Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՆՈՒՀԱՅՐ. ՇԻՆՈՒՀԱՅՐ. ՇԵՆԵՐԻ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՅՐ

Օգոստոս 22,2009 00:00

Դավիթ-Բեկի ծննդավայրի մասին կարծես մոռացել են Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղը (Շնոհերք, Շնհեր, Շնհերու) հիմնադրվել է Քրիստոսի Ծննդից առաջ՝ բրոնզի դարում, Որոտանի կիրճում, գետի աջ ափին, հետո տեղափոխվել է գետի ձախ ափ: Գրավոր աղբյուրներում գյուղի մասին առաջին հիշատակումները կատարվել են 10-րդ դարում:

18-րդ դարի սկզբին գյուղի կենտրոնական եկեղեցում շինուհայրցի Դավիթ-Բեկը գումարել է ժողով, շրջակա գյուղերից հավաքել աշխարհազոր եւ սկսել ազատագրական պայքար պարսիկների դեմ:

Գյուղն ունեցել է եկեղեցուն կից ծխական դպրոց: 19-րդ դարի սկզբին գյուղի քահանան՝ տեր-Ստեփանը, Բաքվում բնակվող շինուհայրցիների հանգանակությամբ գյուղում հիմնել է 4-ամյա դպրոց, որը ղեկավարվել է Շուշիից: Այս տարի շինուհայրցիները պատրաստվում են նշել իրենց դպրոցի 555-ամյակը:

Որոտանի կիրճում ծվարած, ճանապարհների եւ այլ խնդիրներ ունեցող գյուղը 1964 թվականին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է վերեւի հարթավայր, ուր ավելի բարենպաստ պայմաններ կային զարգացման համար: Ժամանակին Շինուհայրը Սյունիքի ամենամեծ գյուղն էր, ուներ մոտ 1000 տնտեսություն: Այսօր գյուղում ապրում է մոտ 3000 մարդ՝ արտագաղթը իր տխուր հետքը թողել է նաեւ այս գյուղի վրա: Այստեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ եւ ամեն անգամ սերմը հողը գցելիս հույս փայփայում, որ տարին բարենպաստ կլինի: Ասում են, որ գյուղացիներին շատ հաճախ խանգարում է նաեւ մարդկային գործոնը. մի շարք իշխանավորներ այստեղ փոքր ՀԷԿ-եր են կառուցել, եւ արդյունքում գյուղացիները երբեմն ջրի խնդիր են ունենում:

\"\"
\"\"

Սա հին գյուղի 17-րդ դարի Պողոս-Պետրոս եկեղեցին է, որի կառուցման համար օգտագործվել են երկրաշարժից քանդված նախկին եկեղեցու քարերը: Եկեղեցին այսօր չի գործում:

\"\"

Նոր գյուղը եկեղեցի չունի, կա փոքրիկ մի մատուռ: Գուցե հենց եկեղեցու բացակայության պատճառով է, որ գյուղացիներից շատերը դարձել են Եհովայի վկաներ:

\"\"

Հին Շինուհայրում է գտնվում Կուսանաց անապատ կոչվող վանական համալիրը, որը խորհրդային տարիներին ծառայել է նույնիսկ որպես հիվանդանոց:

\"\"

Հին ու նոր Շինուհայրերը կապող ճանապարհին, ժայռերի վրա խորհրդային ագիտպրոպագանդայի հետքերն են:

\"\"

«Կեցցե՛ կոմունիստական կուսակցությու նը…», «Հնգամյակը չորս տարում…», այսպիսի հարյուրավոր լոզունգներ ու կոչեր են եղել, որից այս մեկը հասել մինչեւ մեր օրերը, մյուսները ջնջվել են քամուց ու անձրեւից կամ ժայռը՝ փլվելով, իր հետ տարել է նաեւ այդ կուսակցական գաղափարախոսության քարե կրողներին:

\"\"

Այս վիճակում են 21-րդ դարում Եվրոպային ինտեգրվող Հայաստանի շատ բնակավայրերի, այդ թվում՝ Շինուհայրի ճանապարհները, եւ, ինչպես 500 տարի առաջ, գյուղում էշն ու ձին են միակ ու հուսալի փոխադրամիջոցը:

\"\"

Հին Շինուհայրի «Խաչեր» գերեզմանոցում գտնվող այս սյունը կանգնեցվել է 1229 թվականին: Սյան վրա առկա է գրություն, որը, ըստ գյուղացիների, չի վերծանվել մինչ օրս: Հուշարձանը իր տեսակով եզակի է:

\"\"

Շինուհայրցի Սերյոժա Դանիելյանը ապրել է Բաքվում, իր ասելով՝ «մինիստրներ ման ածել»: 1988-ին վերադարձել, նորոգել է հին գյուղի պապենական տունը եւ ապրում է այնտեղ: Մենակ է, աղջիկները Ամերիկայում եւ Բելառուսում են: Սերյոժա Դանիելյանը հին Շինուհայրի միակ բնակիչն է եւ ոչ ոքից ոչինչ չպահանջելով, պեղում է գյուղի Խաչեր կոչվող գերեզմանոցն ու հողի տակից փրկում հին խաչքարերը: Նման մի խաչքարի վրա Սերյոժան իր նկարն է դաջել, իր գերեզմանաքարը պատրաստել: Սակայն չի շտապում կնքել իր մահկանացուն եւ հուսով է, որ շուտով կգտնի իր երկրորդ կեսին: Հին գյուղի միակ բնակիչը արբանյակային ալեհավաք ունի եւ բաց չի թողնում ռուսական հեռուստաընկերությունների «Արի ամուսնանանք», «Սպասիր ինձ» հաղորդումները: Գյուղի բնակիչները նրա տունը անվանում են «Բելիյ դոմ»: Սերյոժան միշտ հյուրեր ունի՝ հյուրընկալում է ոչ միայն գյուղի բնակիչներին, այլ նաեւ մոլորված զբոսաշրջիկներին:

\"\"

Սա Շինուհայրի Անսկեսուր թաղամասն է: Տաթեւի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ այստեղ բնակվել են շինարարները, իսկ ավարտից հետո՝ սկեսուրներից «անկախացած» ընտանիքները:

\"\"

1980-ականների վերջին Շինուհայրն ուներ բարեկարգ ակումբ, գործում էին կինոն, գեղարվեստական խմբակները եւ ողջ շրջանում հայտնի դիսկոտեկը: Այժմ շենքը անմխիթար վիճակում է:

\"\"

Հին Շինուհայրի գրեթե բոլոր տներն ավերակ են, իսկ բակերում թթենիներ են, որոնց պտուղը մեղրից էլ քաղցր է: Ավերակ ու անմարդաբնակ է նաեւ հարեւան հին Խոտ գյուղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել