Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ դերը շարունակում է անշեղորե՜ն բարձրանալ

Օգոստոս 22,2009 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով՝ նոր սահմանափակումներ են նախատեսվել խորհրդարանական լրագրողների աշխատանքի համար:

ԱԺ աշնանային նստաշրջանների համար հավատարմագրումը, անցած տարիներին հաստատված ավանդույթի համաձայն՝ սկսվում էր արդեն օգոստոսի 1-ից: Այս անգամ այդ ավանդույթը խախտվեց, եւ պատճառը պարզ դարձավ երեկ երեկոյան, երբ ի վերջո ազդարարվեց հավատարմագրում սկսելու մասին: Պարզվում է, որ այս ընթացքում մշակվել է մի փաստաթուղթ՝ ԱԺ նախագահի որոշմամբ հաստատված՝ «Խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգ», որը Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հենց երեկ: Այս որոշմամբ բավական սահմանափակումներ են սահմանվել ԱԺ աշխատանքը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների համար:

ԱԺ նախագահի որոշման 10-րդ կետի համաձայն՝ «Հավատարմագրվել կարող են ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող թերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի, օրական 800 եւ ավելի այցելու ունեցող ու շաբաթը մեկ թարմացվող ցանցային լրատվության միջոցների» լրագրողները: Սա առնվազն տպագիր ԶԼՄ-ների համար անիմաստ սահմանափակում է՝ Հայաստանում շատ քիչ են թերթերը, որոնք նշում են իրենց իրական տպաքանակը, իսկ մեծամասնությունը դրանք ներկայացնում է ուռճացված թվերով: Հիշեցնենք նաեւ, որ հավատարմագրումը ԶԼՄ-ի տպաքանակով պայմանավորելու փորձ արել է ժամանակին մեկ էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայությունը: Սակայն նման սահմանափակումն օրենսդրական հիմք չուներ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա:

ԱԺ աշխատանքն այսուհետ չեն կարող լուսաբանել, ասենք, Գյումրիի «Գալա-TV»-ի լրագրողները: Եվ ընդհանրապես՝ Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, մանկապատանեկան եւ մարզական պարբերականների լրագրողները որոշման 11-րդ կետի համաձայն՝ հավատարմագրվել չեն կարող: Սա այն պայմաններում, երբ ԱԺ օրակարգում, որպես կանոն, լինում են ե՛ւ մարզերին, ե՛ւ սպորտին, ե՛ւ երեխաներին վերաբերող օրինագծեր:

Այս որոշման ամենավտանգավոր կետերից մեկը, մեր կարծիքով՝ 18-րդն է, որը վերաբերում է լրագրողի հավատարմագրման վաղաժամկետ դադարեցմանը: Սրա «գ» ենթակետի համաձայն՝ լրագրողը կզրկվի հավատարմագրից, եթե «նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մաuին այնպիuի տեղեկություններ, որոնք չեն համապատաuխանում իրականությանը, ինչը հաuտատվել է դատարանի վճռով»: Ավելի՛ն՝ այս սահմանափակումը կտարածվի նաեւ այն ԶԼՄ-ի վրա, որը ներկայացնում է լրագրողը, քանի որ այդ դեպքում «Լրատվական գործունեություն իրականացնողը զրկվում է այլ լրագրող հավատարմագրելու իրավունքից»: Մենք կփորձենք պարզել, թե արդյոք նման կանոնների նախադեպեր կա՞ն միջազգային պրակտիկայում:

ԱԺ նախագահի որոշման 18-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրից, եթե խախտել է մասնավորապես «Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոնների կամ սույն կարգի պահանջները»: Անգամ ինձ, որ ՀՀ խորհրդարանի աշխատանքը լուսաբանել եմ իր բոլոր գումարումների ընթացքում՝ 1992-ից սկսած, հայտնի չէ, թե աշխատակարգի այդ ի՞նչ կանոններ են. գուցե խոսքը հագուստի՞ մասին է, իսկ գուցեեւ, նորաձեւ տերմինով, քաղաքական զսպվածությա՞ն: Առավել էական ու կարեւոր է հարցը, թե ինչո՞ւ պետք է լրագրողները հավասարեցվեն ԱԺ աշխատակիցներին եւ գործեն նրանց համար սահմանված կանոններով:

Եվ շա՜տ լայն մեկնաբանության տեղիք է տալիս այս կարգի 23-րդ կետի «ա» ենթակետը, ըստ որի՝ հավատարմագրված լրագրողը պարտավոր է «մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»: Այստեղ դարձյալ հիշեցնենք այն ենթակետը, ըստ որի՝ հավատարմագրից կարող են զրկվել սույն կարգի պահանջները խախտողները: Ըստ այդմ՝ մե՜ծ հնարավորություն է ստեղծվում հավատարմագրից զրկելու ԱԺ հասցեին քննադատությամբ ու սուր գնահատականներով հանդես եկած լրագրողներին:

Թերեւս սա՞ է համարվել ԱԺ դերը բարձրացնելու ճանապարհը. նախատեսել սահմանափակումներ, որոնց շնորհիվ՝ եթե ցանկանում ես պահպանել հավատարմագիրդ, խորհրդարանի մասին պիտի գրես միայն լավ լուրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել