Պաշտպանական եւ մեղադրող ճառերը կլսվեն առաջիկայում
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արազ Բալագյոզյանի, Սարգիս Պետիկյանի եւ Վարազդատ Արմենակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա ապրիլի 6-ին Նորքում տուրիստական գործակալության վարորդ Վաղարշակ Ոսկանյանի սպանության գործով:
Երեկ դատական նիստը 15 րոպե ուշ սկսվեց, քանի որ ամբաստանյալ Վարազդատ Արմենակյանը, որի խափանման միջոցը ստորագրությունն է քաղաքից չբացակայելու մասին, գնացել էր բժշկի եւ ուշացել էր (նա հանգուցյալ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի որդին է): Դատավորը նրա ներկայանալուն պես զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում ավելի խիստ միջոցների կդիմի: Մինչ այդ ամբաստանյալի տեղը զբաղեցրեց նրա պաշտպանը՝ Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը:
Մեղադրողը դատարանին ներկայացրեց քրեական գործի 3 հատորներում տեղ գտած ապացույցները եւ միջնորդեց սահմանափակվել դրանցով: Ապացույցների մեջ էին տուժողներ Վաղարշակ Ոսկանյանի, Հայկ Մանուկյանի եւ Խաչատուր Ավետիսյանի (նրանք գտնվել են այն նույն մեքենայում, ուր Վաղարշակն էր) դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչված մեքենայի՝ ՎԱԶ 21-011-ի զննության արձանագրությունը, ամբաստանյալ Արազ Բալագյոզյանի խմածության մասին բժշկական տեղեկանքը: Ի դեպ, այս խմածության շուրջ էլ առարկեց վերջինիս պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Վարդան Սաֆարյանը: Նա միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվի փորձագետ Ֆրանգուլյանը, որպեսզի պարզաբանի, թե ինչ է նշանակում «խիստ հարբածության աստիճան» ասելով: «Հայտնի է, որ իմ պաշտպանյալը եղել է հարբած վիճակում: Սակայն փորձագետը «խիստ հարբածություն» անունն է տվել: Ի վիճակի՞ էր խիստ հարբած մարդը հանգուցյալի շղթան պոկել, հարվածել, երբ ոտքի վրա կանգնել չի կարողացել, վազել»,- հարցնում էր փաստաբանը: Դատարանն այս միջնորդությունը բավարարեց, չնայած մեղադրողն առարկեց՝ ռեպլիկի կարգով նկատելով, որ ապացույցների սահմանափակումից հետո իմաստ չուներ նման միջնորդությունը:
Հայտնի է, որ ամբաստանյալները եղել են ոգելից օգտագործած վիճակում, մինչդեռ վարորդը՝ Վաղարշակը, ոչ: Երեկ մեղադրողն ասաց, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հաստատվել է, որ Վաղարշակի գլխին հարվածել են ոտքերով եւ որ ցանկացած հարված մահվան ելքով կարող էր ավարտվել: Մեղադրողն անիմաստ համարեց այն հարցադրումները, որ չի պարզված, թե ում հարվածից է մահացել Վաղարշակը:
Քանի որ փորձագետն իրազեկված չէր դատակոչի մասին, հետեւաբար դատական նիստը հետաձգվեց:
Հ. Գ. Դատական նիստի ողջ ընթացքում անիմաստ ժպտում էր «Արազիկ» մականունով Նորքում հայտնի Բալագյոզյանը: Տեսնես ինչի՞ համար: Չէ՞ որ 2 մանկահասակ երեխաների հորը չի էլ ճանաչել եւ վերջինիս սպանել է «հենց այնպես»: