Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԷԼ ՉԵՄ ՏԱ»

Օգոստոս 22,2009 00:00

Գեղարքունիքի մարզի Մարտունիի նախկին քաղաքապետի եղբոր աղջկա փեսան՝ Մնաց Շահումյանը, Մարտունիում իրեն տեր ու տիրական է զգում: Նման համոզմունք ունի օրերս «Առավոտին» դիմած Գետափնյա 49 հասցեի բնակիչ Օֆիկ Սարգսյանը: Նրա պատմելով՝ «իմ հողամասը նրա հողամասի հարեւանությամբ է գտնվում: Քանի որ ամուսինս ծանր հիվանդ էր, նրան բերեցի Երեւանի հիվանդանոց, երբ վերադարձա Մարտունի, տեսա, որ Մնացը կոտրել էր իմ ցանկապատն ու մտել իմ հողատարածք, 120 քմ-ն ապօրինի իրենով էր արել: Նա ինձ պատկանող հողատարածքում արդեն բալ ու ազնվամորի էր տնկել, կառուցապատում էր արել ու սկսել տնօրինել՝ ինչպես ուզում է»: Օ. Սարգսյանն այդ ժամանակ բազմիցս դիմել է Մարտունիի քաղաքապետարան, բայց քանի որ քաղաքապետը Մ. Շահումյանի հետ բարեկամական կապ է ունեցել, բնակչի խոսքերով՝ բոլոր դիմումներն անհայտացել են ու մնացել անարձագանք. «Մ. Շահումյանը, օգտվելով առիթից, որ ես տարեց, անպաշտպան կին եմ, երբ նրան խանգարում էի իմ տարածքում նոր տնկիներ դնել՝ ինձ նույնիսկ հարվածեց»:

Հողամասի խնդրի հետ կապված՝ կինը 2008-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատարանն էլ որոշել է գործն ուղարկել փորձաքննության՝ պարզելու, թե որքան է կազմում Օֆիկ Սարգսյանին պատկանող հողատարածքը եւ որքան տարածք ունի նրա հարեւանի՝ Մնաց Շահումյանի հողամասը: Օրերս՝ օգոստոսի 15-ին, փորձագետներն այդ տարածքում չափագրումներ են կատարել: Օ. Սարգսյանի ներկայացմամբ՝ «չափագրողները Մնացի հետ լեզու գտան, նա տարավ պատիվ տվեց ու կաշառեց: Չնայած դեռ չափագրման արդյունքները չեն հայտնել, բայց ես գիտեմ, որ իմ տարածքից 1.5 մետր պակաս են չափել: Դրա համար էլ ես այդ չափագրողների կազմած ակտի տակ չեմ ստորագրել»: Սակայն «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժորժ Ծատուրյանն «Առավոտին» պարզաբանեց, որ իրենց փորձագետներն այդ գործում թրծված մարդիկ են եւ հնարավոր չէ կաշառվեն. «Եթե նույնիսկ նրանց հաց ու պանիր էլ տան՝ նրանք չեն վերցնի: Մենք տիկին Օֆիկի խնդրին քաջածանոթ ենք: Կան մարդիկ, որ իրենց շողքին էլ են կասկածում. տիկին Օֆիկը պարզապես նման մարդ է»:

Մարտունու քաղաքապետարանից Օֆիկ Սարգսյանին փաստաթուղթ են տվել, ըստ որի, նրա տնամերձ հողամասի տարածքը կազմում է 810 քմ: Այդ տարածքի համար սեփականատերը տարեկան վճարել է 778 դրամ, իսկ Մնաց Շահումյանը վճարել է 538 դրամ՝ 560 քմ տարածքով հողամասի համար: Օֆիկ Սարգսյանի խոսքերով՝ «եթե փորձագետներն իմ ունեցած 810 քմ-ից պակաս չափած լինեն, ես, միեւնույն է, ոչ մի սանտիմետր անգամ չեմ զիջելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել