Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավերժի խորհուրդը՝ խաչի տեսքով

Օգոստոս 22,2009 00:00

Փայտագործ Հրաչ Արոյանը արդեն տասը տարի շարունակ իր հերոսներին կերտում է խաչի տեսքով: Գործունեության տասնամյակի առիթով Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում արվեստագետը օրերս ներկայացրեց շուրջ 80 աշխատանք: Արտերկիր հաճախ մեկնող արվեստագետի խոսքով, այնպես՝ ինչպես հայկական օդն ու ջուրն է ներշնչում ստեղծագործել, չի ներշնչում ոչ մի այլ երկիր: «Վերջերս Սոչիում էի ու զարմանալիորեն, երբ փորձում էի աշխատել, ոչինչ չէր ստացվում, իսկ դրանից հետո, երբ վերադարձա Հայաստան՝ միանգամից հինգ աշխատանք պատրաստեցի»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ Հ. Արոյանը: Նրան հոգեհարազատ է հատկապես փայտը, քանի որ համոզված է՝ ոչ մի այլ նյութ չունի գունային այդպիսի հարուստ առանձնահատկություններ եւ ձգող ջերմություն: Իր փայտե աշխատանքները համեմված են նաեւ բնական քարերով, ինչը, նրա կարծիքով, իր ստեղծագործություններն էլ ավելի խորհրդավոր են դարձնում: «Բարեկամուհիներս ու մտերիմներս արդեն գիտեն՝ ինձ հյուր գալիս պետք է լինեն առանց զարդերի, դրանք ինձ գրավում են ու ես միանգամից տեսնում եմ իմ աշխատանքներում, իսկ ովքեր զարդերով են գալիս, անպայման մի մասը թողնում են իմ ստեղծագործությունների վրա»,- ասաց արվեստագետը: Հ. Արոյանի համար իր կերտած հերոսներից, օրինակ՝ Վ. Պուտինը, Չարենցն ու դոն Կիխոտը շատ ուսանելի ու այժմեական հերոսներ են: Նրա համոզմամբ, մեր օրերում շատ են պակասում իսկական ասպետները՝ բարոյական եւ հոգեւոր բարձր արժեքներով: Իսկ Չարենցին նվիրված աշխատանքում, նրա խոսքով, ակնհայտ է նաեւ «Ամբոխները խելագարված» ստեղծագործությունը: Գրեթե բոլոր աշխատանքները խաչով պատկերելու խորհուրդը արվեստագետը մեկնաբանեց այսպես. «Խաչը հավերժության խորհրդապատկերն է, իսկ իմ կերտած հերոսները եւս հավերժության մաս են կազմում ու ընդհանրացրել եմ խաչի տեսքով»:

Նրա մեկնաբանմամբ, իր աշխատանքների շարժիչ ուժը հույս, հավատ եւ սեր հասկացություններն են, ինչն էլ, նրա կարծիքով, մարդիկ չեն կարեւորում ու դառնում են չար, կորցնում բարության խորհուրդը. «Իմ ստեղծագործելու նպատակն է մարդկանց մղել ինքնավերլուծության եւ մոլորվածներին ուղղորդել դեպի ճիշտ ճանապարհ»: Ցուցադրված աշխատանքների շարքում առանձնանում էր նաեւ «Իմ երազած քաղաքը» խորագրով աշխատանքների շարքը: Դրանք արվեստագետը չմեկնաբանեց ու ասաց, թե ցանկանում է, որ հանդիսատեսը ինքը մեկնաբանություններ անի, տեսնի յուրովի: Հ. Արոյանի աշխատանքների ցուցադրությունը կտեւի եւս մեկ ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել