Օգոստոսի 10-21-ը հանրակրթական պետական ծրագրերի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ այս տարի եւս նախապատրաստական խմբերի դաստիարակների եւ ուսուցիչների համար իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ: Երկշաբաթյա դասընթացը կենտրոնում էր համախմբել մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների ու մանկապարտեզների 64 ուսուցիչների, մասնակիցների թվում այս տարի կային նաեւ ութ կամավորներ, ովքեր ունեին մանկավարժական կրթություն, բայց հանրակրթական դպրոցներում այլեւս չեն աշխատում: Երկշաբաթյա ծրագրի շրջանակներում «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի մասնագետներն իրենց փորձը կիսեցին դասընթացի մասնակիցների հետ: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով, տարեցտարի ավելանում է վերապատրաստական դասընթացները կարեւորող մասնագետների ու մասնակցել ցանկացողների թիվը. «Վերապատրաստական դասընթացների շրջանակում մասնակիցների հետ ուսումնասիրեցինք երեխաների գործունեության բոլոր ձեւերը, սկսած լողուսուցումից, մարմնամարզությունից, ձեռային աշխատանքներից, երաժշտություն եւ մինչեւ բնագիտական առարկաներ»: Ա. Բլեյանը համոզված է՝ դասընթացի մասնակիցները նոր ուսումնական տարին շատ ավելի հետաքրքիր կանցկացնեն, քանի որ իրենց նախաձեռնությունը անցնում է նոր մոտեցմամբ: Մասիսի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանի խոսքով, նման դասընթացները շատ կարեւոր են հատկապես մարզերի մասնագետների համար. չնայած ինքը դասընթացին մասնակցել էր նախորդ տարի, բայց այս անգամ էլ եկել էր գործընկերոջ հետ. «Դասընթացին ստացած գիտելիքներս շատ օգտակար էին ուսումնական գործընթացում, երեխաները եւս դրանք մեծ ոգեւորությամբ ընդունեցին. դասընթացին իմ սովորածը կիրառեցինք «Զատիկը մանուկների աչքերով» խորագրով ցուցահանդեսին ու լավագույնը ճանաչվեցինք 13 քաղաքների շրջանում՝ արժանանալով պատվոգրի»: Արարատից Երեւան ժամանած Ելենա Ավետիսյանն էլ Դաշտավան գյուղի դպրոցի երկրորդ դասարանցիներին է դասավանդում, նրա խոսքով էլ՝ նման դասընթացները նոր ծանոթությունների լավագույն տարբերակ են, իսկ դասընթացին նրա մասնակցությունը ստիպեց նաեւ վերապրել մանկությունը: «Ես հպարտ եմ, որ այս ուսումնական տարի նոր ասելիքով եմ ներկայանալու երեխաներին»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ տիկին Ելենան:
Հավաքի վերջում մասնակիցները հանդիպումը վերածեցին տոնախմբության. պարով, երգով ցուցադրեցին դասընթացի շրջանակում պատրաստած աշխատանքները: