Քննական թեստերով ստուգվում է ոչ թե գրականության իմացությունը, այլ՝ գրականագիտության եւ գրականության պատմության:
Կարիք չկա երկար խոսել յուրաքանչյուր մարդու համար գեղարվեստական գրականության օբյեկտիվ նշանակության մասին։ Սակայն այդ օբյեկտիվը պետք է դառնա սուբյեկտիվ, այսինքն՝ ընդունվի մարդու կողմից, գնահատվի, գիտակցվի, որպեսզի ձեւավորվի, այսպես կոչված, գրքակախվածությունը։ Դպրոցում գեղարվեստական գրականությունը դասավանդվում է հենց այդ նպատակով։ Սակայն, ԿԳ նախարարության ջանքերով, աշակերտի համար գրականության նշանակությունը դրսեւորվում է որպես անհրաժեշտ միավորներ ձեռք բերելու միջոց, այլ կերպ ասած՝ օբյեկտիվ արժեքը դառնում է ոչ համարժեք սուբյեկտիվ արժեք։ Չի ստուգվում բանաստեղծություններից եւ գեղարվեստական արձակից հաճույք ստանալու, կարդացած գրքերից ազդվելու՝ դրանցով կյանքում առաջնորդվելու եւ այլ որակների ձեւավորվածությունը։
Եթե կային ուսուցիչներ, որոնք «Վարդանանք» վեպի գործող անձ Սահակ շինականի ասածը, թե՝ հայրենիքը դժվար բան է, ամեն մարդ չի կարող այն ունենալ, դասարանում լուրջ քննարկման առարկա էին դարձնում, ապա արդեն դա չի արվում, քանի որ դասավանդվողը քննության ժամանակ դրա համար չի պատասխան տալու։ Նրանից այսօր ԿԳՆ-ն դա չի պահանջում։ Իսկ թե ի՞նչ է պահանջում եւ ինչի՞ հիման վրա է գնահատվելու գրականության ուսուցչի աշխատանքը, բացահայտվում է միասնական քննությունների համար կազմված թեստերով։ Ահա «Վարդանանքին» վերաբերող թեստերը՝ կազմված 2008 եւ 2009 թվականների միասնական քննությունների համար:
Ա 48. Ո՞ր շարքի բոլոր հերոսներն են Վարդանի կողմնակիցները Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպում.
Կարդացեք նաև
1) Ատոմ Գնունի, Առաքել Զոհրակ
2) Արտակ Մոկաց, Ներշապուհ Արծրունի, Արտակ Ռշտունի
3) Կոդակ, Վարազդուխտ, Փառանձեմ
4) Համազասպ Մամիկոնյան, Շուշանիկ, Գադիշո Խորխոռունի:
Ա 48. Ձախ կողմում նշված են Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի հերոսները, իսկ աջում նրանց խոսքերը. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
ա. Վարդան Մամիկոնյան
բ. Գադիշո Խորխոռունի
գ. Մեծ տիկին
դ. Վասակ Սյունի
1. «Ուրեմն ես դավաճա՞ն եմ։ Հայրենիքի դավաճա՞ն»։
2. «Շապուհը դարձվորե՜լ շիրմից, գալիս է Հայոց աշխարհի արմա՜տը հանի»։
3. «Թագավորը մորթում է, ջարդում, ոչնչացնում, թագավորը ոտնատակ է տալիս մարդու ամեն ինչը՝ խիղճը, պատիվը, հպարտությունը, գութը… Իսկ դո՞ւ…»։
4. «Սատանան անգամ, եթե Հազկերտի թշնամին է, իմ բարեկամն է»։
1) ա- 4, բ- 3, գ- 2, դ- 1
2) ա- 2, բ- 3, գ- 4, դ- 1
3) ա- 4, բ- 1, գ- 2, դ- 3
4) ա- 4, բ- 2, գ- 1, դ- 3
Այսպիսի կամ նման բովանդակություն ունեն բոլոր թեստերը։
Միասնական քննությունների համար կազմված նման թեստերը ուսուցչին արդեն ստիպում են աշակերտներին նախապատրաստել դրանց եւ ոչ թե մտածել ընթերցասեր եւ բարձրաճաշակ ընթերցող դաստիարակելու մասին։
Նույնն են ստիպում ուսուցչին անել նաեւ Վ. Տերյանի ստեղծագործությունների համար կազմված թեստերը։ Ահա 2007-2009 թվականներին օգտագործվածների բովանդակությունը։
Ա 46. Ո՞ր բանաստեղծությամբ է ավարտվում Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքը.
1) «Գարնանամուտ»
2) «Աշնան երգ»
3) «Իջնում է գիշերն անգութ ու մթին»
4) «Հրաժեշտի գազել»:
Ա 43. Ո՞ր շարքում են միայն Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուները.
1) «Նոր տաղեր», «Մթնշաղի անուրջներ», «Կատվի դրախտ»
2) «Երկիր Նաիրի», «Ոսկի հեքիաթ», «Գիշեր եւ հուշեր»
3) «Մարդը ափի մեջ», «Ծիածան», «Տաղարան»
4) «Հեթանոս երգեր», «Եղիցի լույս», «Նորից քեզ հետ»:
Ա 47. Ժողովածուներից եւ շարքերից քանիսի՞ հեղինակն է Վահան Տերյանը.
«Մթնշաղի անուրջներ», «Գիշեր եւ հուշեր», «Երգեր եւ վերքեր», «Փշե պսակ», «Երկիր Նաիրի», «Ոսկի հեքիաթ», «Հացին երգը», «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Կատվի դրախտ», «Տաղարան», «Վերադարձ»։
1) հինգի
2) վեցի
3) յոթի
4) ութի
Ահա թե ինչ է պահանջվում ուսուցչից՝ Հ. Մաթեւոսյանի ստեղծագործություններին աշակերտական հաղորդակցումը կազմակերպելիս.
Ա 49. Որտե՞ղ է ծնվել Հրանտ Մաթեւոսյանը.
1) Դսեղում
2) Ահնիձորում
3) Ծմակուտում
4) Անտառամեջում
Ավ. Իսահակյանին վերաբերող թեստը գրականագիտական գիտելիք ունենալ է պահանջում՝ առանց ուշագրավ դարձնելու աշակերտական վերաբերմունքի վիճակը «Աբու-Լալա-Մահարի» ստեղծագործության նկատմամբ.
Ա 45. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա-Մահարին».
1) քնարական պոեմ
2) լեգենդ
3) էպիկական պոեմ
4) արձակ պոեմ:
Այս թեստերը ցույց են տալիս, որ դպրոցում ոչ թե գեղարվեստական գրականություն է դասավանդվում, այլ՝ գրականագիտության եւ գրականության ու գրականագիտության պատմության փշրանքներ։
Բացի այդ, թեստ կոչվածները սովորական հարցաշարեր են, որոնց պատասխանողը գիտե, թե ինչ են ուզում իմանալ ստուգողները։ Իրականում թեստը այնպես է կազմվում, որ ստուգվողը չիմանա, թե ինչ են ստուգելու։ Սովորաբար թեստը դիտարկվում է որպես միջոց՝ բացահայտելու համար օբյեկտի որոշակի հատկությունները։ Օրինակ, կան մարդուն լսել կարողանալու ունակությունը, ուսուցչի ագրեսիվությունը եւ նրա ապրումակցման մակարդակը ստուգող թեստեր, անձնավորության նվաճումները, նրա ինտելեկտի ուժը, ստեղծագործական կարողությունները եւ անձնային որակները բացահայտելու նպատակ հետապնդող թեստեր։
Գրականության համար կազմված միասնական քննության այս թեստերի կիրառման նպատակը մարդու հիշողության ստուգումն է։ Հիշո՞ւմ է, արդյոք, նա, թե ովքե՞ր են տվյալ ստեղծագործության գործող անձինք, ինչպե՞ս է կոչվում հեղինակի բանաստեղծությունների ժողովածուն, ո՞ր ժանրին է պատկանում տվյալ ստեղծագործությունը, որտե՞ղ է ծնվել բանաստեղծը, ովքե՞ր են գրել միջին հայերենով եւ այլն, եւ այլն։ Սա արդեն գեղարվեստական գրականությանը դպրոցական հաղորդակցման արդյունքի ստուգմանը չի վերաբերում։ Այստեղ առկա է գրականագիտության կամ գրականության պատմության իմացության ստուգում, որը հանրակրթական դպրոցի համար առաջին պլանի վրա չի դրվում։ Այսպես վարվել գրականության դասավանդման հետ՝ նշանակում է սպանել ընթերցասիրությունը։ Կարելի է այս թեստերի միագումարը համարել յուրահատուկ թեստ, որի միջոցով բացահայտվում է ՀՀ ԿԳՆ-ի ոչ համարժեք պատկերացումը գրականության դասավանդման նպատակների մասին, որ խիստ վնասաբեր է բոլորիս համար։ Այս թեստերը կարելի է դիտարկել նաեւ նման երեւույթի նկատմամբ Գրողների միության, Գրականության ինստիտուտի, բուհերի գրականության եւ գրականության դասավանդման մեթոդիկայի ամբիոնների եւ գրականություն դասավանդող հազարավոր ուսուցիչների վերաբերմունքի բացահայտման միջոց։ Երեք տարվա ընթացքում որեւէ մեկը չդժգոհեց նման վիճակից։ Բայց ահա դժգոհում են դպրոցում գրաբար չդասավանդելուց ու անգամ նախագահից պահանջում՝ ապահովել դրա դասավանդումը։
Ժամանակն է հատուկ քննարկման առարկա դարձնել նման թեստերի կառուցման եւ կիրառման պրակտիկան՝ նշված քննադատության լույսի տակ։ Ամենայն հավանականությամբ, գեղարվեստական գրականության դասավանդման արդյունավետությունը անհնար է ստուգել թեստերով։ Ավելի լավ է ընդհանրապես չստուգել, քան կիրառել թեստերը։
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ, մանկավարժագիտության դոկտոր