Գիրք ութերորդ
Գլուխ քսանմեկերորդ
ԳՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՔԵՐ
Եվ Սաքոն Գագոյին ասաց՝ «Դերոյից էինք խոսում», եւ Գագոն հարցրեց՝ «Դերոյից ի՞նչ էինք խոսում», եւ Սաքոն ասաց՝ «ասում էիր՝ բերդի տղերքը շատ ուժեղ պաձերժկա են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես լրիվ հակառակն եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասել եմ՝ որ ինքը իրան բերդում ճիշտ դրսեւորած ըլներ, հիմի բերդի տղերքն իրա մեջքին կըլնեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոնց որ Կրիվոյի Նվերի մեջքին են կայնել, ըտենց էլ Դերոյի մեջքին կկայնեին», եւ ես Գագոյին հարցրի՝ «ո՞վ ա ասում, որ Նվերի մեջքին կայնել են», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «նոր դու չէիր ասո՞ւմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էի ասում», եւ Գագոն ասաց՝ «ասում էիր՝ Ֆրանսիա բիզնես ունի», եւ ես ասացի՝ «բայց չեմ ասել, թե իրա բերդի շրջապատն ա իրան օգնել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու պիտի ինձ ասե՞ս, որ ես իմանամ՝ ինչն ինչոց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս՝ էդ բաների մասին ըսենց բաց չեն էլ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդունված չի», եւ ես ասացի՝ «էդ օրենքներից գաղափար չունեմ», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «էդ ո՞նց ա, որ Նվերին պաձերժկա անում են, բայց Դերոյին չեն անում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հարցն ինձ չպիտի տաս», եւ Սաքոն հարցրեց՝ «բա ո՞ւմ պիտի տամ», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Դերոյին» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Սաքոյին ասաց՝ «էրեւում ա՝ Դերոյի թեման քեզ շատ ա դզում», եւ Սաքոն զարմացած ասաց՝ «չհասկացա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա. մարդկանց դուր ա գալի, որ ուրիշների վիճակն իրանց վիճակից ծանր ա ըլնում», եւ Սաքոն զարմացած նայեց Գագոյին ու ասաց՝ «էլի չհասկացա», եւ Գագոն նորից բացատրեց՝ «մարդ որ տենում ա՝ ուրիշի վիճակը շատ ծանր ա, իրա վիճակից սկսում ա չդժգոհել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ կյանքում ամեն ինչ հարաբերական ա», եւ Սաքոն վրդովված ասաց՝ «կարող ա՞ մեզ հավաքել ես ըստեղ, որ փիլիսոփայության դասեր տաս», եւ Գագոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ճիշտ խոսքը միշտ էլ մարդկանց դուր չի գալի», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «կարող ա՞ ընենց անես, որ հիմի էլ Սաքոն վեր կենա ու գնա», եւ ես ծիծաղելով Գագոյին ասացի՝ «ինչ ուզում ես արա, մեկ ա՝ մինչեւ վերջ նստելու ենք», եւ Սաքոն լրջացած ասաց՝ «ինձ թվում ա՝ էս արդեն վերջն ա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «պարզ ա», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ ճիշտ խոսքը մարդկանց չպիտի դուր գա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «բա չես մտածո՞ւմ, որ մենք էլ կարանք ասենք», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ կարաք ասեք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ խոսք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Դերոյի մասի՞ն», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լյուբոյի մասին», եւ Գագոն նայեց ժամացույցին, հետո արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «որ ճիշտ խոսք ասող ըլնեիր՝ էս էրկու ժամվա մեջ գոնե մի հատ ճիշտ խոսք ասած կըլնեիր», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքիս նպատակը ճիշտ խոսք ասելը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էլ՝ մարդկանց նիզաշտո նեղացնելն ա», եւ Գագոն քամահրանքով հարցրեց՝ «բա քու կյանքի նպատակը ո՞րն ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, մարդկանց նեղացնելը չի», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «գոնե կարա՞ս», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կարամ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս մեկնումեկին նեղացնես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանից էլ հեշտ բա՞ն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս փորձես», եւ ես միջամտելով հարցրի՝ «ուզածդ ի՞նչ ա, այ Գագո», եւ Գագոն ասաց՝ «ուզում եմ, որ փորձի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ փորձի», եւ Գագոն ասաց՝ «թող փորձի՝ մեկնումեկիս նեղացնի», եւ ես ասացի՝ «չես կարա՞ լավ բան ուզես», եւ Գագոն մի քիչ մտածեց եւ քմծիծաղով ասաց՝ «դրանից էլ լավ բա՞ն», եւ ես հարցրի՝ «նեղացնելու լավը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, նեղացնելը տղամարդու գործ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուխի հարց ա», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «ա՛յ ախպեր, էսքան ծախս ես արել, էսքանիս իրար գլխի ես հավաքել, որ իրար նեղացնե՞նք», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու առանց Սաքոյին նայելու ասաց՝ «հեչ պարզ չի՝ ով ա ում նեղացնում», եւ ես Գագոյին ասացի՝ «ո՞նց պարզ չի. հերթով սաղիս կպնում ես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզվում ա, ռուսական միջավայրում ինձ ավելի հարգանքով են վերաբերվում, քան՝ ըստեղ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ երեւի նրանից ա, որ դու էլ իրանց ես հարգանքով վերաբերվում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանք իմ հետ շատ զգուշ են խոսում», եւ Սաքոն ասաց՝ «երեւի դու էլ իրանց հետ ես զգուշ խոսում», եւ Գագոն արհամարհանքով Սաքոյին ասաց՝ «ես Արմենի հետ եմ խոսում», եւ Սաքոն նեղացած ասաց՝ «ինչքան ուզում եք՝ խոսացեք», եւ ես Գագոյին հարցրի՝ «քեզ ո՞վ ա նեղացրել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինձ ո՞վ կարա նեղացնի» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտելով ավելացրեց՝ «առանց հասկանալու եք նեղացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հետս պադյոբկեքով եք խոսում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պադյոբկեք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու ժամ ա՝ ընկերոջս կնկան ձեռ եք առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ Պավլիկի կնկան ձեռ եք առնում, էդ նշանակում ա՝ ինձ եք ձեռ առնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Տանյան ի՛մ ընկերուհին ա. ես որ չեմ նեղանում, դո՞ւ խի ես նեղանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես նուրբ բան եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի լավ էլ հասկանում ես, բայց չհասկանալու ես տալի», եւ Գեւորն ասաց՝ «էդ բոյովի հաշվով հանաք արինք՝ անցավ, Գագ ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «հանաքն էլ պիտի չափ ու սահման ունենա», եւ ես ծիծաղելով Գագոյին ասացի՝ «փաստորեն, ստացվում ա, որ Տանյային ինձանից պաշտպանում ես», եւ Գագոն նորից ցնցվեց՝ «ի՞նչ Տանյա», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «Պավլիկի կնկա մասին ա ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «ես ոչ թե էդ բոյովին եմ պաշտպանում, այլ՝ իմ ընկեր Պավլիկի պատիվն եմ պաշտպանում», եւ ես հարցրի՝ «էդ Պավլիկն ի՞նչ տարիքի ա», եւ Գեւորը Գագոյի փոխարեն ասաց՝ «յոթանասունին մոտ կըլնի», եւ ես զարմացած հարցրի՝ «դո՞ւ ինչ գիտես, այ Գեւոր», եւ Գագոն ասաց՝ «ճանաչում ա. Գեւորն էլ ա Պավլիկի դաչայում էղել», եւ Գեւորն ասաց՝ «ընենց խորոված արի՝ մատները լպստում էին», եւ ես ժպտալով հարցրի՝ «Տանյան էլ է՞ր մատները լպստում», եւ Գագոն հանկարծակիի եկավ՝ «ի՞նչ Տանյա», եւ Գեւորը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «հանգստացի» եւ մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «էդ վախտ քո էդ բոյով Տանյան հըլը Պավլիկի սիրածն էր համարվում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ վախտ Պավլիկն իրա հին կնկան արդեն թողել էր, բայց էս բոյովին հըլը օրինական չէր առել», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «էն մեկն էլ պակաս բոյ չուներ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ մեկ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մյուս Տանյան», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մյուս Տանյա», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «Պավլիկի նախավերջին կնկա ու ձեր էդ բոյովի արանքում մի հատ էլ ա Տանյա էղել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մեկն օրինական չէր», եւ Գեւորը ժպտալով հարցրեց՝ «էս բոյովն օրինական ա՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն մյուսը Պավլիկի սիրածն էր», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ ասել եմ՝ քո սիրածն էր», եւ Գագոն տհաճությամբ նայեց Գեւորին ու ասաց՝ «հեչ Երեւանից դուս տանելու բան չես», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «բայց էդ օրը լրիվ ուրիշ բան էիր ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ Գեւորը հիշեցնելով ասաց՝ «ասում էիր՝ Գեւոր ջան, սրանց մոտ պատիվս փրկեցիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ասում էիր՝ Գեւոր ջան, դու որ չըլնեիր՝ սրանց առաջ խայտառակ էի ըլնելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ լավ խորոված էիր արել, կարող ա՞ ասեի՝ վատն ա», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «որ մատները լպստում էին, ո՞նց կարայիր ասեիր՝ վատն ա», եւ Գագոն մրթմրթաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «որ ընկերոջս պատվի հարցը կար՝ ո՞նց կարայի վատ խորոված անեի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «հիմի կարող ա՞ արածդ լավությունները մեկ առ մեկ էրեսովս տաս», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան էլ էրեսով տամ, քո արած լավություններն ավելի շատ են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ըտենց բան չասեցի», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ե՛ս եմ ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու էլ մի ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընկերությունը նրա համար չի, որ արածներս մեկ առ մեկ թվարկենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համաձայն եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ համաձայն ես, էկեք ընկերության կենացը խմենք», եւ ես ասացի՝ «էս էրկու ժամ ա նստած ենք՝ հազիվ մի կարգին բան ասեցիք», եւ Գագոն բաժակը բարձրացնելով ինձ ասաց՝ «Գեւորն էդ օրն ընենց խորոված էր արել, որ իսկականից մատները լպստում էին», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընկերությունը խորոված անելու մեջ չի, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց էդ մանրուքներն էլ են կարեւոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընկերության մեջ անկարեւոր բան գոյություն չունի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ տեղն էկել ա՝ պիտի ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած որ ասեմ՝ կարող ա չհավատաք», եւ Գագոն հարցրեց՝ «ինչի՞ն չհավատանք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ օրը կյանքումս առաջին անգամ էի խորոված անում», եւ Գագոն ապշահար նայեց Գեւորին ու կարկամած հարցրեց՝ «ո՞նց. մինչեւ էդ ոչ մի անգամ խորոված արած չկայի՞ր», եւ Գեւորը ժպտալով երդվեց՝ «հորս արեւ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «միշտ ուշադիր նայել եմ՝ ոնց են ուրիշները խորոված անում, բայց անձամբ իմ ձեռով ոչ մի անգամ արած չկայի», եւ Գագոն ապշահար հարցրեց՝ «մինչեւ էդ ոչ մի անգամ արած չկայի՞ր», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «չէ. ուղղակի կողքից շատ ուշադիր նայել եմ՝ ոնց են ուրիշներն արել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես կյանքում ամեն ինչին շատ ուշադիր եմ նայում, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պատկերացնում եմ՝ ինչքան ուշադիր ես նայել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ամենակարեւորն էդ չի», եւ Գագոն հարցրեց՝ «բա ի՞նչն ա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էն տղեն չեմ, որ ուրիշի համար խորոված անեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց, փաստորեն, էդ օրն արեցի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Պավլիկի համար չէիր կարա չանեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը քեզ շատ ա հարգում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Պավլիկը չէ՝ Պուտինն էլ ըլներ, ես խորոված անողը չէի», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «Բուշի համար էլ չէիր անի՞», եւ Գեւորը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Բուշի համար էլ չէի անի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի հասկացա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր ընկերության խաթեր արեցիր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ՝ ընկերության խաթեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ կարա բացատրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մենակ էն կարամ ասեմ, որ խորոված անողի դերն իմ դերը չի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց լավ էլ էդ դերի մեջ մտել էիր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեւի մարդ կյանքում ամեն դեր գոնե մի անգամ պիտի փորձի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մինչեւ չփորձես, չես հասկանա, որ էդ դերը քոնը չի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, չուզենալով ես էդ խորովածն արել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ուզեի թե չուզեի՝ պիտի անեի», եւ Գագոն հարցրեց՝ «խի՞ պիտի անեիր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ, պարզվում ա, կյանքում ինքնասիրությունից բարձր բաներ էլ կան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ բաներ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ օրը որ Պավլիկն ասեր՝ երեւի իրա առաջ շալախո էլ պարեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ քրոջս տղին կուտուզկից հանելու հարցը կար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի հիշեցի. խեղճ էրեխեն լրիվ նիզաշտո էր շառի մեջ ընկել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նիզաշտո էր, թե նիզաշտո չէր՝ Պավլիկը, փաստորեն, վիռուչատ արեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ պետք ըլներ՝ Պավլիկի ու էդ քննիչի առաջ էդ օրը ստոյկա էլ կտայի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա իմ տղի համար չանեի, բայց քրոջս տղի համար ստիպված էի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրեւում ա՝ էդ խորոված անելդ վրեդ շատ ա ազդել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ոչ թե խորոված անելն ա վրեն ազդել, այլ՝ խորոված անողի դերը», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում. շատ վախտ որ մարդկանց լավություն ես անում կամ իրանց սրտանց ծառայում ես, սկսում են քեզ վերեւից նայել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր Գեւորը գող չի, բայց զակոննի գողերից բեթար ա գողական օրենքներին ենթարկվում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավն էն ա, որ էդ գողական օրենքները կյանքում էլ են գործում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ լա՞վ ա, թե՝ վատ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վատն էն ա, որ գողականով ճիշտը մարդկայինով կարող ա լրիվ սխալ ըլնի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կամ՝ ընդհակառակը. մարդկայինով կարող ա շատ ճիշտ բան անես, բայց ստացվի, որ գողականով սխալ ես արել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էլի չհասկացա», եւ ես Գեւորին ասացի՝ «ես էլ եմ էդ ուղղությամբ ահագին մտածել», եւ Գեւորը ժպտալով հարցրեց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ սովորական մարդը բարի բան ա անում, ասում են՝ լավ մարդ ա, բայց գողական զակոնով լրիվ հակառակն ա», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞նց ա հակառակը», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գողական աշխարհում մարդ ինչքան դաժան ա ըլնում, էնքան ավելի ա հարգվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց հենց որ զգացին՝ մեջդ խղճի կտոր կա, էլ չեն հարգի», եւ Սաքոն խոսակցությանը խառնվելով ասաց՝ «ամեն տեղ էլ ըտենց ա», եւ Գագոն մի քիչ մտածեց եւ քամահրանքով Սաքոյին հարցրեց՝ «ամեն տեղ էղել ե՞ս, որ ամեն տեղից ես խոսում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք էլ գող չեք էղել, բայց գողական օրենքներից ու հարաբերություններից եք խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «Գեւորը գող չի, բայց Շիլաչու հին գողերի հետ շատ ա շփվել», եւ Գագոն ասաց՝ «Զավը Գեւորին շատ էր սիրում», եւ Սաքոն ասաց՝ «Լոլոն էլ», եւ ես ժպտալով Գեւորին ասացի՝ «զարմանալի ա, որ էդքան իրանց հետ շփվեցիր ու գող չդառար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գող չի դառել, բայց գողերից բեթար ա գողական օրենքներով շարժվում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գողական օրենքներ գոյություն չունեն», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց գոյություն չունեն», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ, գողական օրենքները գոյություն ունեն, բայց էդ օրենքները գողերի համար չեն», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ համար են», եւ Գեւորը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հարիֆների», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց գողերն էլ են իրանց էդ օրենքներին ենթարկվում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ցույց են տալի թե՝ ենթարկվում են, բայց իրականում ոչ մի օրենքի էլ չեն ենթարկվում», եւ ես հարցրի՝ «բա խի՞ են ասում՝ օրենքով գող», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «օրենքին չեն ենթարկվում, դրա համար էլ ասում են՝ օրենքով գող» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրանք իրանց էդ օրենքներից հեշտուհանգիստ շեղվում են, բայց որ ուրիշները շեղվեն՝ էդ ուրիշներին տեղնուտեղը կգյուլլեն», եւ ես հարցրի՝ «ուրիշներն ո՞վ են», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ու դու», եւ Սաքոն ասաց՝ «ամեն տեղ էլ ըտենց ա», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «ամեն տեղ՝ որտե՞ղ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «կյանքում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու արհամարհանքով հարցրեց՝ «կյանքում քանի՞ անգամ ես էղել», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մի քանի», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «լավ կանես՝ քո իմացած բաներից խոսաս», եւ Գեւորը ժպտալով Գագոյին հարցրեց՝ «մենք մեր իմացած բաներից ե՞նք խոսում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես վաբշե իմ չիմացած բաներից խոսալու սովորություն չունեմ», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ես ունեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքումս գող չեմ էղել, բայց գողական օրենքներից ու հարաբերությունից եմ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Գագոյին ասաց՝ «դու էլ գող չես, բայց մի գլուխ գողական ես էթում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ գողական գնացել», եւ Գեւորը նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «արդեն էրկու ժամից ավել ա», եւ Գագոն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ գողական գնացել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես թողում մարդիկ խոսան. հենց ուզում են խոսան՝ բերաններին ես գալի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞ւմ չեմ թողել խոսա», եւ Գեւորն ասաց՝ «մի քիչ առաջ Դերոյին չէիր թողում, հիմի էլ՝ Սաքոյին», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ գողական գնալ ա՞ նշանակում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գողերն են սիրում, որ իրանք խոսան՝ ուրիշները լսեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան ինձ հայտնի ա՝ գողերն առանձնապես շատախոս չեն», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանձնապես շատախոս չեն, բայց ուրիշներին լսել էլ առանձնապես չեն սիրում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ դեմինս լուրջ բան ա ասում, ես միշտ էլ ուշադիր լսում եմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նախ պիտի դեմինիդ ուշադիր լսես, հետո նոր որոշես՝ լո՞ւրջ բան ա ասում, թե՝ անլուրջ», եւ Գագոն տհաճությամբ նայեց Գեւորին ու անսպասելի գոռաց՝ «չեմ հասկանում. էս ինձ կանչել եք, որ սամասուդ անե՞ք», եւ որոշ լռությունից հետո Գեւորն անսպասելի ժպտալով Գագոյին ասաց՝ «դու ամենակարեւորը չես հասկանում, Գագո ջան», եւ կարմրատակած ու փրփրակալած Գագոն գոռաց՝ «է՞լ ինչ չեմ հասկանում», եւ Գեւորը միանգամայն հանգիստ պատասխանեց ու ասաց՝ «չես հասկանում, որ ոչ թե մենք ենք քեզ կանչել, այլ դու՝ մեզ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դու չե՞ս մեզ հրավիրել, Գագ ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ հրավիրել եմ, որ ինձի սամասուդի ենթարկեք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք մեղավոր չենք, Գագո ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞վ ա մեղավոր», եւ Գեւորը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայ ժողովուրդը», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «հայ ժողովո՞ւրդը խի ա մեղավոր», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «հինգ հազար տարի ա՝ ուրախանալ ու քեֆ անել չի սովորում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «տասը հազար տարի ա», եւ Գագոն Սաքոյին հարցրեց՝ «ի՞նչ տասը հազար տարի», եւ Գեւորը բացատրեց ու ասաց՝ «ուզում ա ասի՝ տասը հազար տարեկան ազգ ենք», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու փնթփնթաց՝ «Ռուսաստան էլ են ըսենց մեծ-մեծ խոսում, դրա համար էլ ձեռառնելիք են դառնում», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞վ ա ձեռառնելիք դառնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատերը», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «իզուր ես սաղ հայ ժողովրդի պատասխանատվությունը քո վրա վեկալում, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ օտարության մեջ ես ապրում, անկախ քեզանից էդ պատասխանատվությունը վրեդ ես վեկալում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես էդ ծանր բեռի տակ մտնում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ստիպել, որ օտարության մեջ ապրես», եւ Գագոն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «կյանքը», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքը սաղին էլ ինչ-որ բան ստիպում ա», եւ Գագոն ասաց՝ «ես կարող ա՞ հակառակն եմ ասել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հակառակը չես ասել, բայց շատ ես նեղվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ սիրտդ ա նեղվում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ սիրտս նեղվում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ես մեղավոր չեմ, որ մտածում եմ», եւ Գեւորը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ես մտածում», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «հիմի՞, թե՞ վաբշե», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «հիմի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի մտածում եմ՝ ինչի՞ց ա, որ հազար տարվա ընկերներով հավաքվել ենք, բայց չենք կարում իրար հասկանանք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ նրանից ա, որ շատ ենք փոխվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքն ամեն մեկիս մի ձեւի փոխել ա», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «մարդ կա՝ հեչ չի փոխվել», եւ Գեւորը ծիծաղելով ինձ ասաց՝ «դու որ՝ հաստատ չես փոխվել. առաջ էլ սոտըվի չունեիր, հիմի էլ չունես»: