Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 22,2009 00:00

Նախորդ անգամ այս հարցին ես անդրադարձել էի, երբ 2007 թվականին «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ճանապարհային կանոններին վերաբերող փոփոխություններ կատարվեցին։

«Ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրամաբանությունը» հոդվածում ես գրել էի ճանապարհային երթեւեկության հետ կապված մի շարք հարցերի մասին, անտրամաբանական կանոնների, չաշխատող լուսացույցների, չնշագծված փողոցների եւ այլն։ Այդ թվում եւ՝ ամրագոտիների։ Ցավոք, անցած ավելի քան երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել, բացի թաք ու կենտ խաչմերուկներում նոր լուսացույցների տեղադրումից։ Ինչ վերաբերում է կիսատ-պռատ նշագծմանը, ապա արդեն վաղուց այն կարելի է դիտել որպես նշան. եթե սկսել են որոշ փողոցների նշագծումը թարմացնել, ուրեմն շուտով երթեւեկության կանոնների հետ կապված մի նոր «միջոցառում» է լինելու։

Այդպես էլ այս անգամ եղավ. փողոցները սկսեցին ներկել, եւ ահա՜, խնդրեմ. կրկին հիշեցին ամրագոտիների մասին։ Բայց ես չեմ ուզում կրկնել նախորդ հոդվածի բոլոր դրույթները, այլ անդրադառնամ միայն ամրագոտիների հարցին։ Ինչ խոսք, այն, որ ճանապարհային երթեւեկությունը պիտի վերջապես կարգավորվի, կասկած չի հարուցում։ Սակայն… Բոլորին քաջ հայտնի է, որ լուրջ խախտումներ կատարողները՝ թույլատրելի արագությունը գերազանցողները, կարմիր լույսն անտեսողները, անթույլատրելի տեղերում հետադարձ կատարողները, որպես կանոն, չեն պատժվում։ Իսկ երթուղային եւ սովորական տաքսի վարողները կարծես թե առհասարակ անպատժելի են։ Մինչդեռ աննշան խախտումների համար կարող են պատժել. օրինակ՝ «կանգ» գծի խախտման կամ «կտրուկ վերադասավորման» համար։ Ուստի պարզ է, որ յուրաքանչյուր հերթական «խստացումների» նպատակը սոսկ բուռն գործունեության տպավորություն ստեղծելն է ու ոչ անպատժելի վարորդների հաշվին բյուջեն լցնելը։

Այս անգամ որոշվեց պահանջել ամրագոտիներ կապել։ Վերոհիշյալ հոդվածում ես արդեն գրել էի, որ ամրագոտիներ կապելու պահանջը միայն արտաքուստ է արդարացի թվում, մինչդեռ հիմքում այն բոլորովին անընդունելի ու անօրինական պահանջ է։ Հակառակ պնդումների, այն ամենեւին էլ չի փրկում մարդկանց կյանքը։ Ավելին։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ տուժել են հե՛նց ամրագոտիները կապելու հետեւանքով. կամ մահանալով տեղում (մինչդեռ չկապվածները փրկվել են), կամ ամրագոտու՝ տակը սահելու հետեւանքով ստացել բազմաթիվ վնասվածքներ՝ կոտրվածքներից մինչեւ հաշմանդամության բերող՝ ողերի շեղում եւ այլն։ Այն պնդումը, որ վիճակագրության համաձայն ամրագոտիները հիմնականում փրկում են մարդկանց կյանքը՝ ոչինչ չարժե, քանի որ այն դեպքերը, երբ ամրագոտիները կամ օդապարկերը վնասել են մարդականց առողջությունը, բնականաբար, իշխանությունների կողմից վերահսկվող վիճակագրությունը չի հիշատակում։ Մյուս կողմից, ամեն մարդ իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչն է իր համար ավելի վտանգավոր, կապվե՞լը, թե՞ ոչ։ Այնպես որ, ամրագոտիներ կապելու պահանջը, փաստորեն, հակասում է մարդու իրավունքներին, եւ դրանք չկապելու համար տուգանելը այլ կերպ՝ քան օրինականացված դրամաշորթություն, հնարավոր չէ որակել։

Այսպես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 29-ի 2-րդ կետում պարզ ասված է, որ «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են ուրիշների իրավունքների ու ազատությունների համար պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու եւ բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար» (ընդգծումն իմն է): Վարորդի կամ ուղեւորի կողմից ամրագոտիներ չկապելը չի կարող վնասել ուրիշների իրավունքներին ու ազատություններին, ուստի եւ ամրագոտիներ կապելու պահանջը իրոք հակասում է մարդու իրավունքներին. ամրագոտիներ կապելը անհատի իրավունքն է, բայց ոչ պարտականությունը։

Ասվածից հետո ամրագոտիներ կապելու անհրաժեշտության միակ հիմնավորումն այն է մնում, որ դա պարտադիր է «զարգացած» երկրներում, այսինքն՝ Եվրոպայում։ Ի դեպ, որքան էլ զավեշտական է, բայց երբ փորձում ես պարզել, թե ինչո՞ւ են ոմանք եվրոպական ազգերը զարգացած համարում, ի թիվս այլ փաստարկների երբեմն բերում են հենց… ամրագոտիների պարտադիր կապելու փաստը։

Կարող է հարց առաջանալ. եթե ամրագոտիները չեն փրկում մարդկանց կյանքը, ապա ինչու է դա պահանջվում Եվրոպայում։ Որքան էլ դա չափազանցված ու հեքիաթային թվա, բայց ամրագոտիների գաղտնիքը մարդկանց առողջության մասին հոգ տանելու մեջ չէ, այլ բոլորովին այլ տեղում։ Ամրագոտիները սահմանափակում են մարդու ազատությունը այն ընթացքում, երբ նա ավտոմեքենայում է։ Իսկ Արեւմուտքում մարդկանց մեծ մասը մեքենա ունի ու զգալի ժամանակ է անցկացնում ավտոմեքենայում, եւ ամրագոտիները պարտադրելով՝ իշխանությունները ենթագիտակցական մակարդակով հոգեբանական մշակման են ենթարկում մարդկանց, բթացնելով նրանց գիտակցությունը եւ ընտելացնելով անազատությանը։ Իսկ երբ մարդու համար այս դեպքում անազատ վիճակը սովորական բան է դառնում, նրան հեշտությամբ կարելի է զրկել նաեւ այլ ազատություններից, նա արդեն դա չի նկատի։

Սա կարող է տարօրինակ թվալ. չէ՞ որ հենց Եվրոպայում է ծնունդ առել մարդու իրավունքների եւ ազատությունների մասին պատկերացումը։ Սակայն դա միայն առաջին հայացքից է տարօրինակ։ Սովորական բան է, երբ կանոններ թելադրողն ինքը չի ենթարկվում իր իսկ առաջարկած խաղի կանոններին։ Տվյալ դեպքում, վերջին տարիների դառը փորձից մենք արդեն լավ գիտենք, որ Եվրոպան տալիս է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլեւ դրանք նենգորեն խախտելու դասեր եւ այսօր դժվար է թվարկել, թե որքան այլանդակություններ են ներմուծվել Եվրոպայից՝ սկսած ապուշացնող կրթական համակարգից, մինչեւ բռնություններով լի երթեր ու աղանդավորություն։ Իսկ այսօր հենց Եվրոպան ու Արեւմուտքն առհասարակ այն ուժն են, որը բոլոր միջոցներն է գործադրում իրեն նպաստավոր տարբերակով, այսինքն՝ հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի արցախյան հարցը լուծելու համար, պարտադրելով մեզ Մադրիդյան սկզբունքները, որոնց համաձայն, Հայաստանը պիտի Ադրբեջանին հանձնի իր արեւելյան տարածքները։

Եվ այսքանից հետո դեռ գտնվում են մեր մեջ մարդիկ, ովքեր ուզում են նմանվել եվրոպացիներին եւ պարելով նրանց դուդուկի տակ, արտահայտվում են այն իմաստով, թե ամրագոտիներ չկապելը մեր ազգի տհասության դրսեւորումն է։ Եթե հասունությունը ինքնակամ անազատության ընդունումն է եւ իր ազգային շահից հրաժարվելը, ապա ես նախընտրում եմ տհասությունը։

Ինչ վերաբերում է օրենքին, ապա քանի որ ամրագոտիներ կապելու պահանջը հակասում է մեր պետության կողմից վավերացված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, դա պիտի դառնա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի քննության առարկա, իսկ խորհրդարանը վերջապես պիտի համապատասխանեցնի ՀՀ օրենսդրությունը Հռչակագրի պահանջներին։ Հուսով լինենք, որ դա կարվի։

Իսկ առայժմ մտադիր եմ հազվադեպ նստել մեքենա, քանի որ կյանքիցս ձեռ չեմ քաշել, որ ամրագոտով ինձ կապեմ, իսկ տուգանվելու համար էլ ավելորդ փող չունեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել