Ժամանցային կայք՝ չափահասների համար
Օգոստոսի 13-ից գործում է www.venera18plus.com ժամանցային կայքը, որը, ըստ կայքի հիմնադիր Հայկ Հարությունյանի, նախատեսված է չափահասների համար: «Առավոտի» հետ զրույցում Հայկը շեշտեց, որ «www.venera18plus. com-ը զուտ ժամանցային կայք է, որտեղ չկա քաղաքականություն, ընդդիմադիր ու դիմադիր…»: Իսկ ինչ վերաբերում է կայքի ստեղծման նպատակին, նա նշեց. «Ինտերնետում հաճախ կարելի է հանդիպել, օրինակ, ռուսալեզու ժամանցային կայքեր, բայց ես նկատել էի, որ հայկական կայք որպես այդպիսին չկա: Ու խնդիր դրվեց ստեղծել նմանատիպ հայկական կայք»:
Նշենք, որ www.venera18plus. com-ն իր այցելուներին հնարավորություն է ընձեռում օգտվել «իվՈՍՏՎրՑՉՈ», «Տղամարդ եւ կին», «Կյանքի նամակներ», «Քրեական պատմություններ», «Հարցեր սեքսոլոգին», «Առողջ մարմին», «Էրոտիկ նկարներ», «Եղանակի էրոտիկ տեսություն», «Ստրիպտիզ», «Երազահան» եւ մի շարք այլ բաժիններից:
Մեր զրուցակիցն անդրադառնալով ստրիպտիզի բաժնին, որտեղ իրենց կրքոտ մերկապարն են ներկայացնում երեւանյան գիշերային ակումբների պարուհիները, խոստովանեց. «Ասեմ, որ վերջինիս ստեղծումը շատ բարդ էր՝ հաշվի առնելով մեր հոգեբանությունը: Այսինքն, այն, ինչ հիմա կայքում դրված է՝ շատ դժվարությամբ եւ երկար բանակցությունների արդյունքում ենք ստեղծել: Այժմ բանակցում ենք նաեւ մի շարք այլ գիշերային ակումբների հետ, որ նրանց պարուհիներին էլ նկարենք: Նշեմ նաեւ, երբ առաջարկում էինք նկարել պարուհիներին կայքում տեղադրելու համար՝ ակումբների ղեկավարությունը համաձայնվում էր, դժվարությունը պարուհիների մասով էր լինում, քանի որ նրանց համար խնդիրներ էին առաջանում: Իսկ ով նկարվել է՝ նկարվել է սիրով. չէ՞ որ դա էլ նրանց մասնագիտությունն է, եթե մարդն ընտրել է այն, ուրեմն չպետք է ամաչի, պարզապես մի տեսակ հոգեբանական բարդույթ կա, այդ պատճառով ոմանք չեն ցանկանում նկարվել: Եվ հետո այս կերպ պարուհիները նաեւ գովազդում են այն ակումբները, որտեղ պարում են. կայքում տեղադրված սյուժեների վրա նշվում են ակումբների անվանումները»:
Հայկի ձեւակերպմամբ, որոշվեց ստեղծել այս կայքը, որտեղ մարդը երբ լարված է լինում, կկարողանա անեկդոտներ, թեթեւ, հետաքրքիր նյութեր կարդալ. «Ինչու չէ, մի հատ էլ ստրիպտիզ կնայի… Կարծում եմ, այս կայքը ինչ-որ չափով ուղեցույց կարող է լինել, որ մարդը կարողանա կողմնորոշվել, թե իր երեկոն որ ակումբում անցկացնի»: Հայկը նաեւ շեշտեց. «Ի սկզբանե որոշվել էր, որ կայքը պետք է լինի 18plus.com, հետո գրանցվելու պահին պարզեցինք, որ այդ անվանումն արդեն զբաղված է ու 18plus-ին ավելացրինք venera բառը, ստացվեց venera18plus. com: Կայքը նախատեսված է 18-ից բարձր տարիք ունեցողների համար, որովհետեւ ավելի փոքրերն ի՞նչ գործ ունեն ստրիպտիզ նայեն…»:
Մեր դիտարկմանն էլ՝ կա՞, արդյոք, վերահսկողություն, գուցե կայքի որոշ բաժիններ, մասնավորապես՝ «Ստրիպտիզի» ու «Էրոտիկ նկարներինը» փակ լիներ փոքրերի համար, Հայկը պատասխանեց. «Մենք այնպես ենք արել, որ ամեն ինչ պատշաճության սահմաններում է: Եվ հետո արդեն գաղտնիք չէ, որ նույնիսկ ցերեկը հեռուստացույցով կարելի է տարբեր ալիքներով շատ բաներ դիտել, ինչը մեր կայքում ցուցադրվածին ոչնչով չի զիջում: Իսկ կայքում այնպիսի տեսանյութ է դրված, որում ոչ մի արտառոց բան չկա»:
Կայքի վերաբերյալ ստացված արձագանքների մասին էլ նշեց. «Մեր էլեկտրոնային հասցեով առայժմ միայն շնորհավորանքներ ենք ստանում, այցելուները հավանում են, առաջարկներ անում: Ասեմ նաեւ, որ կայքը դեռ ամբողջական չէ, օրեցօր մի նոր բան է ավելանում, օրինակ՝ վերջին նորույթն այն է, որ ավելացրել ենք անվճար հայտարարությունների բաժինը»:
«Եղանակի էրոտիկ տեսություն» բաժնի մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Ես տեղեկացել էի, որ արտասահմանում ինտերնետում նման բան են արել. գաղափարն ինձ դուր եկավ ու որոշեցի մեզ մոտ էլ ստեղծել: Միշտ մտածում էի այդ մասին, պարզապես խանգարող հանգամանքներ, իրավիճակներ էին լինում, չէր ստացվում: Հետո որոշեցինք, որ աղջիկը պետք է պարի, որի ֆոնի վրա էլ ցուցադրվի եղանակի տեսությունը, եւ քանի որ վերջինս ժամկետի առումով կարճ է՝ շատ հարմար է: Այ, օրինակ, ստրիպտիզի ֆոնին լուրեր կարդալ չէր լինի, պատկերացրեք, եթե եղանակի տեսության փոխարեն լուրեր լիներ ու ասվեր, որ նախագահը գնաց ինչ-որ տեղ, կամ էլ ընդդիմության հանրահավաքի մասին խոսվեր… զվարճալի կլիներ ու չէր սազի: Ինչ վերաբերում է «Հարցեր սեքսոլոգին» բաժնին, ապա այստեղ այցելուները հնարավորություն ունեն իրենց հուզող ցանկացած հարց հղել սեքսոլոգին, որի պատասխանները տեղադրվում են կայքում 3 օրվա ընթացքում: Ասեմ, որ այս բաժինը եւս ստեղծվել է՝ հաշվի առնելով մեր հոգեբանությունը: Պատահում է, որ մարդիկ իրենց հարազատի կամ ամենամոտ ընկերուհու հետ իրենց հուզող հարցերը չեն քննարկում, ամաչում են, բայց այս կերպ հնարավորություն են ստանում ճիշտ ինֆորմացվել: Չեմ ուզում անուններ նշել, բայց համագործակցում ենք ինչպես սեքսոլոգների, այնպես էլ հոգեթերապեւտների եւ այլ մասնագետների հետ: «Կյանքի նամակներ» բաժնի մասին էլ նշեմ, որ այնտեղ էլ տեղադրվում են իրական պատմություններ: Իսկ «Քրեական պատմություններ» բաժնում հիմնականում էրոտիկ ուղղվածությամբ պատմություններ են: Սա այն բաժինն է, որը մարդկանց միշտ հետաքրքրում է, երբ կրիմինալ, սեքս ու արյուն կա…»:
Կայքում տեղադրված էրոտիկ նկարների մասին խոսելիս էլ Հայկը խոստացավ, որ կգա մի ժամանակ, որ այդ բաժնում կայքի այցելուները հնարավորություն կունենան դիտել հայերի անկեղծ նկարները. «Ինչպես արտասահմանում է մարդկանց համար մեծ պատիվ, որ իրենց նկարը հայտնվի «Playboy»-ում, կարծում եմ, այնպես էլ մեզ մոտ կլինի ու մարդիկ նորմալ կընկալեն, որ եթե մարմինը գեղեցիկ է՝ ուրեմն բոլորին հետաքրքիր է»: Հայկը վերջում հավելեց, որ ստրիպտիզի հետ կապված մի աննախադեպ գաղափար ունի, բայց. «Դա դեռ վերջնական տեսքի չէ ու առայժմ չեմ ուզում հրապարակել. անակնկալ է»: