Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԵՐ

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Դրանց անդրադառնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

Սարգիս Հացպանյանի գործը

ԼՂՀ ԱԺ-ի 1/3-րդը՝ 11 պատգամավորներ, որոնցից մեկը խորհրդարանի փոխնախագահն է, 5-ը նախագահներ, նաեւ ԼՂՀ զոհված ազատամարտիկների ծնողների միության նախագահը եւ արցախյան պատերազմի մի քանի վետերաններ օգոստոսի 7-ին դիմել էին Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ վկայելով, որ Սարգիս Հացպանյանը սկզբում «անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա՝ ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում»: Նրա քրեական գործում կա ԼՂՀ պաշտպանության բանակի տված վկայականը, թե Սարգիս Հացպանյանը լեյտենանտ է: Կա նաեւ տեղեկանք, որ նա ԼՂՀ ՊԲ կողմից հաշվառված զենք է ստացել: Արդյոք այս բոլոր փաստաթղթերը հավասարազո՞ր չեն մի տեղեկանքի, որ սուտ մատնության համար դատապարտված Սարգիս Հացպանյանն իրոք ազատամարտիկ է եղել, եւ նրա վրա պիտի տարածվի համաներումը: Մեր այս հարցին պատասխանելուց առաջ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ սուտ մատնության համար Հացպանյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելը շատ դաժան պատիժ էր. «Հայտնի է, որ ժամանակին մի քաղաքական գործչի նույնպես այդ մեղադրանքը ներկայացրին, բայց նրա ընդամենն այն պատճառաբանությունից հետո, թե սրճարանում էր լսել այդ մասին՝ հարցը լուծվեց»:

Համաներման մասին ԱԺ որոշման համաձայն՝ պատժի կրումից ազատվում են մասնավորապես մարտական գործողությունների մաuնակիցները եւ մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ մեղադրվողները: «Ֆորմալ առումով՝ Սարգիս Հացպանյանը մարտի 1-ի գործերով մեղադրվող չէ,- ասաց Ավետիք Իշխանյանը:- Բայց ինձ թվում է, որ նրա դատավճիռը սերտորեն կապված է Հացպանյանի ընդդիմադիր լինելու եւ այդ դեպքերին մասնակից լինելու հետ: Ինչ վերաբերում է որպես մարտական գործողությունների մասնակից համաներումը նրա նկատմամբ կիրառելուն՝ առաջին հայացքից արդարադատության նախարարությանը սկզբնական շրջանում չէր կարելի մեղադրել. սպասում էին տեղեկանքի կա՛մ Ղարաբաղի բանակից, կա՛մ Հայաստանի պաշտպանության նախարարությունից, որ Հացպանյանը մասնակցել է: Բայց երկու կողմից էլ եկավ մերժում: Չեմ կարծում, որ նրանք ստում են: Ղարաբաղի արխիվ ինքս եմ զանգահարել եւ համոզված եմ՝ նրանք իսկապես ցանկություն ունեին գտնել ու որեւէ բան չեն գտել: Բայց հարց է առաջանում՝ արդյոք մարտական գործողությունների բոլո՞ր մասնակիցներն են գրանցված այդ երկու գերատեսչություններում: Համոզված եմ, որ ո՛չ: Ես կարծում էի, որ այդ տեղեկանքները չստանալուց հետո նրանք պետք է անդրադառնային վկայություններին, թե նա մասնակցել է: Իսկ վկայությունները բազմաթիվ են՝ մահապարտների գումարտակից, տարբեր ազատամարտիկներից, եւ այո՛, ինչպես նշեցիք՝ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներից: Եվ այստեղ արդեն շատ կասկածելի է թվում, թե այս ամենից հետո ինչո՞ւ է հետաձգվում նրա նկատմամբ համաներում կիրառելը: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել՝ մեկը, որ արդարադատության նախարարությունում չեն կարողանում որոշում կայացնել, սպասում են ինչ-որ ցուցումի, իսկ այն չկա: Եվ երկրորդը, որ շատ ավելի հավանական է՝ այստեղ ինչ-որ իմաստով գործում է անձնական վրեժխնդրության հարցը»:

Ավետիք Իշխանյանը նաեւ հեգնեց, որ եթե չեն հավատում այդ բոլոր մարդկանց, որոնք վկայում են, թե Հացպանյանն իրոք ազատամարտիկ է՝ ստացվում է, որ այս բոլոր վկայությունները տվողներն է՞լ են սուտ մատնությամբ հանդես գալիս. «Կարո՞ղ են արդյոք այդքան մարդիկ, նաեւ պատգամավորներ՝ սուտ վկայություն տալ: Ես համոզված եմ, որ ո՛չ»:

Մարիամ Սուխուդյանի գործը

Օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին էլ առաջադրվեց սուտ մատնության մեղադրանք: Հիշեցնենք, որ նա ահազանգել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող վիճակի մասին (թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, վատ սնունդ, աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ): «Գիշերօթիկ հատուկ դպրոցները կիսափակ համակարգ են, եւ այդտեղ բավական խոցելի են երեխաները,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:- Ճշմարիտ պատկեր ստանալը բավական բարդ է՝ երեխաներն անընդհատ ուսուցիչների հսկողության տակ են, եւ եթե որեւէ բան ասեն, ապա կարող է նրանց նկատմամբ հետագայում ավելի վատ վերաբերմունք լինել: Իսկ որ նրանց նկատմամբ լինում է վատ վերաբերմունք՝ համոզված եմ: Տվյալ դեպքում՝ Մարիամը բացահայտել է շատ կարեւոր հարց, ու համոզված եմ, որ նա ճիշտ է: Ճանաչելով Մարիամին, իմանալով նրա գործունեությունը՝ վստահ եմ, որ նա հենց այնպես, առանց հիմնավոր փաստերի նման բաներ չէր ասի»: Հարցին, թե իրեն հավատ ներշնչո՞ւմ են ոստիկանության հաղորդագրության մեջ արտացոլված ցուցմունքները, թե իբր Մարիամ Սուխուդյանի ուղղորդմամբ է պատրաստվել ոտնձգության զոհ դարձած աղջկա հարցազրույցը՝ պրն Իշխանյանը պատասխանեց. «Ո՛չ, հավատ չի ներշնչում: Եվ ես համոզված եմ, որ այդ գործի մասին հրապարակումից հետո այդ երեխաների նկատմամբ ուժեղ ճնշումներ են եղել, որ նրանք հրաժարվեն իրենց ասածներից: Այս գործը ստացել էր բավական մեծ հնչեղություն՝ տեսանյութը ցուցադրվել էր նաեւ «Հ1»-ով, ուստի իշխանությունները չէին կարող ընդամենն ասել, թե չի համապատասխանում իրականությանը: Ուստի եւ գործը շուռ տվեցին Մարիամի դեմ»:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության կապակցությամբ, թե Մարիամ Սուխուդյանը գիշերօթիկ դպրոցի մասին «տարածել է կեղծ տեղեկատվություն», քանի որ դպրոցի տնօրենը հրաժարվել է ՄԱԿ-ի ֆինանսավորած ծրագրի իրականացման համար նախատեսված ու դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել ու տրամադրել իրեն՝ ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար, Ավետիք Իշխանյանն ասաց. «Միանգամից հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ ցուցմունքների հիման վրա են նրանք պարզել, որ Մարիամն իբր ցանկացել է վերցնել այդ փողը: Տնօրենի՛, որն անկախ նրանից՝ մասնակից է եղել այդ ամենին, թե ոչ, բայց եթե իր ուսուցիչների նկատմամբ այդպիսի մեղադրանք կա՝ դա միանգամից անդրադառնում է տնօրենի վրա: Եվ բնականաբար՝ նա պիտի իր դպրոցի պատիվը պաշտպաներ: Ստացվում է, որ էլի մի հոգու ցուցմունքով են առաջնորդվում, որը շահագրգիռ անձ է»:

Մեր հարցին, թե, իր կարծիքով, արդյոք դատական հեռանկար ունի՞ Մարիամ Սուխուդյանին առաջադրված սուտ մատնության մեղադրանքը, թե՞ էլի համաներում կկիրառվի՝ իրավապաշտպանն ասաց. «Չեմ ուզում այժմ խոսել համաներման կիրառման մասին, քանի որ չեմ ուզում հավատալ, թե գործը կհասնի մինչեւ դատավարություն եւ նրա նկատմամբ կկայացվի դատավճիռ: Ես հուսով եմ՝ հասարակությունը թույլ չի տա, որ շարունակվի Մարիամի նկատմամբ հարուցված գործը: Ընդհանրապես՝ ցանկացած դեպքում, այդ թվում նաեւ՝ քաղաքական, որեւէ ձեւով չի արդարացվում գործ սարքելը: Բայց եթե ինչ-որ տեղ «բացատրելի» է քաղաքական պատճառներով գործ սարքելը, քանի որ իշխանության հարց է՝ տվյալ դեպքում հասարակական ազնվագույն գործչի, որը մտածում է Հայաստանի բնապահպանական հարցերի, երեխաների իրավունքների մասին, նկատմամբ այսպիսի շինծու գործ սարքելը հասարակությունը ո՛չ մի դեպքում չպիտի թույլ տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել