Թեեւ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, ակնկալել, որ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցը կլինի այն, ինչ սպասում է հասարակությունը՝ ռեալ չէ:
– «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե «արտախորհրդարանական ընդդիմությունն ու նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է ձգտեն մասնակցել հանձնաժողովի գոնե եզրափակիչ աշխատանքներին»՝ հանձնաժողովում նաեւ իրենց տեսակետները քննարկման առարկա դարձնելու եւ դրանք «առանձին դեպքերում՝ նաեւ եզրակացության մեջ արտացոլելու համար»:
Հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» ընդունի այս առաջարկը:
– Կարծում եմ, արդեն ուշ է դրա մասին խոսել, որովհետեւ ժամանակավոր հանձնաժողովը, ըստ էության, արդեն զեկույցի եզրակացությունն է պատրաստում: Դրա մասին արդեն ասվել է: Մյուս կողմից, հենց այնպես չէր, որ «Ժառանգությունը» ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցեց: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ այդ հանձնաժողովում որոշումների ընդունման կարգը, խնդիրների ծավալը, որոնք ներկայացված էին հանձնաժողովի ձեւավորման մասին որոշման նախագծում, ամբողջովին չէին կարողանալու ապահովել արդյունավետ աշխատանք, ինչը եւ ապացուցվեց: Դա էր նաեւ պատճառներից մեկը, որ Փաստահավաք խումբ ստեղծվեց: Խումբն արդեն բավականին նյութեր փոխանցել է հանձնաժողովին, եւ անհրաժեշտ է, որպեսզի դրանք անպայման ուսումնասիրվեն, առավել եւս, որ այնտեղ ոչ թե վերլուծություններ կամ անձնական տեսակետներ, այլ ընդամենը եւ զուտ փաստեր են շարադրված: Այնպես պետք է արվի, որպեսզի այդ փաստերը հնարավորինս արտացոլված լինեն «Մարտի 1»-ի հանձնաժողովում: Այդուհանդերձ, եթե հանձնաժողովը շարունակի աշխատել, եւ եթե մենք անգամ համաձայնենք նրա հետ համագործակցել, ու Խմբի ներկայացրած փաստերը դարձյալ չներառվեն հանձնաժողովի եզրակացության մեջ, ապա դա եւս կլինի այդ հանձնաժողովի ձեւավորման հիմունքների եւ աշխատակարգի արդյունքը:
– Այսինքն՝ «Ժառանգության» կողմից ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշումն արդարացվա՞ծ էր:
– Այն համոզումը, որ կար՝ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, արդեն ապացուցված է փաստերով: Իսկապես, հանձնաժողովը որեւէ մեծ բացահայտում չարեց: Իրենք էլ են ասում, որ հանձնաժողովին չի հաջողվել լույս սփռել եւ ոչ մի սպանության հանգամանքի վրա: Այլ էր Փաստահավաք խումբը, որտեղ ընդդիմադիր անդամներ կային: Խումբը, ի տարբերություն հանձնաժողովի, «Մարտի 1»-ի իրական բացահայտման ուղղությամբ բավականին արդյունավետ աշխատեց, որի պատճառով եւ լուծարվեց, որպեսզի շատ ավելի մեծ տեղեկատվություն նրան հասանելի չլինի: Փաստահավաքի զեկույցներից հասկանալի է, որ նա արդեն բարձրաստիճան ղեկավարներին պետք է Խումբ հրավիրեր: Այսինքն՝ փաստերն ապացուցեցին, որ մենք ճիշտ էինք՝ հանձնաժողովը իր խնդիրների ծավալով, որոշումների ընդունման իր ձեւաչափով չի կարող արդյունավետ գործել: Դրա արդյունքում է նաեւ, որ հասարակությունը առավել մեծ վստահություն տածեց Փաստահավաք խմբի աշխատանքների նկատմամբ, որովհետեւ այնտեղ ընդգրկված էին նաեւ ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները, այլ էր նաեւ ձեւաչափն ու աշխատակարգը: Սկզբնական շրջանում, կարծում եմ, նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը որոշակիորեն դրական դեր էր կատարում: Բայց հետագայում, ցավոք, այդ դերակատարումը բացասական հուն ուղղվեց:
– Միգուցե ժամանակավրեպ է այս հարցադրումը, բայց, այնուամենայնիվ, դուք ինքներդ նշեցիք, որ Փաստահավաքում երկու ընդդիմադիր անդամների առկայությունը փոխեց իրերի վիճակը: Միգուցե, եթե հենց սկզբից համաձայնեիք աշխատել Նիկոյանի հանձնաժողովում՝ իրավիճակն այստե՞ղ էլ այլ լիներ, եւ դուք կարողանայիք ազդեցություն ունենալ նաեւ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության ու նաեւ զեկույցի վրա:
– Ոչ, որովհետեւ հանձնաժողովում իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հավասարակշռություն չկար, ի սկզբանե պարզ էր, որ որոշումները ընդունվելու էին մեծամասնության կողմից, իսկ մեր կողմից առաջարկը՝ որոշումները կոնսենսուսով ընդունելու մասին, ԱԺ կողմից աջակցություն չստացավ: Իսկ դա հանգելու էր նրան, որ եթե ընդդիմության կողմից փաստեր ներկայացվեին, հավանականությունը, որ դրանք կանտեսվեին, շատ մեծ էր: Հենց Փաստահավաքի փորձն էլ ցույց տվեց, որ երբ այնտեղ հավասարակշռությունը խախտվեց, Խումբը լուծարվեց: Քանի դեռ ՄԻ պաշտպանի ներկայացուցիչը Խմբի աշխատանքները համակարգում էր այնպես, ինչպես նախագահի կարգադրությունն ու մարդկային խիղճն էր պահանջում, ու հանձնաժողովում էլ հավասարակշռություն կար, այնտեղ աշխատել հաջողվում էր, ինչի արդյունքում էլ մեծածավալ նյութեր ունեցանք, չնայած որ շատ խոչընդոտներ էլ կային:
– ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 14-17-ի ընթացքում ներկայացնելու է իր զեկույցը, մինչդեռ այս հանձնաժողովին փաստերով ներարկելու առաքելություն ունեցող Փաստահավաքի կողմից տրամադրված նյութերն ու հրապարակված 3 զեկույցները հանձնաժողովի անդամների կողմից դեռ լիարժեք չեն ուսումնասիրվել, ուսումնասիրվածներն էլ նրանք «հալած յուղի տեղ չեն ընդունելու»: Ավելին, Նիկոյանի ասելով, Փաստահավաքի նյութերը զեկույցում մասամբ են արտացոլվելու: Ի՞նչ եք կարծում, այս պայմաններում հանձնաժողովի հրապարակելիք զեկույցը որքանո՞վ արդյունավետ եւ օբյեկտիվ կարող է լինել:
– Ես չէի ցանկանա ժամանակից առաջ ընկնել եւ գնահատական տալ դեռ չհրապարակված զեկույցին, եզրակացությանը: Սպասենք պարոն Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի եզրակացությանը, որից հետո կտանք մեր գնահատականը: Թեեւ, եթե անկեղծորեն ասեմ, ես այնքան էլ դրական սպասումներ չունեմ այդ եզրակացությունից: Մի քանի ամիս հանձնաժողովն աշխատում էր բավական ակտիվ: Եթե իրական ցանկություն կար ինչ-որ բաներ բացահայտելու, կարծում եմ՝ նա շատ ավելի վաղ դա կարող էր անել, մանավանդ, որ հանձնաժողովի ձեւավորման պահին տեղի ունեցած դեպքերը եւ դրանց հանգամանքները դեռեւս թարմ էին, եւ այդ բացահայտումը արագ կարող էր լինել: Ցավում եմ, բայց Փաստահավաք խումբը, որը հանձնաժողովից ընդամենը 8 ամիս հետո ձեւավորվեց եւ շատ կարճ ժամանակահատված աշխատեց, ցույց տվեց, որ արդյունավետության տեսանկյունից մի քանի անգամ ավելի լավ է աշխատել, քան հանձնաժողովը: Հիմա սպասել, որ հանձնաժողովի եզրակացությունը կլինի այն, ինչին սպասում են ոչ թե ընդդիմադիր ուժերը, այլ հասարակությունը, այդքան էլ ռեալ չէ: