Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրգործ Գյումրիի ոստիկանապետի դեմ

Օգոստոս 22,2009 00:00

Շիրակ Շահնազարյանին կպաշտոնազրկե՞ն

Ինչպես արդեն հայտնել ենք, վերջերս Գյումրիի ոստիկանապետը Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց իր կոլեգաներից մեկի աջակցությամբ խոչընդոտել էր «Շանթ» հեռուստաընկերության աշխատանքները՝ տարածքից կոպիտ ձեւով դուրս հրավիրելով լրագրողին ու օպերատորին ու թույլ չտալով նկարահանել առեւտրականների բողոքի ակցիան: Այս առիթով Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը օգոստոսի 19-ին բողոք էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Երեկ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես գրված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով այն քննարկման առարկա դարձնելու եւ մատնանշված հանգամանքները ստուգելու համար՝ նկատի ունենալով, որ հատուկ քննչական ծառայությունում քննվում է Գյումրիի ոստիկանապետի գործողությունների օրինականությունը վիճարկող մեկ այլ քաղաքացու՝ Գրիգոր Վարպետյանի ներկայացրած բողոքը»:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, քաղաքացի Վարպետյանը հուլիսի 24-ին գնացել է Շիրակ Շահնազարյանի մոտ իր որդուն ոստիկանություն հրավիրելու հանգամանքները պարզելու նպատակով: Սակայն, ըստ Վարպետյանի, ոստիկանապետը իր աշխատասենյակում անհիմն հարձակվել է Վարպետյանի վրա, հայհոյել, ձեռքերով, ոտքերով եւ ռետինե մահակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ այսպիսով մարմնական վնասվածքներ պատճառելով նրան: Այնուհետեւ նրան իջեցրել են հերթապահ մաս, ենթարկել անձնական խուզարկության եւ ժամանակավոր պահման խցերից մեկում ապօրինի պահել շուրջ 7 ժամ, որից հետո նրան ազատ են արձակել: Այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ քր. օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու առիթով: «Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, Վարպետյանի որդին երթեւեկության կանոնների խախտում է կատարել, ոստիկանապետն էլ նրան փնտրելով ու չգտնելով՝ որդու փոխարեն մի լավ դաս է տվել հորը: Հետաքրքիրն այն է, որ Գյումրիի ոստիկանապետը իր մեղքը չի ընդունում, նա հայտարարում է. «Ես ոչ մեկին չեմ ծեծել, ոչ մի նման դեպք չի եղել, առավոտից իրիկուն ես զբաղված եմ գողություններ ու հանցագործություններ բացահայտելով, իսկ լրագրողները չեն թողնում, որ նորմալ աշխատեմ»:

Տեղեկացնենք, որ վերջերս Գյումրիի ոստիկանապետը իր մեկ այլ «քաջագործությամբ» վնասել էր «ԱրմենՏելի» կաբելային բաժանորդներին: Անի թաղամասի «Պրեստիժ» վաճառատան դիմացի մայթին «օբյեկտ» կառուցելով՝ ոստիկանապետը անզգուշորեն կտրել էր հեռախոսային մալուխները՝ մոտ հարյուր բաժանորդների մեկ շաբաթ զրկելով հեռախոսակապից՝ «ԱրմենՏելին» էլ զգալի վնասներ պատճառելով: Իսկ թե այսքանից հետո ոստիկանապետին կազատե՞ն պաշտոնից, գյումրեցիները սրան հավատալ չեն կարող, քանի որ մի քանի տարի առաջ եւս պարոն Շահնազարյանի դեմ տարբեր քրեական գործեր հարուցվեցին ու կարճվեցին, իսկ արդյունքը եղավ այն, որ նա ժամանակավորապես հեռանալով իր աթոռից՝ այս տարի նորից կարողացավ վերադառնալ իր հին պաշտոնին՝ իհարկե, շարունակելով աշխատել իրեն «հոգեհարազատ» մեթոդներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել