Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՐԻ ԽՆԴԻՐԸ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Օգոստոս 22,2009 00:00

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել է մարզում ջրային տնտեսության համակարգում արված ներդրումների ու կատարված աշխատանքների գնահատման հարցը ու պարզվել, որ խնդիրները շատ են: Ըստ մարզպետարանից ստացած տեղեկությունների, Ազատեկ համայնքի ոռոգելի ջրատարը, Շատին համայնքի դպրոցամերձ տարածքների ոռոգման ցանցը թերություններ ունեն: Ողջ աշխարհից շախմատիստների հյուրընկալած առողջարանային Ջերմուկ քաղաքի կոյուղին մաքրման կայան չունի եւ հարկ է կառուցել, Ելփին համայնքի փոքր ջրամբարում պետք է հակաֆիլտրացիոն աշխատանքներ իրականացնել: Շատին, Գետափ, Եղեգնաձոր, Մալիշկա, Նոր Ազնաբերդ, Գոմք համայնքների խմելու ջրի ներքին ցանցերը անմխիթար վիճակում են: Նորոգման կարիք են զգում նաեւ Հերհեր, Թառաթումբ եւ այլ համայնքների խմելու ջրի ներքին ցանցերը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը վայոցձորցիներին տեղեկացրել է, որ Շատին, Գետափ, Եղեգնաձոր, Մալիշկա համայնքների խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման աշխատանքների ֆինանսական հաշվարկները պատրաստ են եւ շուտով կհայտարարվեն մրցույթները:

Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին բողոքել է, թե քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո փողոցների ասֆալտային հատվածները բերված չեն նախկին տեսքին: Եվ ճանապարհային ոստիկանների աշխատանքը անձամբ կարգավորելու վարչապետի օրինակով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն է տեղում հանձնարարություններ տվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել