Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐՍՈՒՄ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄՈՎ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Մինչդեռ մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ այդ դեղամիջոցին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում

«Խնդրում եմ ինձ տեղեկություններ տրամադրեք «Արմենիկումի» մասին: Ես դրա կարիքը շատ ունեմ: Ինձ խիստ անհրաժեշտ է այդ դեղամիջոցը: Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայում «Արմենիկումը» գրանցված է, սակայն ես այն չեմ կարողանում գտնել: Ուկրաինայում «Արմենիկում» չկա…»,- Ուկրաինայից նման բովանդակությամբ նամակ էր ստացել «Առավոտի» խմբագրությունը: Նամակի հեղինակի՝ Միխայիլի ներկայացմամբ՝ լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հայկական դեղամիջոցի՝ «Արմենիկումի» մասին, սակայն որեւէ կերպ իրեն չի հաջողվում այդ դեղի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալ: «Առավոտին» ուղղած նամակով Միխայիլը հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս կարող են օտարերկրյա քաղաքացիները բուժում ստանալ Հայաստանում, ի՞նչ ազդեցություն է դեղը թողնում վարակակիրների վրա, արդյոք դեղամիջոցն օգտագործողներն ապաքինվո՞ւմ են եւ այլն: Նշենք, որ մոտ 10 տարի առաջ՝ «Արմենիկումի» կլինիկական փորձարկման շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացավ, սակայն որոշ ժամանակ անց հայերի հայտնագործության մասին մոռացվեց: Չնայած դրան, այսօր մեր երկրում գործում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնը, որտեղ այս պահին բուժում է ստանում 60 հիվանդ:

Երեկ «Առավոտը» «Արմենիկում» կլինիկայի պատասխանատուներից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ արտերկրում ավելի շատ են հետաքրքրված այս դեղամիջոցով, մինչդեռ Հայաստանում այն վստահություն ձեռք չի բերել: Մեր երկրի մի շարք վարակակիրներ գերադասում են արտերկրից ներկրվող հակառետրովիրուսային պրեպարատը:

Մեզ հետ զրույցում կլինիկայի գլխավոր բժիշկ Հարություն Իսրայելյանը վստահեցրեց, որ «Արմենիկումը» միանշանակ դրական ազդեցություն է թողնում հիվանդների վրա. «Քանի որ ՄԻԱՎ վարակակիրներն ունենում են նաեւ այլ վիրուսներ, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ «Արմենիկումը» ներարկելուց հետո դրական ազդեցություն է եղել ոչ միայն ՄԻԱՎԻ, նաեւ այլ ուղեկցող վարակների վրա: Այլ բան է, որ հարցնում են՝ լրիվ առողջանո՞ւմ են: Պետք է ասեմ, որ լրիվ առողջացում աշխարհի ոչ մի երկրում չկա ու ոչ մի նման պրեպարատ չկա: Ես չեմ ուզում առավելություն տալ այս կամ այն դեղին: Հակառետրովիրուսայինն էլ է լավը, «Արմենիկումն» էլ: Սակայն դա անհատական է: Երկուսն էլ էֆեկտ ունեն, նայած օրգանիզմ: Կան հիվանդներ, որոնց հակառետրովիրուսային է պետք: «Արմենիկումը» նաեւ կյանքի որակն է լավացնում: Մեզ մոտ հուսահատված հիվանդներ կային, որ տանը նստած դուրս չէին գալիս: Բուժման ընթացքում կյանք են վերադառնում, աշխատանքի են գնում, օրգանիզմը լրիվ թարմանում է, ավելի ակտիվ են սկսում ապրել: Ունեցել ենք հիվանդ, որը մասնագիտությամբ բժիշկ է եղել, հիմա նա էլ է վերադարձել աշխատանքի: Եղել են քաշը կորցրած, հյուծված, անաշխատունակ հիվանդներ, նրանց մեծ մասն այժմ կենսունակ է դարձել»:

Այն, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ավելի շատ տարածված է երիտասարդների շրջանում, հաստատեց նաեւ Հ. Իսրայելյանը. «Մեր հիվանդների մեծ մասը երիտասարդ են: Որովհետեւ այդ հիվանդության փոխանցումը կատարվում է թմրադեղերի միջոցով եւ սեռական ճանապարհով»:

Ի տարբերություն հակառետրովիրուսային պրեպարատի, որը հիվանդը ամեն օր պետք է ընդունի, «Արմենիկումի» ընդունումը, մասնագետի խոսքերով՝ ամեն օր չէ: «Հիվանդը 1 տարվա ընթացքում 4 ցիկլ է անցնում: Ներարկումներն արվում են օրումեջ, ինչի համար հիվանդը 1 շաբաթ պառկում է կլինիկայում: Հետո ընդմիջում ենք 2-3 շաբաթով: Երբեմն պատահում է՝ հաջորդ տարին կուրսը ընդունելու կարիք չի լինում»»,- վստահեցրեց Հ. Իսրայելյանը:

Մեզ հետ զրույցում «Արմենիկում» կլինիկայի գլխավոր տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով էլ՝ օտարերկրացիներն էլ կարող են բուժում ստանալ իրենց կլինիկայում, սակայն պետպատվերի շրջանակներում միայն ՀՀ քաղաքացիները կարող են բուժվել: Իսկ թե ինչո՞ւ «Արմենիկումի» մասին ուկրաինացիները տեղյակ չեն, այն դեպքում, երբ դեղը նաեւ այդ երկրում է գրանցված, պարոն Մելքոնյանն ասաց. «Դեղն արդեն Ուկրաինայի որոշ կլինիկաներում օգտագործվում է: Ես դժվարանում եմ ասել, կոնկրետ որ կլինիկաներում, բայց ի՞նչ է պատահել, ցանկացողները կարող են հանգիստ գալ Հայաստան, մեր կլինիկա»:

Արդյո՞ք ցանկացած ՄԻԱՎ վարակակիր կարող է «Արմենիկում» կլինիկայում բուժում ստանալ՝ մեր այս հարցին էլ գլխավոր բժիշկն ասաց. «Մենք ծանոթանում ենք հիվանդության պատմությանը, հիվանդի տվյալներին, հետո, եթե կարիք է լինում, անգամ հեռախոսով զրուցում ենք նրանց հետ: Այս հիվանդությունը տարբեր շրջաններ ունի, պետք է ճշտենք՝ այդ շրջանում ցուցվա՞ծ է բուժումը, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերը անհատական է ամեն հիվանդի համար»: Տնօրենը նշեց, որ դեղը գրանցված է նաեւ ՌԴ-ում, Զամբիայում, Կոնգոյում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել