Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամփոփվի՛ր, փաստահավաք

Օգոստոս 22,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանն ընդառաջ հայտարարություն է տարածել: Ըստ այդմ, 2008 թ. մարտի 1-ին «սեփական ժողովրդի դեմ վարչախմբի հանցագործությանը՝ խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին, հետեւեց Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը», որը դիտարկվեց որպես առանցքային հարց Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: «Վարչախումբը ձեւականորեն տեղի տվեց այդ պահանջին՝ ստեղծելով Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր մի հանձնաժողով։ Ի սկզբանե, սակայն, դատելով հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից ու կազմից, ակնհայտ էր, որ այն ընդամենը հիշյալ պահանջի կատարման իմիտացիա էր եւ ոչ ավելին»։ Կոնգրեսի համոզմամբ, իր պայքարի եւ պահանջների արդյունքում միջազգային կառույցների պարտադրմամբ ստեղծվել էր Փորձագետների փաստահավաք խումբը՝ արդեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների համամասնական ընդգրկմամբ։ ՀԱԿ-ը նաեւ արձանագրել է, որ չնայած իշխանությունների՝ Խմբի աշխատանքը վիժեցնելու փորձերին, ԱԺ հանձնաժողովն ստացել է վերջինիս ներկայացրած «աղաղակող բացահայտումներով եւ ապացուցված փաստերով հիմնավորված» 3 զեկույց, որոնք, սակայն, առ այսօր հրապարակային եւ մանրակրկիտ քննարկման առարկա չի դարձրել։ «Ավելին, հանձնաժողովի անդամները, խախտելով անաչառության սկզբունքը, մինչեւ վերջնական եզրակացության հրապարակումը արդեն հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով եւ որակումներով, որոնք սպասարկում են իշխանության պաշտոնական վարկածները: Հանձնաժողովի նման կեցվածքը եւս մեկ ապացույց է այն իրողության, որ այն իրականում մարտի 1-ին կատարված հանցագործությունների պարտակման եւ կոծկման հանձնաժողով է, որի միակ նպատակն է գործող ավազակախմբի սպասարկումը եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության նորմերի հարյուրավոր ոտնահարումներն արդարացնելու պատվերի իրականացումը։

Ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը իրենց այս ստորացուցիչ դերակատարությամբ, ըստ էության, վերջնականապես եւ ամբողջովին դառնում են Մարտի 1-ի ոճրագործության մեղսակից եւ հավասարապես պատասխանատու: Նման պայմաններում ՀԱԿ-ը կոչ է անում Փաստահավաք խմբին շարունակել իր փաստահավաք գործունեությունը, քանի որ այսօր, իր երեք զեկույցների հրապարակումից հետո, այն հաստատվել է որպես իրողությունների եւ ճշմարտության բացահայտման միակ ատյան, վայելում է մեր հասարակության, նաեւ միջազգային հանրության վստահությունը։ Մենք նաեւ կոչ ենք անում Փաստահավաք խմբին, բացի առանձին դրվագներով ու ասպեկտներով զեկույցներից, հանդես գալ վերջնական ամփոփիչ զեկույցով»։

Խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե դա իրատեսական չէ, եւ որ Փաստահավաք խումբը ամփոփիչ փաստաթուղթ չի ձեւակերպի երբեք. «Ես համոզված եմ, որ փաստահավաք խումբը ի վիճակի չէր ի սկզբանե եւ այսօր էլ ի վիճակի չէ ընդհանուր որոշակի զեկույց պատրաստել: Մի բան է՝ նյութեր հավաքել, եւ մեկ այլ բան է՝ գնահատականներ տալ եւ զեկույց նախապատրաստել: Տալ գնահատական, նշանակում է ղեկավարվել արդեն որոշակի շահերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել