ու գաղափարները: Այս մարդիկ արդեն ձեւավորել են ողնաշարը: Ըստ իս, ոչ միայն քաղբանտարկյալներն են, որ հերոսաբար դիմացան բանտերում, այլ նաեւ այս մարդիկ, ովքեր տուն ու տեղ, անձնական հոգսն ու ցավը մի կողմ դրած՝ գալիս են, որովհետեւ գիտեն, թե ինչի համար են գալիս՝ չի կարելի երկրի ապագան թողնել անորոշ»,- կարծում է ՀԱԿ անդամ Սամվել Գեւորգյանը՝ նկատի ունենալով Սարյանի արձանի շրջակայքում «քաղաքական զբոսանքների» մշտական մասնակից անձանց: Մեր զրուցակիցը չի կիսում տեսակետը, թե պայքարի նմանատիպ մեթոդներն իրենց սպառել են. «Պայքարն իր հանգրվաններն ունի, իր տրամաբանությունը եւ դրանից բխող քայլերը: Նախ՝ ամառ է, հետո՝ արդեն հայտարարված է սեպտեմբերի 18-ին կայանալիք մեծ հանրահավաքի մասին, եւ աշխատանքների մնացած մասը կատարվում է շտաբներում, ենթաշտաբներում: Մեր անդամները հանդիպում են բնակիչների հետ, քարոզչական խմբեր են ստեղծվում եւ այլն»: Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ ակնկալիքնե՞ր կան ամսի 18-ին կայանալիք հանրահավաքից: «Իմ գնահատմամբ, այն հերթականը չի լինելու: Ի վերջո, այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել. կտրվեն դրանց գնահատականները, եւ, բնականաբար, հետագա տակտիկայի առումով առաջարկներ կլինեն»,- եղավ պատասխանը:

Պարոն Գեւորգյանը զարմացած է, որ ժողովրդի մի մասը դեռ «թմբիրի» մեջ է, ու կոչ է անում. «Արթնացեք, շուրջներդ նայեք, անցած ճանապարհը նայեք: Տեսեք՝ ի՞նչ որակներ են փոխվել, ի՞նչ արժեքներ են ոտնահարվել ու վերացել, ինչպիսի՞ զիջումների են գնացել սրանք՝ որպես պետական այրեր, եւ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ հայոց պետականության ապագայի հարցում: Ես վախենում եմ, որ ժողովրդի մի մասն այդպես էլ չհասկանա, թե ինչ կատարվեց: Նման պահեր պատմության մեջ մենք ունեցել ենք՝ պետական դավաճանության պահեր եւ նախարարների կողմից, եւ եկեղեցու, բայց այսպիսի հավաք կլան, որը ժողովրդին ծրագրավորված կտանի պետականության կորստի եւ անորոշ ապագայի՝ մտածելով միայն սեփական ունեցվածքի մասին, դեռ չէինք ունեցել: Սա իշխանություն չէ, այլ փող հավաքող կլան, որը արդեն զոհաբերել է Ղարաբաղն ու հայոց պետականությունը. դրա համար «պատիվ, վարկ, թասիբ…» նման բաների մասին սրանք իրավունք չունեն խոսելու: Իսկ այստեղ (ընդդիմության շուրջ– Ն. Գ.) հավաքված մարդիկ գիտեն, որ կորցնելու են իրենց երեխաների ապագան, իրենց նախնիների հիշատակն ու հայրենիքը. թույլ չենք տալու: Իրենց սեւ երազանքը վերջին չի հասնելու: Բավական էր եւ այն, թե ինչպես ոտնահարեցին Անկախությունն ու այդ գաղափարը, թե ինչպիսի բարքեր են տիրում մանկապարտեզներից սկսած՝ բուհերով վերջացրած, թե ինչպես են խոսում այդ երեխաները: Նույնիսկ երեխաների միջից են փորձում հանել հոգեւորը, մի բան, որ իրենք չունեն»:

Հետաքրքրվեցինք՝ ինչի՞ հիման վրա են կոնգրեսականները հայտարարություններ անում, թե՝ «Ղարաբաղը տված-վերջացրած է», երբ ստորագրված նման փաստաթուղթ չկա, իսկ իշխանավորները անընդհատ խոսում են այն մասին, որ որեւէ մեկը ոչ միայն չի պատրաստվում, այլեւ չի էլ կարող միանձնյա նման որոշում ընդունել: «Մենք երեւի, ինչպես ասում են, տաք ենք եւ չենք զգում, բայց երբ բացահայտ տրվում են շրջանների անուններ, որոնք պետք է վերադարձվեն, հստակ խոսվում է փախստականների վերադարձի մասին, եւ երբ պետությունդ էլ շատ թույլ է՝ ստորագրելը տեխնիկական հարց է: Շատերը «սպառնում» են՝ «թող համարձակվեն ստորագրել, իրենք չեն որոշում, ժողովուրդն է որոշելու…». ինչ պիտի անե՞նք: Աշխարհի դեմ կռվելո՞ւ ենք: Պետք է սթափվենք: Եթե հիմնական սկզբունքներն ընդունվել են, տեխնիկական մանրամասները եւ մեծ համաձայնագրի ստորագրումը ժամանակի հարց են, ու մենք ամեն ինչ պետք է անենք մինչեւ ստորագրումը, որպեսզի դա թույլ չտանք»,- ասում է Սամվել Գեւորգյանը:

Նկատեցինք, որ ՀԱԿ-ի երկու տարիների պայքարի արդյունքում դեռեւս հնչում է «Հաղթելու ենք» կարգախոսը, եւ դեռեւս ի ցույց են դրվում այս ռեժիմի բոլոր բացասական կողմերը: Ի պատասխան, մեր զրուցակիցը հակադարձեց, որ այդ ժամանակահատվածում ՀԱԿ-ը համալրվել է մի շարք մտավորականներով, ովքեր մինչ այդ ավելի չեզոք էին, քաղաքացիական կեցվածք ունեցող երիտասարդներով, եւ որ ամենակարեւորն է՝ «քաղաքական դաշտը մաքրվել է, ժողովուրդը հասկացել է, որ իրական ընդդիմությունը չի ծախվում, եւ հասկացել են, թե ում ետեւից պետք է գնան»: Մեր զրուցակիցը կոչ է անում դեռեւս հապաղող մտավորականներին եւ տարբեր եղանակներով «ճզմված» երիտասարդներին՝ «Չխաբվել տրվող թուլափայերով, ինչպես 3000-5000-ական դրամներով ապագան ծախվեց: Հիմա մենք պատմական պահի առջեւ ենք կանգնած: Աստված մեզ տվել է վերջապես հայրենիք ունենալու եւ դրան տեր կանգնելու հնարավորությունը: Սթափվեք եւ միացեք երկրի անկախության եւ սահմանադրական կարգի վերականգնման պայքարին: Սա իշխանափոխության կամ անձերի պայքար չէ, ուստի միանանք, որպեսզի կարողանանք պատմությանը եւ սերունդների աչքերին ուղիղ նայել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել