ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԻ ԴԵՄ՝ ՄԵՆԱԿ
Երեւանի Աջափնյակի 16-րդ թաղամասի 46 շենքի 1-ին բնակարանի բնակչուհի Գայանե Հակոբյանը դիմել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետին, հայտնելով, որ իրենց բնակարանը հեղեղվել է կոյուղաջրերով:
Կոյուղաջրերը վնասել են 1-ին հարկում գտնվող բնակարանը, ողջ գույքը, եւ տանտիրուհին իր 19-ամյա ուսանող աղջկա հետ հայտնվել է փողոցում:
Տուժած սեփականատերը, որը տառապում է բրոնխիտով, զանգել է համատիրության նախագահին, Աջափնյակի թաղապետարան, սակայն որեւէ մեկը չի այցելել բնակարանատիրոջը: «Այս պահին իմ բնակարան մտնելն անհնար է, պատերը ներծծված են գարշաջրերով, բորբոսով, իսկ պատուհանների բացակայության պատճառով զրկված է լուսավորությունից, օդափոխությունից»,- ասում է անելանելի վիճակում հայտնված կինը: Համատիրության կողմից դեռ երեկվա դրությամբ չէր ստեղծվել հանձնաժողով, չէր կազմվել ակտ, արձանագրություն՝ վնասի չափի վերաբերյալ: Ի դեպ, կոյուղին վնասվել է այն ժամանակ, երբ տանտերերը բացակայել են քաղաքից: